07.11.2017 14:32

Առաքել Թավրիզյան. Իշխանության ամենասեւագործ դեմքը

Առաքել Թավրիզյան. Իշխանության ամենասեւագործ դեմքը
Լուսանկարը՝ Panorama.am-ից

Իշխանության ամենասեւագործ դեմքը հաստատ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է: Նրան է վերապահված Ղարաբաղի հարցով Սերժ Սարգսյանի հայտարարությունները հասարակության համար «մեկնաբանելու» ծանր բեռը: Եւ պետք է ասել, որ նա առայժմ լուծը քաշում է: Սերժ Սարգսյանն ասել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը կողմերի համար ցավոտ է լինելու, առանց փոխզիջումների չի կարող լինել կարգավորում: Հասարակությունը հնարավորություն չունի հարցնելու Սերժ Սարգսյանին, թե ի՞նչ է նկատի ունեցել այդպես ասելիս: Անհասանելի է նաեւ արտգործնախարար Նալբանդյանը: Դրա համար ԱԳՆ-ում կա Շավարշ Քոչարյան, որին ուղարկում են պառլամենտ՝ հաստատ իմանալով, որ լրագրողները նրան «քրքրելու են»: Բայց Քոչարյանը «հին ոսկոր» է, կարողանում է կոնկրետ հարցը ցանկացած ձեւով շրջել եւ խոսել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի դիրքորոշումից: Եւ այնքան է ոգեւորվում, որ չի հասկանում, որ անհարմար դրության մեջ է դնում Սերժ Սարգսյանին: Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ միայն փոխզիջման չի գնում, այլեւ «բարձրացրել է նշաձողը»:

Եւ դա ասվում է Ժնեւի հանդիպումից հետո: Ասել է թե՝ Շավարշ Քոչարյանը հայտարարում է, որ Ժնեւում Ադրբեջանը «բարձրացրել է նշաձողը»: Իսկ իշխող կուսակցությունը, նրա պատրոնաժի տակ աշխատող մեկնաբանները, քաղաքագետները միահամուռ պնդում են, որ, ընդհակառակը, Ժնեւում Սերժ Սարգսյանն է բարձրացրել նշաձողը՝ հայտարարելով, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի եղել եւ չի լինելու: Մի անզգույշ հայտարարությամբ Շավարշ Քոչարյանը ջուրն է նետում այդ ամենը եւ հրաժարվում խոսել փոխզիջումներից, որովհետեւ Ադրբեջանը «բարձրացրել է նշաձողը»: Մինչ այդ գիտեինք, որ Ադրբեջանը Ղարաբաղը եւ շրջակա տարածքներն է ուզում: Ի՞նչ է տեղի ունեցել Ժնեւում, որ Շավարշ Քոչարյանը ներկայացնում է որպես Ադրբեջանի կողմից «նշաձողի բարձրացում»: Մի՞թե Ալիեւը պահանջել է նաեւ Մեղրին:

Եւ մի՞թե Սերժ Սարգսյանը նրա հետ այդ թեմայով քննարկում ունեցել է: Սեւ հումոր է թվում, բայց Շավարշ Քոչարյանի ասածից ուրիշ ի՞նչ ենթադրություն կարելի է անել: Նկատու՞մ է իշխանությունը, որ Շավարշ Քոչարյանին նուրբ հարցերի շուրջ կարծիք հայտնելը պարզապես հակացուցված է: Ըստ երեւույթին՝ ոչ: Թե չէ Ադրբեջանի կողմից «նշաձողը բարձրացնելու» մասին հայտարարությունը նրա դիվանագիտական պրակտիկայում վերջինը կլիներ: Իշխանությունը կարծում է, թե Շավարշ Քոչարյանը կարողանում է ցրել Սերժ Սարգսյանի ասածների տպավորությունը:

Մինչդեռ ստացվում է հակառակը. երբ խոսում է Շավարշ Քոչարյանը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց դժգույն է երեւում: Այնքան, որ տպավորություն է ստեղծվում, թե Ժնեւում Սերժ Սարգսյանը համաձայնել է Ադրբեջանի «նշաձողի բարձրացմանը»...