08.11.2017 14:43

Լիզա Ճաղարյան. Երեկ. Շարմազանովի վիճակը վիճակ չի

Լիզա Ճաղարյան. Երեկ. Շարմազանովի վիճակը վիճակ չի

Երեկ ուսանողները ոտքի են ելել ու բողոքում են տարկետման վերացման դեմ։ Մտադիր էի «ծանրանալ» այս խնդրի վրա, ուրախությունիցս բաժին հանել ընթերցողներին, որ ահա՛ վերջապես ուսանողները բարձրաձայնում են իրենց տեսակետները, եւ որ շատերիս մտավախությունը, թե ուսանողությունը քաղաքացիական եւ քաղաքական անդեմության ճահճից դուրս չի գալիս, արդեն անցյալ է։ Մտադիր էի հիշեցնել մեր պարմանի-պարմանուհիներին, որ իրենց զայրույթը հարուցած օրինագծից առաջ էլ շատուշատ վատ բաներ են կատարվել ու կատարվում մեր բուհերում, եւ Հայաստանում տարիներ շարունակ սպասող-հուսացողներ կային, որ այս նույն ըմբոստները կբողոքեն նաեւ բազմաթիվ ամոթալի եւ նվաստացուցիչ երեւույթների դեմ, որ վաղուց ի վեր բռնել են «գիտության տաճարների» կոկորդն ու դանդաղ եւ հետեւողականորեն շնչահեղձ են անում գիտությունն ու կրթությունն էլ, դրանց ապագա ջահակիրներին էլ։

Մտադիր էի գրել, որ ՀՀԿ-ի առաջնորդի եւ մի այլ երկրի ղեկավարի «երկար բոյերով մեկ» լուսանկարի ներքո այդ մեկ այլ երկրի ղեկավարի տասը տարվա ընթացքում քերթած 40-րդ գրքի շնորհանդեսը ստորաքարշության ցուցանք էր, եւ շատ տխուր է, որ ուսանողները չեն վիրավորվում, որ իրենց այսպես ծաղրում են օրը ցերեկով։ Լիքը բան էի մտածել գրել ուսանողների այս ընդվզման առիթով, բայց Էդիկ Շարմազանովն իր մի հարցազրույցով «խոսքս շաքարով կտրեց»։ Այնպես որ բավարարվենք այսքանով՝ հուսալով, որ մեր երիտասարդությունն այսուհետ ոչ միայն սեփական մաշկը ցավեցնող խնդիրների, այլեւ ողջ երկրում սանձազերծված ապօրինությունների դեմ ոտքի կկանգնի։

Դառնանք ԱԺ փոխնախագահ, անզուգական ՀՀԿ-ական Շարմազանովին։ Երեկ հարցազրույց է տվել (lragir.am)։

Եվ ասել է. «Մենք ունենք մեկ առաջնորդ, և այդ առաջնորդի գլխավորությամբ կնստենք, կքննարկենք: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի միակ առաջնորդն է, և իմ առաջնորդն է, և Կարեն Կարապետյանի, և բոլոր հանրապետականների: Հանրապետականներիս համար Սերժ Սարգսյանն անբեկանելի առաջնորդ է: Եվ նախագահը ոնց կասի, այդպես էլ կլինի»:

Գիտեմ. եթե հիմա ասեմ, որ այս տողերը կարդալուց հետո Շարմազանովի հոգեկան վիճակի հանդեպ մտահոգությունս վերաճեց ու դարձավ խոր, շատ խոր մտատանջություն, կհակադարձեք, թե ի՞նչ մի նորություն է, իր թանկագին շեֆին այսպիսի՞ սիրո խոստովանություններ է հղել այս անխոնջ «պատանյակը», սրանից «բեթարներն» էլ են եղել եւ դեռ կլինեն։

Ճիշտ է։ Եղել են։ Վստահ եմ, էլի կլինեն։ Քանի դեռ ՀՀԿ-ի ղեկավարը չի փոխվել (կյանք է, ինչ ասես կարող է պատահել. նույնիսկ «անբեկանելիների» հետ), եւ քանի դեռ Շարմազանով Էդիկի «բերնումը լեզու կա, փորումը՝ սիրտ, նա լեղապատառ ձեն է տալու», որ...

Ա՛յ, էս «լեղապատառ»-ն է մտահոգում ինձ։ Սարսափն անգթորեն կալել է Շարմազանով Էդիկի կոկորդը ու բաց չի թողնում։

Նախանշաններն ուղղակի աղաղակում են, որ Շարմազանով Էդիկը գիշերը գլուխը բարձին է դնում լեղին սարսափից ճաքած ու առավոտյան արթնանում է լեզուն բերանում չորացած։ Որովհետեւ նրան ամենուր եւ ոտնակոխ հետապնդում է մի համառ եւ սպանիչ հարց. «Բա որ առավոտն արթնանամ ու մեկ էլ տեսնեմ՝ ինչ-որ մեկն ինձանից ավելի թունդ է քծնել անբեկանելի առաջնորդիս»։

Մանավանդ որ բոլորիցս լավ գիտի, որ ՀՀԿ-ի կուռ շարքերում քծնողների այնպիսի առաջավոր բրիգադներ կան, որ ամեն պահի կարող են մեր մշտարթուն Շարմազանովի ձեռքից խլել լավագույն քծնողի պատվավոր տիտղոսը։

Աննախանձելի եւ որքան հասկանում եմ՝ անբեկանելի վիճակում է ՀՀԿ-ի առաջնորդի անձնական օգտագործման մանչը։

Վտանգավոր հրատապությամբ ձեռից գնում է։

Էս երկրում մի խելքը գլխին վախ չափող չկա՞։