24.10.2017 15:49

Առաքել Թավրիզյան. Չափի չափը

Առաքել Թավրիզյան. Չափի չափը

Բուհերում խլրտոց է: Պաշտպանության մասին նոր օրենքով տարկետումը վերացվում է, բոլոր տղաները զորակոչվելու են բանակ: Կրթության նախարարն ասում է, որ նման գաղափար ինքն ունեցել է դեռեւս 1998թվականին: Երեւի խանգարել է Ռոբերտ Քոչարյանի «վառ ընդգծված պացիֆիզմը»: Լեւոն Մկրտչյանը համարում է, որ բոլորը պետք է կատարեն հայրենիքի հանդեպ պարտքը, իսկ այն երիտասարդները, որ ասպիրանտուրա են գնում, թեկնածուական պաշտպանում, հետո անցնում են բիզնեսի: Ասել է թե՝ գիտությամբ չեն զբաղվում, ուրեմն ինչու՞ բանակից տարկետման իրավունք տան:

Նախարարը, գոնե ձևականորեն, պետք է պաշտպաներ իր ոլորտի շահերը: Բայց նրա քաղաքական չափը փոքր է, չի կարող պաշտպանության նախարարին ընդդիմանալ: Դրա համար էլ ստեղծում է իր չափի չափը՝ հայրենասիրական պաթոսը: Դրանով ամեն ինչ քողարկվում է: Նույնիսկ՝ ահագնացող արտագաղթը: Այն, որ մարդիկ իրենց տղա երեխաներին 14 տարեկանում հանում են երկրից, դարձնում օտարահպատակ, որպեսզի հայկական բանակում չծառայեն: Նրանց փոխարեն կառավարությունը դիրքեր կուղարկի համալսարական երիտասարդությանը: Կառավարությունը մտածում է չափի չափի տրամաբանությամբ. եթե դիրքերում զինվորի պակաս կա, պետք է լրացնել ամեն գնով: Երկիրը չափվում է ոչ թե գիտատեխնիկական կամ մշակութային առաջընթացով, այլ՝ տարածականությամբ:

Աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկրի նախագահը, մինչդեռ, օրերս ասաց, որ ամեն ինչ ոչինչ է, եթե երկիրը տեխնոլոգիապես հետամնաց է: Հայաստանը գնում է դեպի միջնադար, երբ հնարավոր էր կենդանի ուժով, պարիսպներով օտարվել մնացյալ աշխարհից: Հայաստանին համալսարանական երիտասարդություն պետք չէ, գիտություն պետք չէ, արվեստ պետք չէ: Բոլոր հայաստանցիները զինվորացու են: Լավ կլիներ, եթե այդ սկզբունքը կարողանային տարածել աշխարհի բոլոր հայերի վրա: Այն ժամանակ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ էլ հնարավոր կլիներ խոսել «ասիմետրիկ եւ շատ ցավոտ» հարվածների լեզվով: Հայաստանը չի լրջանում: Ավելի ճիշտ՝ կրթության նախարարի որակի մարդիկ չեն թողնում, որ Հայաստանը լրջանա եւ վերադառնա իր փաստացի չափին: Փոքր երկրի չափին, որը թույլ չի տալիս տարածականության մեջ տեսնել ապագայի հեռանկարը:

Զորակոչիկների թիվը գարնանը մի քանի հարյուրով կավելանա: Հետո՞: Պաշտպանության նախարարն ասում է, որ վերականգնվում է սոցիալական արդարությունը: Ասել է թե՝ բոլորը պետք է անցնեն բանակի փորձությունը: Հասկացանք, բայց հետո՞: Հետո ի՞նչ է լինելու: Հասնելու ենք ավագ դպրոցի՞ն, զորակոչի տարիքն իջեցնելու ենք 17-ի՞... Սահմանելու ենք մեր նոր չափի չա՞փը...