31.10.2017 11:46

Վահան Թումանյան. Նժդեհականության բումերանգը

Վահան Թումանյան. Նժդեհականության բումերանգը

Իշխող էլիտան այնքան խոսեց հայրենասիրությունից, որ ծուղակի մեջ ընկավ: Հասարակությունը մտասեւեռվել է, թե իշխանությունից ովքեր են, որ բանակում չեն ծառայել: Բացահայտվում են անուններ, որ սոցցանցերում եւ մամուլում դառնում են քննադատության, ծաղրուծանակի թիրախ: Նժդեհականներին չի փրկում անգամ անցած տարիներին լավ սերտած աճպարարությունը: Մարդիկ հարցը դնում են կոնկրետ. «Իսկ դու բանակում ծառայե՞լ ես»: Կամ՝ «իսկ քո որդին ծառայե՞լ է»: Եթե չի ծառայել՝ ինչու՞:

Պահանջում են հրապարակել անձնական տվյալներ: Հնարավոր է՝ մի խումբ մարդիկ ծառայությունից ազատվել են իրոք օրինական հիմքով: Բայց դա հասարակությանը չի հուզում: Նրան պետք է հստակ պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ մյուսներն ինչու՞ չեն ծառայել, ինչու՞ է բանակում չծառայած Վիգեն Սարգսյանը նշանակվել պաշտպանության նախարար, ինչու՞ դաշնակցական նախարար Լոքյանի որդին չի ծառայել: Եթե խնդիրը խորանա, սկսվելու է վհուկների որս, բոլորը բոլորին կասկածելու են: Բոլորը բոլորին մեղադրելու են դասալքության մեջ: Այլ կերպ չէր կարող լինել: Եթե իշխանությունը ֆետիշացնում է «ազգ-բանակ» կոնցեպտը, ազգն իրավասու է նրանից պահանջելու, որ առաջին օրինակը տա: Պատերազմում, ինչպես ժողովուրդն է ասում, «չամիչ չեն բաժանում»: Եւ եթե զրկանքը դարձել է անհրաժեշտություն, ուրեմն թող հավասարապես բաշխվի բոլորի վրա:

Իշխանությունը, երեւի, այդ բումերանգը չէր հաշվարկել: Նրան թվացել էր, թե հասարակությունը ռոմանտիկորեն կտրվի ոչմիթիզհողականությանը եւ հանդիպակաց հայց չի ներկայացնի: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը, որի վտանգավորությունը դեռեւս ամբողջովին չի գիտակցվում: Այդ դիսկուրսին պետք է անհապաղ վերջակետ դնել: Այլապես կունենանք իրավիճակ, երբ պաշտպանության եւ անվտանգության հարցերում հասարակությունը կտրոհվի:

Ով «ջինը բաց է թողել շշից», ինքն էլ պարտավոր է շտկել իրավիճակը: Էլիտան կամ պետք է մաքրվի բանակում չծառայածներից կամ ընտրի պատվավոր նահանջի ճանապարհ եւ հրաժարվի «ազգ-բանակ» ավանտյուրայից: Հակառակ դեպքում նրան ասպարեզից կհեռացնի նժդեհականության բումերանգը: