27.10.2017 18:25

Մհեր Արշակյան. Մարդու վայրենությունը

Մհեր Արշակյան. Մարդու վայրենությունը

Ռեստորանում սոված արջի ֆոնին ընթրող հայկական ընտանիքի մորը զայրացրել է անգլիական Դեյլի Մեյլի տաբլոիդի լուսանկարը: Մայրը խոստացել է դատի տալ թերթին այդ լուսանկարի համար, քանի որ ընտանիքի կերուխումն օգտագործել են, որպեսզի ցույց տան արջերի խայտառակ վիճակը Հայաստանում:

Մայրն ասում է, որ այս հրապարակումով տաբլոիդը վարկաբեկել է մեր երկիրը: Երկաթյա դժգոհություն է՝ սոված արջը՝ հեչ, ամուսինների անտարբերությունը՝ հեչ, իսկ երկիր վարկաբեկելը զայրացնող է: Անգլիացիները լսել են, որ Հայաստանում արջերը սոված են, լսել են, որ նրանց աչքի առաջ հայկական ընտանիքները կերուխումի մեջ են: Լսել են ու եկել: Գուցե իսկապես մտադիր են եղել խայտառակել Հայաստանը: Բայց հաստատ չեն ցանկացել հորինել այդ խայտառակությունը: Փաստ է, որ ընտանիքը, որի հայրը հայտնի դերասան է, ընթրել է այդ բացօթյա ռեստորանում: Փաստ է, որ արջը հեռու չէր իրենց ընթրիքի վայրից:

Անգլիացիներն, իսկապես, պրոֆեսիոնալ չեն վարվել, նրանք խաբել են ընտանիքին: Բայց ընտանիքի մոր դարդը, պարզվում է, երկիրն է: Անձամբ իմ դարդը արջն է:  Որովհետեւ ես կողմ եմ, որ Հայաստանում գոնե մեկ ճնճղուկ չմնա, որովհետեւ մեր պետությունը հակացուցված է կենդանի օրգանիզմին: Մարդ ունեցող երկրում շունը չպետք է թափառի փողոցում: Նրա հանդեպ հոգատարություն պետք է լինի: Իսկ շունը թափառում է, հաճախ ընկնում ավտոմեքենայի տակ: Մարդ ունեցող երկրի քաղաքների հրապարակներում պետք է աղավնիներ իջնեին երկնքից: Մեր փողոցներում աղավնիներ չեն իջնում, նրանք քաղաքային պեյզաժից դուրս արարածներ են: Մենք նրանց համար հաց չունենք շաղ տալու:

Պետությունը պետք է ամաչի, որ արջերի խնդիրը անգլիացիներն են բարձրացնում, պետությունը պետք է ամաչի, որովհետեւ ամոթ է: Որովհետեւ բոլոր առումներով այդ արջերը նվաստացված են, նրանք զվարճանքի օբյեկտ են մարդու համար, իսկ դա ամոթ է: Նույնիսկ կրկեսն է ամոթ, նույնիսկ մեր կենդանաբանական այգին է ամոթ պետության համար: Բայց միջազգային խաղի կանոններ կան, որոնք ստիպում են կրկեսները եւ կենդանաբանական այգիները համապատասխանեցնել միջազգային նորմերին: Իսկ արջերին վանդակ նետելն ու զվարճացող մարդկանց կերակուրի փշրանքներին թողնելը սովորական վայրենություն է: Մարդու վայրենություն, որն ի տարբերություն արջի նաեւ ուղեղ ունի միտք մտածելու համար: 

Ամոթ է, դիցուք, սպիտակագլուխ անգղի վրա կրակելը, դա հանցագործություն է մեկ մարդու հաշվարկով, իսկ պետությունն ուղղակի պետք է ամաչի: Որովհետեւ սպիտակագլուխ անգղը հրացանի դեմ հրացանով չի կարող կանգնել, արջը նվաստացման եւ սովի դեմ իր բանական զենքը չունի: Պետությունը պետք է ամաչի, որովհետեւ ինքն իր քաղաքացու վայրենի մղումների համար օրենք ընդունելու իշխանություն ունի, որով պետք է կանխեր այդ վայրենությունը, իսկ վայրենի մղումներն ամենուր են: Պետությունը պետք է ամաչի, որովհետեւ Քրիստոնեության 1700-ամյակ է նշել, Հռոմի երկու Պապ է ընդունել, 2 հազարամյա թատրոնի մասին է հոխորտում, էդ պետության մեջ Գրքի մայրաքաղաք է եղել մի քանի տարի առաջ:

Իսկ չի ամաչում, որովհետեւ այդ ամենը սուտ է, սուտ է քրիստոնեությունը, թատրոնը, Գիրքը, Պապերը, ճիշտը կեղծված ընտրություններն են եւ Միհրան Պողոսյանն ԱԺ-ում: Նա է, չէ՞, կարծեմ բանան ներկրում: