26.10.2017 15:42

Առաքել Թավրիզյան. Խայտառակել ռեսպուբլիկա

Առաքել Թավրիզյան. Խայտառակել ռեսպուբլիկա

Հրադադարի խախտման մասին խոսելիս ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հայտարարել է, որ Ադրբեջանը երկու օրվա ընթացքում «երկու անգամ իսրայելական արտադրության զենիթաահրթիռային «Սպայկ» զենքից» կրակել է Ղարաբաղի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Ազգային ժողովը քննարկում է պաշտպանության մասին նոր օրենք, վերացվում է տարկետումը: Շարմազանովի ժամանակ այդպես չէր, նա բուհից բանակ չի զորակոչվել: Հետագայում էլ չի ծառայել: Բայց դրանից չի հետեւում, թե պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չպետք է տիրապետի նյութին, որից խոսում է:

Շարմազանովը «Սպայկը» համարել է զենիթահրթիռային զենք: Մինչդեռ սա հակատանկային կայանք է: Եւ Ղարաբաղի բանակի հաղորդագրության մեջ այդպես էլ ասված էր: Ադրբեջանը կրակել է հակատանկային կայանքից՝ արձակելով մեկ հրթիռ: Շարմազանովի մոտ, երեւի, տպավորվել է «հրթիռ» բառը: Կամ՝ հասկացել է այնպես, որ եթե հրթիռ է արձակվել, ուրեմն Ադրբեջանը գործադրել է զենիթահրթիռային կայանք: Թվում է՝ մանրուք է, բայց իրականում Շարմազանովի վրիպումը բացահայտում է պետական ապարատի անկատարությունը: Բարձրագույն իշխանության մեջ կան մարդիկ, որոնք չեն տիրապետում ռազմաքաղաքական տերմիններին, իրենց հրապարակային ելույթներում հետեւողական չեն, խոսքի կուլտուրա չունեն:

Եւ եթե վաղը որեւէ ադրբեջանական գործիչ ծաղրի Շարմազանովի անտեղյակությունը, հայտնի ֆիլմի հերոսի պես պետք է ասենք նրան. «Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա»: Մանավանդ որ հարցազրույց տալիս Շարմազանովը հպարտացել է, թե հարցերին պատասխանում է... Ստեփանակերտից: Ասել է թե՝ գրեթե հակամարտ զորքերի շփման գծից: