23.10.2017 17:26

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 4

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 4

Լույս է տեսել մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշագրությունը (Փանոս Թերլեմեզյան, «Կյանքիս հուշերը», հրատարակչությամբ «Թեքեյան» մշակութային միության, Երևան, 2017): Հուշերի բնագիրը հրատարակության է պատրաստել Երվանդ Տեր-Խաչատուրյանը, որը նաև գրքի առաջաբանի ու ծանոթագրությունների հեղինակն է:

Փանոս Թերլեմեզյանը, բացի մշակութային գործունեությունից, կյանքի տարբեր ժամանակահատվածներում ներգրավված է եղել նաև ազգային-հասարակական գործունեության մեջ: 1915թ. Պոլսից տեղափոխվել է Վան և մասնակցել է քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Որպես ինքնապաշտպանությունը համակարգող մարմնի անդամ` Փանոս Թերլեմեզյանը ականատեսի աչքերով իր հուշերում ներկայացրել է այդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ դրվագներ Դաշնակցության գործունեությունից:

iLur-ը ձեզ է ներկայացնում հատվածներ նկարչի հուշերից:

ՎՌԱՄՅԱՆ

Ընդհանրապես անհանգիստ էր դրսի կացությունը, ամենք իրենց կարողության չափով զինված սպասում էին խռովությանց։ Ես էլ նույն զգացումով տարված, հրացանս կողքիս, գորգի վրա թեք ընկած վերև հիշված նկարներն էի պատրաստում, երբ թյուրքական պառլամենտի դաշնակ անդամ Վռամյան էֆենդին սենյակս մտավ: Հարցրի, թե ինչ կա, ինչպես է կացությունը: Նա պատասխանեց, որ ամեն տեղ զինվորների խմբեր են ման գալիս հսկողության համար և ավելացրեց. «Մի բան ինձ համար որոշ է, որ թյուրքերը սաստիկ վախենում են մեզանից»: Հարցնում եմ, թե ինչ հիման վրա է ասում այդ խոսքը: Նա գրպանից մի հեռագիր է հանում ու կարդում: Այդ հեռագիրը Բաշկալեի սահմանագլխից տրված էր թյուրք բանակի կոմիսար, վերև հիշված Նաջի բեյի կողմից, որը կսպառնար մեր ծծկեր երեխաներին էլ մորթոտել տալ: Ես խորապես վրդովված ոտքի կանգնեցի և խնդրեցի, որ ասի այդ հեռագրի դրդապատճառը: Նա պատմեց Նաջի բեյի հետ Վանում կայացած ժողովի և իրենց խոստման մասին, որ Պարսկաստան մի ընկեր պիտի ուղարկեին համոզելու համար կամավորական բանակի հրամանատարին հետ կենալու թյուրքերին գրգռող իրենց գործունեությունից: Բայց հետո, ասաց, մենք չկատարեցինք մեր խոստումը, անօգուտ համարելով այն, որովհետև մեր կուսակցության Արևելյան բյուրոն է ձեռնարկած այդ գործին, հետևապես մենք համակերպում ենք: Բայց օրերս պարսկական սահմանն անցնող մի քյուրդ բռնվել է, որի քյազախկի օձիքում գտնված է եղել մի նամակ, որ մեր տղերքն են ուղարկել Պարսկաստանի կամավորների պետին, խնդրելով նրանց շուտով հասնել այստեղ: Ահա այդ բռնված նամակն է պատճառ այս հեռագրին: Նա նորից կրկնեց, եթե թյուրքերը մեզանից չվախենան, այս տեսակ ամբարտավան հեռագիր չեն տալիս։

 

Հարց եմ տալիս, թե Նաջին պարզ կերպով ասում է, որ ձեզ պիտի կոտորենք, էլ ինչպես թե վախենում է մեզանից: Նա, գրգռված, իր մյուս գրպանից դուրս է քաշում մի ուրիշ թուղթ, որի վրա գրված է մի ընդարձակ բողոքի հեռագիր ուղղված Թալաթ փաշային, Նաջի բեյի դեմ: Ես զայրացած գոռում եմ. «Ծո, հիմար, եթե դուք կարծում եք, որ Նաջի բեյ հակառակ Թալաթ փաշայի հրահանգներին է գործում, չարաչար սխալվում եք»: Նա բորբոքվելով ասաց. «Նախ Թալաթը մեր շատ մոտիկ ընկերն է, հետո ձեզ համար դժվար է հասկանալ քաղաքական խնդիրները», – առանց մնաք բարով ասելու դուռն ուժգնորեն վրա քաշելով հեռացավ:

