25.10.2017 12:58

Գեւորգ Նալբանդյան. Խոսել իրական հեռանկարից

Գեւորգ Նալբանդյան. Խոսել իրական հեռանկարից

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Մինսկի խմբին հորդորել է, որ շփման գծում վերջին լարվածության կապակցությամբ հասցեական գնահատական հնչեցնի: Մամուլը հակադարձել է. «Միջազգային հանրությունն ա՛յս անի, ա՛յն անի... Բա դու՞ք ինչ անեք, դու՞ք ինչ եք անում...»:

Այնուհետեւ թվարկել է, որ միջազգային հանրությունն ապրիլից հետո «ընդունել է հայկական կողմի պայմանները, անտեսել Ադրբեջանի պահանջները, այդ թվում տարածքային ամբողջականության հարցում ամերիկացիները տրամադրել են խորքային հետախուզության նորագույն սարքավորումներ եւ հայտարարել շփման գիծը որպես սահման ճանաչելու հնարավորության մասին...»: Վերջին ընդգծումը երեւակայությունից անդին է, որովհետեւ հնարավոր չէ վկայակոչել ամերիկացի որեւէ պաշտոնյայի հայտարարություն, որտեղ նույնիսկ ակնարկ լինի, թե Միացյալ Նահանգները հնարավոր է տեսնում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը ճանաչել որպես Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ սահման:

ԱՄՆ պետքարտուղարի վերջին ասածը վերաբերում էր դիպուկահարներին հետ քաշելուն, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը եւ դիտորդների թվի ավելացմանը: Տպավորվել, թե դա նշանակում է շփման գիծը որպես սահման ճանաչելու հնարավորություն, նշանակում է տուրք տալ երեւակայությանը: Առհասարակ չգիտես որտեղի՛ց է մամուլ սպրդել միտումը, թե ԱՄՆ-ը կողմնակից է ստատուս քվոյի լեգիտիմացմանը, իսկ Ռուսաստանը՝ ոչ: ԼՂ հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը հայտնի է եւ փոփոխության չի ենթարկվել: Կրկնելու հարկ չկա: Եւ եթե Վաշինգտոնը ներկայումս ակտիվ քայլեր չի ձեռնարկում, ապա պատճառը թուրք-ամերիկյան հարաբերությունների անորոշությունն է, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, որ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

ԱՄՆ-ը ԼՂ հարցը դիտարկում է հայ-թուրքական «պատմական հաշտեցման» համատեքստում: Եւ դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ճիշտ նույն տրամաբանությամբ էլ Ռուսաստանն է մոտենում խնդրին, բայց ելակետ է ընդունում հայ-ադրբեջանական համատեղ ինտեգրացիան եվրասիական նախագծերում: Ուժային կենտրոններից ոչ մեկը ստատուս քվոյի ջատագով չէ: Դրա մասին ասված է ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարություններում: Եւ երեւակայական հեռանկարներ ուրվագծելու փոխարեն ճիշտ կլիներ, եթե մամուլն ազնիվ գտնվեր եւ խոսեր ԼՂ կարգավորման իրական հնարավորության մասին: Ասել է թե՝ հասարակությանը ներկայացներ իրացնելի հեռանկար, խոսեր Ադրբեջանի հետ հարցերը խաղաղությամբ եւ փոխզիջումների վրա հիմնված կարգավորելու հնարավորության մասին: