23.10.2017 15:19

Լիզա Ճաղարյան. «Մեր հայրենիք ազատ, անկախ», մեր հայերեն՝ թշվառ, անտեր

Լիզա Ճաղարյան. «Մեր հայրենիք ազատ, անկախ», մեր հայերեն՝ թշվառ, անտեր

Այդ տարիներին թատերասեր էի։ Չէ՛, թատերամոլ էի, եւ գուցե հենց դա է պատճառը, որ Հայաստանի պետական լեզվի նկատմամբ հասարակության քամահրանքի սկիզբը համարում եմ սովետական տարիների այն շրջանը (70-80-ականներ), երբ հայ թատրոնում գրական մասի վարիչների կարգավիճակը սկսեց նսեմանալ-նսեմանալ, եւ մի օր էլ տեսանք, որ նրանք ընդամենը թատրոնների գեղարվեստական ղեկավարների «խոսնակներն» են, ավելի որոշակի՝ իրենց շեֆերի գործունեությունը գովազդողները։

Իմ սերնդի թատերասերները կհաստատեն, որ եղել է այդպիսի մի շրջան, երբ թատրոնների գրական մասի վարիչները գրեթե նույնքան հայտնի ու ազդեցիկ էին թատերական աշխարհում, որքան՝ գեղարվեստական ղեկավարները կամ տվյալ բեմադրության ռեժիսորները։ Նրանք մասնակցում էին բոլոր փորձերին եւ շտկում դերասանների, նույնիսկ պիեսի հեղինակի բոլոր լեզվական, ոճական, հնչերանգային սխալներն ու վրիպումները։ Եվ այնքան մեծ էր նրանց հեղինակությունը, որ ցանկացած բեմական հսկայի կարող էին դիտողություն անել, եւ այդ պահին ոչ իրենց ծնկներն էին դողում, ոչ էլ այդ հսկաներն էին արտառոց համարում գրական մասի վարիչների «ամբարտավանությունը»։

Մի օր էլ արթնացանք ու տեսանք, որ այդ գրական մասի վարիչները ռուսախոս «շուստրիներ» են դարձել, որոնց պարտականությունն այլեւս բեմից հնչող գրագետ հայերենի ապահովումը չէր, այլ թատրոնի գեղարվեստական ղեկավարների կամ գլխավոր ռեժիսորների գովքն անելն ու նրանց մասին զանազան մանր-մունր գրքույկներ հրատարակելը։

Այսպես, թատրոն ներխուժեց կիսագրագիտությունը։

Նույնը՝ կինոյում։ Եթե անցած դարի մինչ 60-70-ականների ֆիլմերը դիտեք, ուշադրություն դարձրեք, թե ինչ հեղինակավոր անհատներ են եղել խմբագիրները։ Հիմա մանրադիտակով կգտնես որեւէ կինոռեժիսորի, որն զգա խմբագրի անհրաժեշտությունը։ Ինքը ե՛ւ խմբագիր է, ե՛ւ սցենարիստ է, ե՛ւ առհասարակ հանճար է։

Հետո ետ դառնանք ու փորփրենք անցած-գնացած մամուլը։

Բոլոր թերթերը պարտադիր ոճաբան ունեին։ Այս ոճաբանները պատահաբար թերթի խմբագրի դուռը բախած տառաճանաչներ չէին, այլ՝ բարձրակարգ լեզվի գիտակներ, որոնց գործը լրագրային լեզվի արժանապատվությունը պահպանելն էր։

Այո՛, այո՛, իսկեւիսկ՝ արժանապատվությունը։ Ինչու՞ է ոմանց թվում, որ իրենք արժանապատվություն ունեն, իսկ ազգապահպանության ամենամեծ ու առանցքային սյունը՝ ոչ։

Դե, սովետի տարիներին ռուսական դպրոցների առջեւ գոյացող անծայրածիր հերթերի մասին չեմ խոսում։ Սա մի ուրիշ անտանելի ցավ էր։   

Այսպես՝ կիսատ-պռատ հասանք Անկախ Հայաստան։

Կարծես, ամեն ինչ լավ էր։ Երկրի նախագահի խոսքն անթերի էր, խորհրդարանում հազվադեպ կլսեիր ժողովրդի ընտրյալին անհարիր ելույթ կամ ռեպլիկ, հեռուստատեսությունում եւ ռադիոյում լրագրողներին աշխատանքի ընդունելիս, նախեւառաջ, հաշվի էին առնում նրանց գրագիտության աստիճանը, եւ հետո միայն՝ թե որ աղջնակի շրթունքներն են ավելի ուռուցիկ, եւ որ «գեղանի» երիտասարդն է ավելի հաճախ հռհռում «անվախտ-բեվախտ»։

Զարհուրելի անկումն սկսվեց 1998-ի հայտնի հեղաշրջումից հետո, ու սրընթաց շարունակվում է գահավիժումը։ Մինչեւ ու՞ր է հասնելու, երեւակայելն անգամ սարսափելի է։

Միացնում ես հեռուստացույցը, որ որեւէ հաղորդում նայես ու լսես՝ զարհուրում ես։ Ուզում ես հայերեն թարգմանված ֆիլմ դիտել, հուսահատությունից սկսում ես գլուխդ խփել պատին ու հիշել երանելի այն շրջանը, երբ Հ1-ում ֆիլմերի գրագիտության պատասխանատուն Զավեն Բոյաջյանն էր։

Կայքերն ես բացում, որ լուր կարդաս՝ փշաքաղվում ես։

Եվ ամենահուսահատականն ահա՛ թե ինչն է. այս մարդիկ դպրոցի՛ց են դուրս գալիս հայերենի այսպիսի իմացությամբ, ավելի ճիշտ՝ չիմացությամբ։ Որովհետեւ սրանց ուսուցիչներն էլ են կիսագրագետ։ Որովհետեւ այս ուսուցիչներն էլ բուհերից են կիսագրագետ «գործուղվել» դպրոցներ։ Եվ ամենակարեւորը՝ մի կաթիլ անգամ չեն կասկածում, որ կիսագրագետ են։ Անհիմն ինքնավստահության, ինքնագոհության վարակը համաճարակի մակարդակի է հասել։ Որքան բթամիտ, այնքան ինքնավստահ եւ նույնքան հաջողակ։

...Տղաս առաջին դասարանում էր։ Գնացի, որ տուն տանեմ։ Այդ շրջանում պրակտիկանտներ կային դպրոցում։ Ապագա ուսուցիչներ, այսինքն։ Դպրոցում ասացին՝ պրակտիկանտը երեխաներին տարել է այգի, գնացեք ձեր երեխային այնտեղից վերցրեք։ Գնացի։ Սիրալիր բարեւեցի ապագա ուսուցչուհուն, սպասեցի, որ խոտերի մեջ խաղացող տղայիս կանչի։ Պրակտիկանտուհիս երեւի շատ էր ուզում զարմացնել ինձ իր գրագիտությամբ։ Թեքվեց երեխաներից մեկի կողմն ու ասաց. «Ծաղիկներին մի տրորիր, ծաղիկները գեղեցկություններ են»։ Ու հաղթական նայեց ինձ։ Իբր՝ ես քո թայը չեմ, է՛, հեսա ինըստուտն ավարտելու եմ, գամ ձեր երեխաներին կրթեմ։

Հենց այդ օրվանից սկսեցի վախենալ հայոց լեզվի համար ու մինչեւ հիմա վախենում եմ։

Երեւի այդ պրակտիկանտուհին հիմա վաստակավոր ուսուցչուհի է ու առնվազն երկու մեդալ է ստացել։