31.10.2017 13:36

Այսօր ծնվել է Ժյուլ Բաստիեն Լըպաժը, կամ՝ «Ի՛նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի»

Այսօր ծնվել է Ժյուլ Բաստիեն Լըպաժը, կամ՝ «Ի՛նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի»

Ժյուլ Բաստիեն Լըպաժը (1848-1884) հայ չէ, բայց հայ նշանավորների օրին է սոցցանցում։

Համառ փնտրտուքս չնչին արդյունք տվեց։ Ոչ հետաքրքիր կամ շատ անհարմար փաստ կարողացա պեղել, ոչ էլ հաջողվեց քիթս խոթել նրա անձնական կյանքի մութ ծալքերի մեջ։ Երկուսն էլ բացակա էին։

Ֆրանսիացի է, նկարիչ է, ծնվել է Լոթարինգիայի Դանվիլիե գյուղում։ Նատուրալիստ է, դիմանկարի վարպետ է, նույնիսկ Ուելսի իշխանն ու քմահաճ Սառա Բեռնարն են խնդրել նրան, որ անմահացնի իրենց, եւ զարմանալի բան չկա, որ ոչ պակաս նատուրալիստ գրող Էմիլ Զոլայի ընկերն է եղել։ Ուսանել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում։ Մասնակցել է ֆրանս-գերմանական պատերազմին (1870), ծանր վիրավորվել է ու վերադարձել հայրական տուն։ Նույն թվականին ճամփա է ընկել Իտալիա եւ տասներեք տարի ոտքի տակ է տվել ամենքիս երազանք այդ երկիրը։ 27 տարեկանում Հռոմեական մրցանակ է ստացել, բայց վայելե՞լ է Իտալիան իր սրտի ուզածի պես։ Դժվար թե։ Լըպաժի դուռը բախել էր քաղցկեղը, եւ հենց այդ դաժան հիվանդության տակ կքած՝ Իտալիայից ճամփա է ընկել Ալժիր։ Մահվան հոտն ուժգնացել է, եւ դատապարտված Լըպաժը վերադարձել է հայրենիք եւ մարել Փարիզի իր արվեստանոցում։

36 տարեկան էր։

Նրա կտավները հնարավոր է տեսնել աշխարհի խոշորագույն թանգարաններում՝ Փարիզում, Լոնդոնում, Մելբուրնում, Նյու Յորքում։ Ինչ-որ աստերոիդ նրա անունն է կրում։

Մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ այսքանը։

Կտարակուսեք՝ է՛, ավելի գրավիչ կենսագրությամբ մարդու ընտրեիր, չկա՞ր։

Կային։ Բայց վաղամեռիկ Լըպաժը հայերիս պե՛տք է որ հետաքրքրի։ Հատկապես մայրաքաղաքցիներին, որոնք տարեկան առնվազն հարյուր եւ ավելի անգամ անցնում են Օպերայի շենքին հարակից Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկով։ Ահա՛ այդ ավտոմեքենաների առատությունից ճռռացող խաչմերուկի կենտրոնում մի փոքրիկ արձան է նշմարվում հեռվից։ Եթե աչքներդ կկոցեք եւ շատ ուշադիր նայեք, գլխի կընկնեք, որ պատվանդանին մարդ է կանգնած։ Այդ մարդը հենց մեր այս Լըպաժն է։ Քանդակի հեղինակն էլ, էս մեկը հաստատ կիմանաք, մեծն Օգյուստ Ռոդենն է։ 2011 թվականի հոկտեմբերի 7-ից Լըպաժը կանգնած է էս խաչմերուկում, որի անունը Ֆրանսիայի հրապարակ են դրել, ու միտք է անում, թե ինչ վատություն է արել ինքն իր հայրենիքին, որ այսպես աքսորել են իրեն բենզինի, գազի ու փոշու «հրավառությունից» շնչահեղձ լինելու։ Իսկ դրանից առաջ այս արձանն իր ծննդավայր Դանվիլիեում վայելում էր իր հայրենակիցների սերն ու շնչում իր եղբայր Էմիլ Բաստիենի՝ հանգուցյալ եղբոր հիշատակին ստեղծած այգու ծառերից բուրող կենարար օդը։ Դե, եղբայրն էլ վաղուց չկա, վաղամեռիկ նկարիչն էլ ժառանգներ չունի, Նիկոլա Սարկոզին էլ մտածել է՝ շառից հեռու մի բան նվիրեմ հայերին, ու մատը դրել է Լըպաժի վրա։

Ես էլ, դե, որոշեցի կցկտուր պատմել Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում բանտված այդ մարդու մասին, որ անցնել-դառնալուց հեռվից ժպտաք նրան ու ասեք՝ ողջու՛յն, Ժյուլ Բաստիեն Լըպաժ։

Դժվար թե լսի, կամ եթե նույնիսկ լսի՝ դժվար թե երջանկանա աքսորյալը, բայց գուցե ինքն էլ խեղճ-խեղճ ժպտա։

Լիզա Ճաղարյան