30.10.2017 17:29

Արսեն Գրիգորյան. Հավի խելքով

Արսեն Գրիգորյան. Հավի խելքով

Այսօր ծանոթանում եմ 2018-ի բյուջեի նախագծին: Ես գրականագետ եմ: Դա այն մարդն է, որը աշխատում է ոչ թե աչքով տեսանելի տեքստի, այլ՝ տողատակի հետ: Իսկ բյուջեի նախագծի տողատակում գրված է՝ երանի նրանց, ովքեր կտեսնեն 2019-ի հունվարի 1-ը: Ոչ թե տողատակում ազդարարում են Հայաստանի կործանումը, այլ հենց երանին է տողատակում: Որովհետեւ նույնիսկ այդտեղ չեն կարող ազնիվ լինել ու ասել, որ օր առաջ ենք ուզում կործանել Հայաստանը:

Իսկ ի՞նչ է Հայաստանը: Պարզ է՝ մարդիկ են: Իսկ մարդիկ հաստատ եւս մի տարի չեն ձգելու, այնքան պարզ է դա արձանագրված բյուջեի տեքստում, որ քիչ է մնում ասես, որ դպրոցական կրթությունն էլ կհերիքի դա հասկանալու համար: Բայց ամբողջ հարցն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն այս «երանի»-ն արձանագրում է ոգեւորությամբ: Ինչու՞: Որովհետեւ ոչ մի դիմադրություն չկա: Որովհետեւ էս մարդիկ չունեն քաղաքական մի դագանակ, որ կարող է իջնել իրենց գլխին:

Հայաստանը բաց տեքստով դադարում է գոյություն ունենալ, արդեն դա նույնիսկ ասելու կարիք չկա, բոլոր գործողությունները ոչ միայն այդ մասին են, այլեւ այդ մասին են գործողությունների պնդումները: Ու խնդիրն այն չէ, որ կառավարությունը գնաճը չի դադարեցնելու, այլ այն, որ էս մարդիկ բյուջեի նախագիծ են գրում ոչ թե տնտեսական լուծումներ գտնելով, այլ գնաճով, հարկերով, Կուտակային կենսաթոշակն արդեն օրենքով պարտադիր դարձնելով եւ աշխատավարձեր չբարձրացնելով: Մարդկանց վրա բյուջե լցնելու բեռը մի քանի անգամ ավելացնում են, փոխարենը ոչինչ չեն առաջարկում: Ու էս հավի խելքով մարդիկ ընտրություններ են հաղթել: Հեռանկարի բացակայությունն ու կործանումը փաստաթղթավորելով ու խորհրդարան բերելով՝ խոսում են էն մասին, որ մեր թշնամին Ադրբեջանն է:

Իշխանությունը հատուկ չհասկացողների համար իրավիճակն ավելի է վատացնում, ընդ որում՝ ինքն իր անշնորհքության հնարավորությունները գերազանցելով: Սա շատ նման է 2014-ի հոկտեմբերին Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ Ժառանգության սկսած իշխանափոխության շարժման օրերին ԲՀԿ-ի կեցվածքին: Հանրապետականներն անգամ չէին կասկածում, որ իշխանափոխությունն օրերի հարց է, իսկ ԲՀԿ-ն ասում է՝ չէ, մենք իշխանափոխության գաղափարը պետք է տարածենք տուն առ տուն: Հանրապետական իշխանությունը տուն առ տուն մտնելով է հասկացել, որ Հայաստանի կործանմանը դիմադրող հայաստանցի չի լինելու, այլապես ֆիդայու բնազդներով մտածած «Ազգ-բանակ»-ն ու «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն այդքան հանգիստ չէին անցկացնի: 2014-ին էլ էր Հանրապետականը ճնշող մեծամասնություն, բայց անբարոյականությունն այդքան հեշտ չէր տրվում նրան: Այսօր արդեն քաղաքական այդ ուժին դժվար է ավելի անբարոյական համարել, որովհետեւ արդեն որոշակի չէ, թե ումից է այն սկսվում: Նույնիսկ պարզ չէ, թե ում է պետք բացատրել Հայաստանը հետեւողականորեն միլիտարիզացիայի «սպարտական» ճահճի մեջ մտցնելու բաց իրականությունը:

Ամեն ինչ այնքան պարզ է: Վիրավորվելու աստիճան պարզ: Եվ հենց հասկանալն է վիրավորական: Իսկ ո՞վ է բղավում վիրավորվելու մասին: Ոչ ոք: Հասկանու՞մ եք՝ այնպիսի բաներ են մտածել, որ քո ոչ մի զգացմունքը աղերս չունենա քո գործողությունների վճռականության հետ՝ վիրավորվա՞ծ ես, ջանդ սաղ լինի: Բյուջեի ամբողջ նախագիծը մի ուղերձ էլ ունի՝ ինչ անում ենք, լավ ենք անում, կարո՞ղ եք՝ խանգարեք մեզ: Ու էս ուղերձի տակ նույնիսկ ես կստորագրեի: Իմ ձեռքը բռնողն ո՞վ է: Ընդդիմությու՞նը: