08.11.2017 11:51

Օրենքի խախտմամբ հաշմանդամության 3-րդ կարգ ստացած անձը ՀՔԱ ՎԳ-ի աջակցությամբ վերափորձաքննվեց ու ստացավ 2-րդ կարգ

Օրենքի խախտմամբ հաշմանդամության 3-րդ կարգ ստացած անձը ՀՔԱ ՎԳ-ի աջակցությամբ վերափորձաքննվեց ու ստացավ 2-րդ կարգ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փոխանցում է, որ հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող Ս. Շարմազանովին 2017 թ. հուլիսի 11-ին վերափորձաքննել ու կրկին հաշմանդամության 3-րդ կարգ են սահմանել: Սակայն նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում պետք է սահմանվեր հաշմանդամության 2-րդ կարգ: Ս. Շարմազանովի քույրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ տարիների ընթացքում նրա առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատթարացել:

Այժմ նրա մոտ օրգանիզմի ֆունկցիաների այնպիսի խանգարումներ են առկա, որոնք համապատասխանում են «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված 2-րդ աստիճանի կարողությունների սահմանափակումներին: Հաշմադամության 3-րդ կարգ տրամադրելու մասին որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը չի ապահովել օբյեկտիվ քննարկում, չի ուսումնասիրել գործում առկա բոլոր ապացույցներն ու պատշաճ ուշադրության չի արժանացրել Ս. Շարմազանովի առողջական բոլոր խնդիրները:

Ավելին՝ այդ որոշմամբ ոչ մի կերպ չի հիմնավորել հաշմանդամության 2-րդ կարգին համապատասխանող խանգարումներ ունեցող անձի դեպքում հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելը: Սրանով Հանձնաժողովը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում ապահովելու վերաբերյալ դրույթները: Հաշվի առնելով վերոգրյալ խախտումները՝ Ս. Շարմազանովը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելու՝ 2017 թ. հուլիսի 11-ի որոշումը: Դրա արդյունքում ԲՍՓ գործակալությունը վերափորձաքննել ու Ս. Շարմազանովին 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչել: