22.10.2017 10:31

Խաղացողների դժգոհությունը և Կոնտեի խնդիրները

Խաղացողների դժգոհությունը և Կոնտեի խնդիրները

Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած առաջնության չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» համար ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը չի դասավորվում այնպես, ինչպես կցանկանար թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Շատերի կարծիքով «Ազնվականների» ներկայիս խնդիրներն ավելի խորն են և հարցը միայն ցույց տված ոչ բավարար արդյունքները չեն:

Իմ մեղքը։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 3:3 խաղաց Հռոմի «Ռոմայի» հետ, մինչդեռ խաղի ընթացքում երկու գնդակի առավելություն ուներ: Խաղի հետո անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարեց, որ ինքն է մեղավոր:Իտալացի մասնագետն իր վրա վերցրեց պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ փոխել է մարտավարությունն ու շփոթության մեջ գցել խաղացողներին։ Քայլը գովելի է, բայց մինչև վերջ չի համոզում: Կոնտեն սխալվել էր՝ Ռյուդիգերի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Քրիստենսենին։ Ռյուդիգերին ձեռք բերելու համար «Չելսին» բավականին մեծ գումար է ծախսել, սակայն ֆուտբոլիստը շատ քիչ խաղաժամանակ է ստանում:

Փոխարինումները։ Խաղի ընթացքում Կոնտեի կատարած փոփոխությունների ժամանակ պարզ երևում էր, որ ինչ-որ բան այն չէ: Դավիդ Լուիսը մի քանի անգամ փորձեց ժեստերով ցույց տալ, որ ցանկանում է մնալ խաղադաշտում, բայց իտալացին չցանկացավ ավելորդ ռիսկի գնալ: Բրազիլացին առողջական խնդիրներ ուներ, կարող էր խորացնել վնասվածքը։ Այդուամենյանիվ Լուիսը խաղադաշտից հեռացավ՝ հիասթափությունն ու զարմանքը դեմքին։ Ավելին, չողջունեց Կոնտեին և պահեստայինների նստարանին նստած խաղընկերներին, ինչպես հաճախ կարելի է տեսնել փոխարինումներից հետո։ Կառլո Կուդիչինին փորձեց նրա ձեռքը սեղմել, բայց Լուիսը զայրացած մտավ հանդերձարան։ Հարց․ նյարդայնացած էր վնասվածքի՞, թե՞ փոխարինման պատճառով։

Վարագույրի հետևում։ Երկու գոլի հեղինակ դարձած Ազարը նույնպես մռայլ էր փոխարինման պահին։ Չհայհոյեց, ավելորդ ժեստեր չարեց, բայց տպավորություն ստեղծվեց, որ չէր ցանկանում փոխարինվել։ Խաղի ավարտին մոտ տասը րոպե էր մնացել և շատ դեպքերում խաղացողները չեն դժգոհում, երբ նրանց փոխարինում են:  Երբ ֆուտբոլիստները չեն ենթարկվում տարրական կանոններին, սովորաբար երկու բացատրություն կա․ կա՛մ դժգոհ են, կա՛մ հասկացել են, որ մարզչին երկար ժամանակ չի մնացել ակումբում։ Բավականաչափ ապացույցներ չունենք որևէ մեկը հաստատելու համար, բայց «Չելսիմ» Անգլիայի պրեմիեր լիգայի ամենափոփոխական և անկանխատեսելի ակումբներից է։ Երբեմն անհավատալի բաներ են տեղի ունենում։ Երբեմն էլ փոթորկից հետո ամեն ինչ հանդարտվում է։

Վեճը Մոուրինյոյի հետ։ Երկու պարտություն և մեկ ոչ-ոքի վերջին երեք խաղում, իսկ Կոնտեն թվարկում է վնասվածք ստացած խաղացողներին։ Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոսել է մրցակից թիմերի մասին ու նշել, որ մյուս մարզիչները «լացում են»՝ խոսելով իրենց թիմերում վնասվածք ունեցող խաղացողների մասին: Կոնտեն փորձել է պաասխանել. «Եթե ինձ են ուղղված այդ խոսքերը, երբ խոսում է մարզիչների մասին, որոնք լաց են լինում իրենց խնդիրների համար, խորհուրդ կտամ իր գործով զբաղվի»։