30.10.2017 11:35

Սերգո Տոնոյան «Ազգ-բանակի արատավորությունը»

Սերգո Տոնոյան «Ազգ-բանակի արատավորությունը»

Դատելով իշխանական քարոզչությունից՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե Արցախի հարցի չկարգավորվածությունն է «Ազգ-բանակ» գաղափարախոսության եւ քաղաքական ծրագրի առաջացման պատճառը։

Իհարկե, եթե չլինեին 2016թ. ապրիլյան եւ հուլիսյան իրադարձությունները, որոնք Հայաստանի պետականությանը բացահայտ հարված հասցրած մարտահրավերներ էին, ապա նախորդ տարի աշնանը տեղի ունեցած կառավարության փոփոխությունը եւ նոր կառավարության քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող «Ազգ-բանակը», պարզապես կարող էին եւ չլինել։ Սակայն որքան էլ «Ազգ-բանակի» առաջացումը փորձում են հիմնավորել վերոբերյալ իրադարձություններից հետո՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտության հրամայականով, միեւնույն է՝ ուշադիր լինելու պարագայում կարելի է նկատել, որ չարաբաստիկ «Ազգ-բանակի» առաջացման պատճառները շատ ավելի խորքից են գալիս։

Նախկինում, չհաշված՝ տասնամյակներով հայաստանյան քաղաքական, հասարակական կյանքում մոլախոտի պես տարածված հայդատականության ամեն տեսակի մեծ ու փոքր դրսեւորումները, մինչեւ ապրիլ, այո՜, երբեւէ այս տեսակ բովանդակությամբ քաղաքական ծրագիր՝ որպես պետության զարգացման ուղղության կողմնորոշիչ, հանրությանը չի ներկայացվել։ Անգամ ստատուս-քվոյի պահպանման՝ շուրջ 20-ամյա քաղաքականությունը այսպիսի փաթեթավորում չի ունեցել:

«Ազգ-բանակի» գաղափարական արմատները սերմանել են տարբեր ժամանակաշրջաններում, ամենատարբեր առիթներով։ Ազգի կամ պետության ապագան, դրանց զարգացումը միշտ համարվել է ինչ-որ արտասովոր, բարդ, գրեթե անլուծելի մի խնդիր, որի իրականացման համար ազգից պահանջվել է լինել ֆիդայի եւ իր նպատակներին հասնելու համար գնալ ոչ ստանդարտ ճանապարհներով։ Աստիճանաբար, կաթիլ-կաթիլ մեր ժողովրդի գիտակցության մեջ այնքան է ամրացել այսպիսի մտածողությունը, որ ներկայումս, ահա, չդադարող արտագաղթի, համատարած կոռուպցիայի, արդարադատության բացակայության եւ սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում գոյատեւող հասարակությանը բացարձակ վերահսկողության տակ առնելու՝ իշխանությունների անհագ ցանկության միակ եւ, դժբախտաբար՝ փորձված մեթոդը կրկին այդ մտածողության արատավորությունը ժողովրդի դեմ օգտագործելն է։

Նվաստացուցիչ կենսամակարդակը, որ ունի Հայաստանի բնակչության մեծ մասը, հենց իրենից՝ հասարակությունից թաքցնելու նպատակով, իշխանությունը հայրենասիրական ալիքի վրա ճոճում է Ազգ-բանակ գաղափարը՝ հավաստիացնելու, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ ճանապարհ պարզապես չկա։ Ուշադրություն դարձրեք՝ իրականում ոչ մեկը չի խոսում «Ազգ-բանակի» միջոցով Արցախի հարցում լավագույն լուծմանը հասնելու մասին։ Խոսքն, ավելի շուտ, մոտալուտ «ցավոտ» կարգավորումից հետո երկիրը դեռ մի 7 տարի էլ ռազմականացված պահելու մասին է։ 25 տարի է՝ Արցախում աշխատանքի հիմնական աղբյուրը բանակն է։ Հաջորդը Հայաստանն է։ Եւ բացարձակապես կապ չունի, թե ինչպես է լուծվելու Արցախի հարցը։ Կարեւորը՝ «ցավոտ» լուծումից հետո նախապես մշակված ծրագրի գործարկումն է, մի կողմից՝ սեփական դեմքը փրկելու համար, մյուս կողմից՝ հասարակությանը ավելի մեծ վտանգներից իբր թե փրկելու՝ «Ազգ-բանակի» առաքելության արդարացիությունն ապացուցելու նպատակով։

Ինչպիսի՞ն պետք է լիներ Հայաստանը, որպեսզի «Ազգ-բանակ»-ի կիրառման անհրաժեշտություն չառաջանար։ Կարելի է, իհարկե, տալ ակնհայտ պատասխաններ՝ չունենար Արցախի հարց, Թուրքիայի հետ սահմանը բաց լիներ եւ այլն։ Բայց՝ ոչ, Հայաստանը եւ հայ հասարակությունը, նախեւառաջ, չպետք է լիներ «հայդատական», որովհետեւ քանի դեռ հնարավոր է հայ մարդուն ֆիդայի դարձնել, բթացնել ուղեղը՝ կտրելով իրականությունից, եւ թաղել անցյալի այս կամ այն հարցի արդարացի լուծման պահանջի բեռի տակ, միշտ էլ կլինեն Արցախի պես բազմաթիվ հարցեր, որ կազդեն պետության եւ հասարակության առողջ եւ բնականոն զարգացման վրա։