25.10.2017 12:14

Արսեն Գրիգորյան. Անտակտը

Արսեն Գրիգորյան. Անտակտը

«Անտակտ»։ Սա ասվել է լրագրողների մասին։ Պաշտպանության նախարարն է ասել։ Գուցե հիմքեր ունի։ Ասենք, CNN-ի լրագրողների հանգույն։ Հա, լրագրողների մի մեծ խումբ գուցե «նվեր չէ»։ Իսկ ո՞վ է մեղավոր դրա համար։

Պետական բոլոր ապարատներում լրագրողների օդը փակված է։ Օֆշորային երկու սկանդալ, որ բացահայտեց լրագրողը, որեւէ հետեւանք չունեցավ։ Անկախ հեռուստաընկերություն պարզապես չկա։ Կայքերի մեծ մասը իշխանությանն է ծառայում։ Ընդդիմություն պարզապես չկա, որ լրագրողները կարողանան հմտություններ ցուցաբերել ճամբարների միջեւ։ Գաղտնիք չէ, որ չկոռումպացված իշխանավոր Հայաստանում չկա։ Բայց տեսե՞լ եք, որ որեւէ լրագրող կարողանա փաստերով խոսել՝ օֆշորային երկու սկանդալներից բացի։ Չկա նման դեպք։ Ինչու՞։ Որովհետեւ դրա համար պահանջվում է լուրջ հետաքննություն։ Լուրջ հետաքննության համար անհրաժեշտ է, որ լինեն լուրջ փողեր։ Այսինքն, լրագրողը պետք է ամիսներով չերեւա ու ասպարեզ բերի կոռումպացված նախագահի, վարչապետի, նախարարի, դատավորի կամ քննիչի կերպարը։ Չի բերում։ Փոխարենը փոքրիկ տեսախցիկով ընկնում է այս կամ այն պաշտոնյայի հետեւից եւ fast food թեմաներ շոշափում։ Որպեսզի այսօրվա հացը վաստակի հենց այսօր։ Իսկ պաշտպանության նախարարն ասում է, որ ինքը քաղաքականություն ներկայացնող է, ոչ թե զինվորի մահվան հանգամանքների պարզաբանող ։

Լրագրությունը Հայաստանում ոչնչացվել է հետեւողականորեն։ Այն իմաստով, որ ադրբեջանական լվացքի մասին հնարավոր է գրել, ռուսական իշխանությունների ներկայացուցիչների ստվերային ֆինանսական կայսրության մասին հնարավոր է գրել, անգամ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի ձախ փողերից է հնարավոր գրել։ Բայց մերոնք, ասենք, Լոնդոնից դիտած հայացքով, սուրբ են։ Լինու՞մ է այսպես։ Նույնիսկ Հյուսիսային Կորեայից նետած հայացքով չի լինում։ Դե լավ, թող լինի՝ Չինաստանի։ Բայց բացահայտել ամբողջ պետական համակարգի աննախադեպ կոռումպացվածությունը չի ստացվում։ Իսկ որպեսզի չբացահայտվի, ի՞նչ է արել Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Շատ ճիշտ է՝ անտակտացրել է հենց լրագրությունը։ Ոչ թե լրագրողին, այլ՝ լրագրությունը։ Գեներալ Մանվել Գրիգորյանին, ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանին կամ Քեթրինի Միհրան Պողոսյանին խորհրդարան բերելը հենց դա չի՞ նշանակում։ Հենց հատկապես դա էլ նշանակում է։

Երբ լրագրողին ասում ես անտակտ, մի մոռացիր, որ քո իշխանության ամբողջ ընթացքում Հայաստանում լրագրության արեւմտյան չափանիշներով որեւէ դպրոց չի գործել։ Մի մոռացիր, որ քո իշխանության ընթացքում փակված անկախ հեռուստաընկերության փոխարեն որեւէ այլ անկախը չես հորինել։ Լրագրողը անտակտ է, որովհետեւ անտակտ է իշխանությունն ինքնին։ Լրագրողն անտակտ է, որովհետեւ իշխանության հաշվետվողականությունը մեռել է արդեն 15 տարի։ Լրագրողն անտակտ է, որովհետեւ օլիգարխը կարող է իր խմբակցության պատգամավորներին հանձնարարել լրագրողների հետ «հավայի» խոսել ինչից պատահի, մեկ է, լրատվությունն այսօր լուրջ չի ընկալվում ճիշտ այնքան, որքան Ալիեւի զառանցանքներն Ադրբեջանում դեմոկրատիայի մասին։

Ավելին, եթե դու մարդու հասցեին օգտագործում ես «անտակտ» բառը, որը խորհրդարանում «պրոֆեսիոնալ» գործունեություն է փորձում ծավալել, ըստ էության՝ խոստովանում ես, որ նույնքան «անտակտ» ես ինքդ, որովհետեւ քեզ հետ խոսել փորձում է քո «արտադրանքը»։ Դու արժեզրկել ես Հայաստանը կեղծված ընտրություններով, մարտի 1-ով եւ այլ հանցագործություններով, մի շարք այլ հանցագործություններ արել ես անձամբ եւ հույս ունես, որ քո գոյության, քո անպատասխանատվության դաշտում մարդը կարող է քեզնից պատասխանատու՞ լինել։ Այդպես չի լինում։ Ես նույնիսկ պատկերացնում եմ, թե ինչպես է քո մտքում հայհոյանքը մի կերպ դառնում հրապարակելի «անտակտ»։ Եվ եթե լրագրողները քեզ պատին են դեմ տվել, պատճառն այն է, որ այդպես էլ այս պետության մեջ չի գտնվում այն սեղան-աթոռը, որի շուրջ նստած՝ իրենք կարող էին ստանալ այդպես էլ չփարատվող բոլոր հարցերի պատասխանները։ Տակտն, ի դեպ, լրագրողին չի վերաբերում, երբ նրա հետաքրքրության հերոսը պարզապես փախչում է հարցից։