24.10.2017 15:19

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 5

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 5

Լույս է տեսել մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշագրությունը (Փանոս Թերլեմեզյան, «Կյանքիս հուշերը», հրատարակչությամբ «Թեքեյան» մշակութային միության, Երևան, 2017): Հուշերի բնագիրը հրատարակության է պատրաստել Երվանդ Տեր-Խաչատուրյանը, որը նաև գրքի առաջաբանի ու ծանոթագրությունների հեղինակն է:

Փանոս Թերլեմեզյանը, բացի մշակութային գործունեությունից, կյանքի տարբեր ժամանակահատվածներում ներգրավված է եղել նաև ազգային-հասարակական գործունեության մեջ: 1915թ. Պոլսից տեղափոխվել է Վան և մասնակցել է քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Որպես ինքնապաշտպանությունը համակարգող մարմնի անդամ` Փանոս Թերլեմեզյանը ականատեսի աչքերով իր հուշերում ներկայացրել է այդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ դրվագներ Դաշնակցության գործունեությունից:

iLur-ը ձեզ է ներկայացնում հատվածներ նկարչի հուշերից:

 

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲՅՈՒՐՈՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Դաշնակցության արևելյան բյուրոն համաձայնեց կոմս Վորոնցով-Դաշկովի հետ, գործի գլուխ դրեց իր անդամ և կուսակցության արտաքին գործերի վարիչ դոկտոր Զավրիևին, կոպտացիայով հրավիրեց փոխարքայական պալատին բարեկամ Մեսրոպ եպիսկոպոսին, Ալեքսանդր Խատիսյանին և Սամսոն Հարությունյանին, որոնք կոմս Վորոնցով-Դաշկովի ցուցումով կազմակերպեցին «Ազգային բյուրո»։ Իսկ այս «Ազգային բյուրոն» կրակի դիմաց կակղած մեղրամոմի պես միշտ այն ձևերն ստացավ, ինչ ձև կամեցավ նրան տալ Վորոնցով-Դաշկովը:

Ազգային բյուրոյի մշակած և կամավորներին օրհնող, խելքից աղքատ կաթողիկոսից ստորագրված ու Վորոնցով-Դաշկովին ուղարկված մի դիմումին մեջ հետևյալ պարբերությունը կար. «Ես երջանիկ եմ հայտարարելու ձեզ, մեծարելի կոմս, նաև այն, որ մեր սահմանից այն կողմ բնակվող հայ ժողովուրդը նույնպես անխախտ հավատարիմ մնաց իր անձնվիրության մեջ մեծ ռուս պետության»:

 

«Սահմանից այն կողմ բնակվող» հայության քաղաքական ձգտումների մասին կաթողիկոսի ավելորդաբանությունները ճիշտ չէին:

Վորոնցով-Դաշկովի ցուցումներով Ազգային բյուրոն կազմակերպեց կամավորական շարժում, առանց նկատի առնելու այն բացառիկ նուրբ կացությունը, որի մեջ գտնվում էր թրքահայությունը:

 

Այդ կամավորական շարժումը հայերի կողմից պատերազմի հայտարարություն էր Թյուրքիային:

Թյուրքիայում գտնվող հայերի հոգեբանական վիճակն ինչ էր այդ կրիտիկական օրերին:

 

Նրանք, ինչպես 77-ի պատերազմին, մեծավ մասամբ ռուսասեր էին: Թյուրք ռեժիմը չէին սիրում, որովհետև նա մաշող, տարրալուծող, ոչնչացնող ու ստեղծագործ տարրերից զուրկ ռեժիմ էր: Նույնպես չէին սիրում ե ցարիզմի ռեժիմը, որովհետև ցարական Ռուսաստանը ազգերի բանտ էր, բայց այդպես լինելով հանդերձ Ռուսաստանում համեմատաբար ավելի էր պահպանվում ժողովուրդների ֆիզիկական գոյությունը։ Նա ավելի առաջադիմական երկիր էր: Հիշյալ պատճառներով թյուրքահայությունը ընտրում էր չարյաց փոքրագույնը՝ Ռուսաստանը:

Սակայն այդ մռայլ օրերին թյուրքահայությունը դեմ էր կամավորական շարժման:

Կամավորական խնդրի առթիվ, երբ Թրքահայաստանից եկած պատգամավորները պահանջեցին դադարեցնել շարժումը, այդ խստորեն մերժվեց Ազգային բյուրոյի կողմից: Ահա այդ առթիվ ինչ է գրում իրազեկ և այդ գործերին մասնակցող պատմաբան Լեոն իր «Անցյալից» գրքի 298 էջում. «Վերջ տալ կամավորական շարժման, իսկ ինչ ասել Վորոնցով-Դաշկովին, Գորիմիկինին, ինչ ասել հենց իրան` դաշնակցության, որ այնքան գեղեցիկ առիթ էր գտել իր կուսակցական եսամոլությունը ծավալելու համար։ Վերադարձել ու վերադառնում էին այնքան փախած և աքսորված ընկերներ, տեղ էր գրավված փոխարքայական պալատի մեջ, առատ դրամական միջոցներ կային ընկերներին զանազան պաշտոններով տեղավորելու համար: Կարելի՞ էր թողնել մի դիրք, որ ըստ ամենայնի հրամայողական էր»։

