05.11.2017 22:01

Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ, կարդա՛, գրի՛ր տարին բոլոր

Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ, կարդա՛, գրի՛ր տարին բոլոր

Գուրբանգուլին գրող է, որովհետեւ գրքեր է գրում: Արդեն ավելի քան 40 գիրք ունի գրած իր 60 տարեկան հասակում: Իսկ ինչի՞ ես հասել դու: Բայց Գուրբանգուլին միայն գրող չէ, նաեւ նախագահ է: 2007 թվականից անընդմեջ ու անխոնջ ղեկավարում է Թուրքմենստանը, արդեն տասը տարի: Ու ի դեպ, գրքերն էլ սկսել է գրել նախագահության ընթացքում, այսինքն 10 տարում՝ ավելի քան 40 գիրք, միջինը` տարեկան 4 գիրք այսինքն: Նա նաեւ երաժիշտ է, սպորտսմեն եւ այլն, եւ այլն, եւ այլն:

Բայց դա մեր ի՞նչ խնդիրն է: Թող թուրքմենները հպարտանան: Իսկ մենք դառնանք մեր գառներին: Ուրեմն մի անգամ Ամերիկայում, իսկ ավելի կոնկրետ ԵՊՀ-ում, դե էն շենքը, որ տաճար է` մտքի, ընդ որում, տաճարների տաճարը, մայրը, որտեղ գիտնականներն ապագա գիտնականներ են կրթում ու կերտում, վեր կացան մի օր մի քանի հոգով ու թե՝ գրքի շնորհանդես ենք անում: Բայց առանց հեղինակի: Հեղինակը ներկա չէր: Չէ, Սարոյանինը չէր, որ հարգելի պատճառով ներկա չլիներ: Մի զիլ գիրք էին բերել շնորհանդեսելու: Այսինքն գիրքն էր զիլ, ոչ թե՝ ԶԻԼ-ը լիքը գիրք: Սակայն, ի՞նչ տարբերություն:

Վերջը, էս ներկա գիտնականները բերեցին ու մեր ապագա գիտնականներին հրամցրին Բերդիմուհամեդովի գիրքը: Բայց թեյի մասինը չէ, որտեղ ասվում է` «թեյը դեղ է եւ ներշնչանք», էն մյուսը` «Թուրքմենստան. Մեծ Մետաքսի ճանապարհի սիրտ»-ը: Մի խոսքով, բերեցին էդ գիրքը, հասցրին ԵՊՀ եւ տաճարապետի գլխավորությամբ գիտխորհրդի նիստերի դահլիճում ներկայացրին քերթվածքը:

Պատմությունը լռում է այն մասին, թե արդյո՞ք դահլիճում ապագա գիտնականների հերթ էր գոյացել, որոնք ջանում էին առաջինը ձեռք բերել սույն գլուխգործոցն ու տանել տուն։ Պատմությունը լռում է նաեւ այն մասին, թե արդյո՞ք երիտասարդ գիտնականները հերթ էին կանգնել, որ ընդվզեն գիտության տաճարի տաճարապետի սույն նախաձեռնության դեմ:

Թեեւ, եթե այդպիսի բան արած լինեին, հիմա ամենուր դրա մասին կխոսեին: Բայց մեր պատմությունն ըմբոստության մասին չէ, հարգելի սիրելիներ, ոչ էլ ընդվզման, ոչ էլ նման այլ` մեր գիտական տաճարներին անհարիր բարքերի մասին։ Մեր պատմությունը մի ուրախ ու զվարթ առիթի մասին է, ասք այն մասին, թե ինչպես ԵՊՀ ռեկտորը համալսարանում կազմակերպեց մի օտար երկրի նախագահի գրքի շնորհանդես, նախագահ, որը տարեկան միջինը չորս գիրք է գրում Աստված գիտի ինչի մասին եւ ինչի համար: Մեկ էլ` Բրեժնեւը կիմանա:

Վերջը, շնորհանդեսն արեցին, ռեկտոր Արամ Սիմոնյանը չշռայլեց գովասանքի խոսքեր. մի խոսքով, այդ մի օրը դեպի արեւը գնացին ամբոխները խելագարված, ամեն ինչ ընթացավ իր հունով` ինչպես միշտ սովորական, տաղտկալի, մինչեւ որ դեպքի մասին իմացան մի խումբ առաջադեմներ եւ սոցցանցերում սկսեցին քննադատել սույն միջոցառումը, թե բա` էս ի՞նչ քծնանք է, ի՞նչ օրինակ եք ծառայում ապագա գիտնականներին, մի սպանեք մեր գիտությունը, բան...

 

Ի՞նչ էին ասում երկաթածինները «Գահերի խաղը» ֆիլմում`ջուրը մտնելուց առաջ. էն ինչ մեռած է, չի կարող մեռնել:

Իշխան Պողոսյան