22.10.2017 10:45

«Բավարիայի» գերմանական բուժումը

«Բավարիայի» գերմանական բուժումը

Մյունխենի «Բավարիան» գնալով թափ է հավաքում: Նորանշանակ գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ գերմանական գրանդն արդեն հասցրել է խփել 8 գոլ և բաց չթողնել ոչ մեկը: Նախ 5 անպատասխան գնդակ են ուղարկել «Ֆրայբուրգի» դարպասը, իսկ հետո 3:0 հաշվով հաղթել շոտլանդական «Սելթիկին»: Չնայած խաղամակարդակների տարբերությանը՝ շատերն են ընդգծում, որ «Բավարիայում» ինչ-որ բան փոխվել է դեպի դրականը: 

Գերմանացիները. «Սելթիկի» հետ խաղում Յուպ Հայկնեսը խաղադաշտ դուրս բերեց այն ֆուտբոլիստներին, որոնք օրեր առաջ ջախջախել էին «Ֆրայբուրգին»: Հենց սկզբից խաղացին Հումելսը, Բոատենգը, Ռոբեննը և Մյուլլերը։ Ընդհանուր հաշվով մեկնարկային կազմում վեց գերմանացի էր հայտավորված: Նրանց շարքին կարելի է դասել նար ավստրիացի Դավիդ Ալաբային, որն երկար ժամանակ արդեն Մյունխենում է: Խամես Ռոդրիգեսը դեռ պահեստայինների նստարանին է, խաղից դուրս էին մնացել նաև Վիդալն ու Տոլիսսոն։ «Բավարիայում» անցկացրած երեք տարվա ընթացքում նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային ամենաշատը քննադատում էին գերմանացիներին չվստահելու համար, մասնավորապես Բաստիան Շվայնշտայգերի հեռանալուց հետո։ Գվարդիոլային փոխարինած Կառլո Անչելոտտին նույն խնդրին բախվեց: Ակնհայտ էր, որ իտալացին ցանկանում է երիտասարդացնել թիմը, ավելի շատ խաղաժամանակ տալով Խամես Ռոդրիգեսին, ոչ թե Տոմաս Մյուլլերին։ Յուպ Հայնկեսի վերադարձից հետո կարծես պատկերը փոխվել է:  Արդյունքներն առայժմ արդարացնում են նրա որոշումը․ խաղաաժամանակ ստացած վեց գերմանացի խաղացողից երեքը գոլի հեղինակ դարձան։ Մյունխենյան թիմը մոտ երկու տարի Չեմպիոնների լիգայի խաղարկություններում երեք «գերմանական» գոլ չէր խփել։ Հայնկեսի կատարած աշխատանքը գոհացնում է նաև ակումբի ղեկավարներին:

Ռեկորդները։ «Սելթիկի» հետ խաղի օրը Յուպ Հայնկեսը 72 տարեկան 162 օրական էր: Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության ամենատարեց մասնագետն է: Փորձառու մարզիչը շոտլանադական թիմին հաղթելուց հետո հայտարարել է, որ դեռ աշխատելու տեղ ունեն: Արագությունն է պակասում։ Ներկա պահին կան թիմեր Եվրոպայում, որոնք, ըստ Հայնկեսի, գերազանցում են իրենց։ Յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել նաև Տոմաս Մյուլլերը, որը «Սելթիկի» դարպասը խփած գոլից հետո դարձել է առաջին գերմանացին, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում տասը մրցաշրջան անընդմեջ։