Ես քարացա կանգնած տեղս, սիրտս ճմլվում էր: Նաջի բեյի հեռագրի այն նախադասությունը, թե ձեր ծծկեր երեխաներն էլ կմորթոտենք, հրաշեկ երկաթի պես խրված էր ուղեղումս, և ես սարսռում էի։ Պարզ էր, որ կոտորածի մղձավանջը մշուշից դուրս գալով հսկայական քայլերով մոտենում էր Հայ ժողովրդին։

Օսմանյան պառլամենտի մեպուսի հետ ունեցած խոսակցությունից չորս օր հետո, երբ ես տակավին շարունակում էի աշխատել գորգի նկարների վրա, նորից սենյակ մտավ Վռամյան էֆենդին ու նստեց աթոռի վրա: Ես մոտ տաս րոպե առանց գլուխս բարձրացնելու շարունակեցի իմ աշխատանքը, հետո վեր կացա տեղիցս ու հարցրի, ինչ կա, ինչու է եկել: Վռամյանը թախծոտ դեմքով ասաց. «Առաջ պատվիրիր ինձ բան տան ուտելու, քաղցած եմ, հետո եկա ասելու, որ դու հազար անգամ իրավունք ունես, ոչ թե դու, այլ մեր գյուղացիներն էլ մեզնից լավ են ճանաչում թյուրքերին: Թալաթ փաշային տվածս հեռագիրը անօգուտ անցավ, վաղը կուսակալին պիտի գնամ, կանչել է, հավանաբար Թալաթից մի նպաստավոր հրահանգ ստացած կլինի»:

Մյուս օրը Վռամյանը Ջեվդեթ փաշային գնաց, բայց էլ չվերադարձավ։ Նրան բռնել ուղարկել էին Բաղեշ ու այնտեղ հրապարակի վրա ոչխարի նման մորթել էին։

Դաշնակցության մեջ Վռամյանի պես մի քանի իդեալիստ և նվիրված մարդիկ կային, որոնք ժողովրդին օգտակար լինելու ձգտում ունեին։ Բայց նրանք որևէ դրական արդյունք չկարողացան տալ, նրա համար, որ այդ ազգայնական կուսակցության քաղաքական վարքագիծը հակասության մեջ էր ժողովրդյան շահերի հետ: Այդ էր պատճառ, որ նրանք, առիթներ տալով, նպաստեցին մեծապես երիտասարդ թյուրքերի ոճրագործ քաղաքականության, որ նա բնաջնջի իր երկրի ողջ հայությունը:

Անմիջապես վար պիտի տեսնենք, որ Հայ կամավորական շարժումը մի ծովի չափ յուղ էր այն կրակը բորբոքելու համար, որի վրա խորովվեց Հայ ցեղը:

Թյուրք կառավարության պաշտոնյաները առիթ չէին փախցնում իրենց ֆանատիկ ազգայիններին գրգռելու հայերի դեմ ամեն տեսակ պրովոկացիաներով։ Հայ ժողովուրդը սպառնալից կացության մեջ էր։ Իսկ ինչ էին անում հայ ղեկավարող շրջաններն այդ օրերին։ Պոլսի Հայոց պատրիարքարանը անմիջապես Փրկչի ազգային հիվանդանոցի մեջ մեծ թվով մահճակալներ հատկացրեց թյուրք վիրավոր զինվորներին և ամեն կերպ ապացուցեց, որ ինքը իր երկրի կառավարության հետ է։ Կարնո դաշնակցական ընդհանուր ժողովը թեև մերժեց կամավորական գունդեր հանել ռուսների դեմ, բայց հայտարարեց, որ ինքը չեզոք դիրք պիտի բռնի:

Իսկ թյուրքերը եռանդուն կերպով չիթայական խմբեր ու միլիսներ էին կազմակերպում, զինվորական կրթություն ստացած պահեստիներից, բանտից արձակված ոճրագործներից ու համիդյական քյուրդ զորագնդերից, որոնք իբր թե պիտի գործեին ռուսների դեմ, բայց հետո պարզվեց, որ դրանց միայն գործը եղավ բոլորովին անմեղ հայ կնիկներ, երեխաներ ու գյուղացիներ մորթոտելը (319-321 էջ):

 

Շարունակելի

Սկիզբը` տես Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 1, Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 2, Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 3