21.10.2017 10:30

Եվրոպական առաջատար լիգաների գործող չեմպիոնների անկումը մրցաշրջանի մեկնարկում

Եվրոպական առաջատար լիգաների գործող չեմպիոնների անկումը մրցաշրջանի մեկնարկում

Ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ լավ չի դասավորվում եվրոպական առաջատար առաջնությունների գործող չեմպիոնների համար: Տարօրինակ զուգադիպություն է, բայց ներկա պահին, համաձայն ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, եվրոպական ութ առաջատար առաջնությունների գործող չեմպիոններից ոչ մեկը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում չէ։ Ո՛չ «Յուվենտուսը», որ վեց տարի անընդմեջ հավասարը չունի Իտալիայում, ո՛չ «Չելսին»՝ անցած տարվա Կոնտեի գլխավորած անկասելի թիմը, ո՛չ Մադրիդի «Ռեալը», որն Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում առանց լուրջ դժվարությունների հաղթեց «Բարսելոնային»։ Գործող չեմպիոնին առաջին հորիզոնականում տեսնելու համար պետք է հասնել Ուկրաինա, որն 9-րդն է ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Բելգիայից և Պորտուգալիայից հետո։

 

Ո՛չ «Բավարիան», ո՛չ «Յուվենտուսը», ո՛չ «Ռեալ Մադրիդը». Թիմեր, որոնք թղթի վրա ամեն ինչ ունեն մրցակիցներից առաջ անցնելու համար։ Չեմպիոնների լիգայի անցած խաղարկության եզրափակչի երկու մասնակից և մեկ թիմ, որն առաջին հայացքից նման վիճակում չպետք է հայտնվեր: Մյունխենյան ակումբն իրականում ընդամենն երկու միավորով է հետ մնում առաջատար Դորտմունդի «Բորուսիայից», բայց ընթացիկ մրցաշրջանի սարսափելի մեկնարկը և ջախջախիչ պարտությունը ֆրանսիական «ՊՍԺ»-ից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հանգեցրին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի պաշտոնանկությանը և Յուպ Հայնկեսի ու նրա երկաթյա օրենքների վերադարձին։ «Յուվենտուսը» մրցաշրջանը սկսեց առանց Լեոնարդո Բոնուչիի, որը տեղափոխվեց «Միլան»: Իտալիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին», որն ընթանում է չեմպիոնական գրաֆիկով և դեռ միավոր չի կորցրել: Նեապոլցիները 5 միավորով գերազանցում են Մաքս Ալեգրիի գլխավորած թիմին: Լավ թափ է հավաքել ու միավորներ է վաստակում նաև միլանյան «Ինտերը»։ Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», ապա Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Բարսելոնային» տապալելուց հետո,  միայն երկու միավոր է վաստակել «Վալենսիայի», «Լևանտեի» ու «Բետիսի» հետ խաղերում։ Ներկա պահին մադրիդցիները հետապնդողի դերքում են, մրցաշարային աղյուսակում միավորներով զիջում են ինչպես «Բարսելոնային», այնպես էլ «Վալենսիային»։

Անակնկալ անկումներ։ Ընթացիկ մրցաշրջանի մեկնարը լավ չի դասավորվում նաև Անգլիայի ու Ֆրանսիայի գործող չեմպիոնների համար։ Եթե առաջնությունն այսօր ավարտվեր, ապա Անտոնիո Կոնտեի գլխավորած «Չելսին» դուրս կմնար ու իրավունք չէր ստանա մասնակցելու Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությանը։ «Ազնվականները» ներկա պահին հինգերորդն են ու մրցաշարային աղյուսակում հետ են մնում մանչեսթերյան թիմերից, «Տոտենհեմից» և «Ուոթֆորդից»։ Նվաճել են 13, մինչդեռ առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 22 միավոր։ «Մոնակոյի» պարագայում պատկերը մի փոքր այլ է, նրանցից ավելին ակնկալել մի փոքր դժվար է։ Ժարդիմի գլխավորած թիմը, որն անցած մրցաշրջանում բացահայտումն էր, անհավասար պայքարի մեջ է փարիզյան «ՊՍԺ»-ի հետ, որն արդեն վեց միավորով առաջ է պակովել մրցաշարային աղյուսակում։

Պորտուգալիա, Բելգիա, Ռուսաստան։ Պորտուգալիայում չորս տարի անընդմեջ չեմպիոն հռչակված «Բենֆիկան» միավորներ է կորցրել «Ռիո Ավեի», «Բոավիշտայի» և «Մարիտիմուի» հետ խաղերում։ Առջևում «Պորտուն» է, որն առաջ է ընթանում չեմպիոնական գրաֆիկով, իսկ թիկունքում «շնչում» է «Սպորտինգը»։ Համեմատաբար վատ են Մոսկվայի «Սպարտակի» գործերը, որը 8 միավորով հետ է մնում Ռոբերտո Մանչինիի գլխավորած «Զենիթից»: Բելգիայի առաջնությունում անցած տարի չեմպիոնի կոչումը նվաճեց «Անդերլեխտը»։ Ներկա պահին առաջատարը «Բրյուգեն» է, որը չեմպիոնից առաջ է 9 միավորով։

  • ԻՏԱԼԻԱ «Յուվենտուս», չորրորդը, 5 միավորով հետ է «Նապոլիից»
  • ԻՍՊԱՆԻԱ Մադրիդի «Ռեալ», երրորդը, 5 միավորով հետ է «Բարսելոնայից»
  • ԱՆԳԼԻԱ «Չելսի», հինգերորդը, 9 միավորով հետ է «Մանչեսթեր Սիթիից»
  • ՖՐԱՆՍԻԱ «Մոնակո», երկրորդը, 6 միավորով հետ է «ՊՍԺ»-ից
  • ԳԵՐՄԱՆԻԱ «Բավարիա», երկրորդը, երկու միավորով հետ է «Բորուսիայից»
  • ՌՈՒՍԱՍՏԱՆ «Սպարտակ», հինգերորդը, 8 միավորով հետ է «Զենիթից»
  • ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ «Բենֆիկա», երրորդը, 5 միավորով հետ է մնում «Պորտուից»
  • ԲԵԼԳԻԱ «Անդերլեխտ», հինգերորդը, 9 միավորով հետ է մնում «Բրյուգեից»