Ռուսական բանակների ընդհանուր հրամանատար Նիկոլա Նիկոլաևիչի սրտառուչ կոչը լեհերին ընդունվեց սառնությամբ, և նրանք կամավորական գնդեր չհանեցին, վրացիներն էլ անտարբեր մնացին: Հայերը արդեն ռուսաց բանակում մոտ 200 000 զինվորներ ունեին, այդ թե օրինական էր և թե բավական։

 

Դոկտոր Տաղավարյանը, որ նույնպես Պոլսից եկած էր կամավորական շարժումը դադարեցնելու համար, անհաջողության մատնվելով ցանկանում է փոխարքայական միջավայրի կարծիքն իմանալ: Հայտնի ժուռնալիստ և հասարակական գործիչ Համբարձում Առաքելյանին թարգմանելու համար իր հետ տանելով ընդունվում է փոխարքայի օգնական Պիտրսոնից: Տաղավարյանը հարցնում է, թե մենք թրքահայերս, ի՞նչ դիրք պիտի բռնենք, երբ ձեր և թուրքաց պատերազմն սկսվի։

Պիտրսոն. «Այդ առթիվ արդեն համաձայնած ենք Ազգային բյուրոյի հետ, հույս ունենք, որ մեր բանակները շուտով պիտի գրավեն հայկական նահանգները, իսկ դուք այնտեղ ապստամբություններ պիտի բարձրացնեք և նրանց պարենավորման խանգարեք»։

 

-Այդ արդեն ծրագրված գործունեության և լուրջ պետական պաշտոնյայի ցուցում է։ Ես խոնարհաբար խնդրում եմ չեզոք և ազնիվ քաղաքացու խորհուրդ ձեզանից։

 

Մի քիչ լռությունից հետո Պիտրսոնը ասում է. «Ձեր ժողովրդյան շահը կպահանջի, որ դուք բացարձակ կերպով չեզոք դիրք բռնեք»։

Դոկտոր Տաղավարյանը, վերադառնալով Պոլիս, կուղարկվի Այաշ և կնահատակվի հայ հազարավոր մտավորականների հետ, իսկ պայքարող Համբարձում Առաքելյանը սկսում է հանդուգն կերպով կռ֊վել կամավորական շարժման դեմ։ Բայց կուսակցության վճռով դաշնակ Դելի Լազարը մի գնդակով ընդմիշտ լռեցնում է նրան։ Դաշնակցության ռուսահայ քաղաքականապես կույր և ճղճիմ լիդերները պալատական խաղալիք Մեսրոպ եպիսկոպոսի հետ, միահամուռ կերպով թքեցին թե՜ թրքահայության և թե՜ նրա կամքի վրա ու ենթարկվելով ռուսների, ֆրանսացիների ու անգլիացիների ստոր խաբեությանց, կատարեցին մի զզվելի դավաճանություն իրենց հարազատների դեմ։

 

Կովկասահայ բուրժուազիայի մոլուցքը, որը զուգադիպում էր ցարական կառավարության ձգտումներին, նկատի չէր առնում իր ցեղակիցների ֆիզիկական գոյության խնդիրը։ Դաշնակցությունը այդ շահագործման նոր վայրեր որոնող բուրժուազիայի մարտական կուսակցություն լինելով, ֆինանսավորվում էր նրանցից: Ւսկ չափավոր բուրժուական ինտելիգենցիայից որոշ տարրեր, որոնց ձայնը չէր լսվում, արդեն պատկերում էին անխուսափելի կատաստրոֆը:

Թերթերի մեջ արծարծվեց պատերազմից հետո հայոց տրվելիք ինքնավարության խնդիրը, որ աոաջ բերավ մեծ հակազդեցություն, որովհետև սև հարյուրյակային ռուս պաշտոնյաները սկսեցին ուժեղ պրոպագանդ մղել բանակի մեջ «ավտոնոմիստ» հայերի դեմ և հայտարարել, որ իբր թե իրենք եկած են արյուն թափելու Հայաստանի ինքնավարության համար: Իսկ որ հայերը հարյուր հազարներով զոհեր էին տալիս ռուսական տիրապետության համար, դա այդպես էլ պետք էր որ լիներ` գործերը ղեկավարող ռուսների հասկացողությամբ։

 

Այդ օրերին լղրճուկ ոճրագործ Նիկոլա II ցարը կսպասվեր Թիֆլիսում, որից հայերը կհուսային լսել մի հայտարարություն ռուսաց իշխանության ներքո իրենց ունենալիք ապագա ինքնավարության մասին: Բայց ցարը բավականացավ ասել մի անորոշ խոսք միայն, թե հայերի վիճակը կտնօրինվի լավագույն կերպով:

 

Հետագային միայն, երբ ֆրանսիական դեսպան Բալիոլոգի օրագիրը հրապարակ ելավ, իմացվեց, որ թշվառական Նիկոլա II ը Պետերբուրգից Կովկաս մեկնելուց առաջ տեսնվել է հիշյալ դեսպանի հետ և ի միջի այլոց ասել է, որ հայերի խնդրանոք ինքը պիտի զիջի Ռուսաստանին Կովկասյան ճակատում գրավված նոր երկիրները:

Կամավորական շարժումը, բացի այն զարհուրելի հետևանքներից, որ ունեցավ թրքահայության համար, Կովկասի ժողովուրդների բարեկամության սուրբ գործին էլ խորապես վնասեց, չափազանց սառն ու թշնամական դարձնելով ատրպատականցիների և վրացիների հարաբերությունները հայերի հետ (322-325 էջ):

 

Շարունակելի

Սկիզբը` տես Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 1,

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 2,

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 3,

Փանոս Թերլեմեզյանի հուշերից - 4