28.10.2017 14:29

Լիզա Ճաղարյան. Երեկ. Մառազմը գագաթնակետին էր հասել

Լիզա Ճաղարյան. Երեկ. Մառազմը գագաթնակետին էր հասել

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարը Եռաբլուր ու Պանթեոն չայցելեց Հոկտեմբերի 27-ի հիշատակը հարգելու (ինքը միայն մեծագույն քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակն է հարգում)։ Հասարակությունն իհարկե մտածեց՝ երեւի նորից ինչ-որ մեկի հարսանիքին է հրավիրված եղել, եւ հասկանալի է՝ ինչպես միշտ սլացել է այնտեղ։ Պարզվեց՝ չէ. գնացել է դասախոսություն կարդալու։ Թե ոնց պատահեց, որ Բաղրամյան 26-ի համեստագույն գիտելիքի տեր այս անձնավորությունը որոշեց «դասախոսել», ինքը կիմանա, մեկ էլ իր մանկլավիկները։ Երեւի մտքին դրել է ակադեմիկոս դառնալ։ Եվ ինչու՞ չդառնա որ։ Ուզենա՝ գեներալիսիմուս էլ կդառնա։ Եվ բոլոր նախանշանները կան, որ լավ է՛լ ուզում է։

Եռաբլուր այցելեցին միայն Լիսկան, գեներալ Մանվելն ու Պնախարար Վիգեն Սարգսյանը։

Դե, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նրանց հետ չէր, որովհետեւ վստահ է, որ Հոկտեմբերի 27-ի սպանդը, երկրի առաջին դեմքերի սպանությունը որեւէ կերպ չի խոչընդոտել Հայաստանի զարգացմանը, ավելի պարզ ասած՝ ի՞նչ է եղել որ, պա՛հ, դե՝ Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, ԱԺ փոխնախագահին, մի քանի պատգամավորի ու նախարարի են սպանել, ընդամենն ութ հոգու, էդ ի՞նչ մի մեծ բան է, որ դրանից մեր երկրի սրընթաց առաջընթացը տատանվի։

Զարմանալի բան չկա. երեւի պարոն Բաբլոյանն իր սեփական անձի արշինով է չափել 27-ի զոհերին։ Իրոք որ՝ ներկա ԱԺ նախագահը եղած-չեղած մի հաշիվ է, նրա գոյությունը կամ չգոյությունը ո՛չ կասեցնում է Հայաստանի գահավիժումը, ոչ էլ արագացնում։ ԱԺ նախագահ է, էլի, հայտնի անեկդոտի նման մի անկյունում նստած մածուն է ուտում, ձեզ խանգարու՞մ է։

Եվ այսպես, Եռաբլուր այցելեցին Լիսկան, Մանվելն ու Վիգենը։ Լիսկան զարմացած ասաց լրագրողներին, որ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներ չկան, «ամեն ինչ բացահայտված է», գեներալ Մանվելը «մխիթարեց» լրագրողներին, լրագրողներն էլ մխիթարվեցին տեղեկանալով «մեծ պատմաբանից», որ ժամանակին »միշտ էլ մեր սպարապետներին, թագավորներին սպանել են, բայց մենք չենք կործանվել», պարոն Վիգենն էլ «տակտով» մի կուշտ վիրավորեց ու դասեր տվեց լրագրողներին՝ եվրոպաներում կրթված երիտասարդի հանգույն։ Հանգույնը հանգույն, բայց սովորական անդաստիարակի ու անկիրթի ականջները հո չէի՜ն թափահարվում բանակ չտեսած ու բանակ «կառուցող» նախարարի գլխավերեւում։

Բանակ չտեսած, բայց «Գարեգին Նժդեհ» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով պարգեւատրված Էդիկ Շարմազանովն էլ (տեսնես Պնախարար Վիգեն Սարգսյանը ինչու՞ ամոթանք չի տալիս նաեւ իր կուսակից այս պարոնին ու բազմաթիվ այլեւայլ ՀՀԿ-ականների, որոնք բանակում չեն ծառայել, բայց բռերով հարեւնման մեդալներ ու շքանշաններ են ստացել. ինչ «անտակտ» հարց տվեցի, չէ՞, արդարամիտ, անաչառ ու կրթված այս բանակաշինարարին) երեկ Ամերիկյան համալսարանի ուսանողներին էր «կրթում»։ Իհարկե, ինչպես միշտ՝ լրագրողներից մեկը «անտակտ» հարց տվեց ԱԺ սույն փոխնախագահին, եւ բնականաբար Շարմազանովը սրտնեղեց։ Հարցը սա էր՝ ինչու՞ պաշտոնյաների որդիները չեն ծառայում առաջնագծում։

Պատասխանը ցնցող էր իր անկեղծությամբ ու անամոթությամբ. «Այ մարդ, ի՞նչ եք ուզում պաշտոնյաների որդիներից։ Ի՞նչ կապ ունի առաջնագծում պաշտոնյայի որդի կա, թե ոչ... Կարող ա ինքը լավ տանկ է քշում»։

Ճիշտ է ասում, կապ չունի։ Սովորական մահկանացուների զավակները ծառայում են առաջնագծում, զոհվում են առաջնագծում, բայց պաշտոնյաների որդիները կամ նրանց մանկլավիկներն առանց ծառայելու մեդալներ են ստանում ու օր օրի ավելի ու ավելի լկտիանում։ Էդիկ Շարմազանովի նման, որը չնայած երկու մեդալ է ստացել «հայրենիքը հերոսաբար պաշտպանելու համար», բայց մինչեւ հիմա չգիտի, որ տանկերն էլ են առաջնագծում «քշում»։

Բայց չարժե հուսահատվել, հարգելի եւ սիրելի հայրենակիցներ, որովհետեւ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը հուսով է, որ «կգա մի օր, երբ պարտադիր զինվորական ծառայությունը պարտադիր կդառնա բոլորի համար՝ անկախ սեռական պատկանելությունից»։

Ի՜նչ լուսապայծառ եւ խանդավառող հույս է, չէ՞։ Զարմանալի բան չկա, Արման Սաղաթելյանն էլ է ՀՀԿ-ից։

Ի դեպ, շատ համեստ է Սաղաթելյանի հույսը։ Ես ավելի մեծ հույս ունեմ, նույնիսկ վստահ եմ, որ ներկա իշխող կուսակցությունը եթե շարունակի հեծնել Հայաստանի հասարակությանը, զինվորական ծառայությունը պարտադիր կդառնա նաեւ զառամյալ պապիկների ու տատիկների, անվասայլակներին ու մահճակալներին գամվածների, դպրոցականների ու մանկապարտեզի փոքրիկների համար։

Մենք առաջնագծերում կզոհվենք, իսկ պաշտոնյաների որդիներն էլ անձնազոհաբար տանկ կքշեն Մաշտոցի պողոտայում, ռեստորաններում ու եվրոպաներում։

Կարճ ասած՝ հիվանդասենյակ N6 Հայաստանս։