08.11.2017 19:29

Արսեն Գրիգորյան․Այնքան հասկանալի Թուրքիան

Արսեն Գրիգորյան․Այնքան հասկանալի Թուրքիան

Թուրքիան կամ ավելի ճիշտ՝ Արեւելյան Անատոլիան խոր եւ անբուժելի վիրավորանք է նրանց հասցեին, որոնք Հայաստանում գտնվելով երազում են այդ հողերը։ Թուրքերը կամ ավելի ճիշտ՝ քրդերը հնարավորինս խնամքով են վերաբերվում այդ տարածքներին։ Նրանց կովը պարարտ է, նրանց գյուղացին ուղիղ մեջք ունի, նրանց ծայրամասային քաղաքները մայրաքաղաքի տեղ կանցնեն։

Արեւելյան Անատոլիան իդեալական տարածք է Հայրենիք երազելու համար, բայց ովքեր կարողացել են, ստեղծել են այնտեղ իրենց հայրենիքը։ Հայաստանի քաղաքացուն պետք է արգելել այդ կողմերն այցելել, որովհետեւ աչքը վիրավորվում է։ Պետությունը ոչ մեկին թույլ չի տա նայել իր աչքերի մեջ եւ ասել, որ կոմունիկացիոն այս դետալում թերացել ես։ Պետությունն այնտեղ հրաշալի ցատկահարթակ է լավագույն կյանքի։ Պարապ քուրդ գրեթե չես տեսնի, բացի մուրացիկ կանանցից, որոնք երեկոյան ցրտին խիստ մանկահասակ երեխաներին գրկած դուրս են գալիս փողոցներ ու մահմեդական աղոթքներով բարեհաճություն մուրում։ Առաջին անգամ Կարսից դեպի Էրզրում երթուղին վերցնողի համար թոքերում բավականին օդ է պետք անընդհատ զարմանալու համար։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ դուք ծայրամասում եք։ Անհրաժեշտ է նաեւ համեմատության համար հիշել, ասենք, Վարդենիս քաղաքը, որտեղ միայն պրուստյան երեւակայությունը կարող է ասել, թե մարդն ինչ գործ ունի այնտեղ։

Ձեզ կարող է զարմացնել Բիթլիսը, որն այսօր էլ եռացող գյուղաքաղաք է, ինչպես ասում են՝ շունն այստեղ տիրոջը չի ճանաչում։ Փնթիությունն աչքի զարնող է, նման է ապրել հասցնող քաղաքի, մարդիկ այստեղ բարեհաճ են, սակայն զուրկ շրջակա միջավայրի զգացումից։ Բիթլիսի միջով հոսող գետն ավելի շուտ գոյանում է իր մեջ թափվող կոյուղուց, տները կարծես մարդկանց նման արեւի լույս գտնելու համար միմյանց վրա ելած լինեն։ Թուրքերը կամ քրդերը ապրել գիտեն։ Գիտեն թուլանալ։ Կյանքի գրեթե ամեն դրվագն այնտեղ ծես է։ Իրենց քաղաքի կամ գյուղի ամեն սանտիմետրը ծիսական ինչ-որ արժեք ունի. մի տեղ նրանք թեյ են խմում, մեկ այլ տեղ հատուկ սրահներ կան ֆուտբոլ նայելու՝ հավաքվում են տղամարդիկ եւ նայում իրենց առաջնության խաղերը։ Օտար աչքը միայն առիթ է իրենց հյուրընկալությունը ցույց տալու. ներս են հրավիրում, ու դու չես կարող ասել, որ թիմերից ոչ մեկին նույնիսկ անունով չգիտես։ Խանութները պարզապես առեւտրի սրահներ չեն, տրամադրության շարունակություն են։ Թուրքիան նախ միջին խավի երկիր է։ Որովհետեւ կարող է եռալ միայն միջին խավ ունեցող քաղաքը կամ գյուղը։

Ամբողջ Արեւելյան Անատոլիան պատմություն է մի ողբերգության, որը, կներեք ձեւակերպման համար, արդարացված է։ Պարզ երեւում է, որ Թուրքիան նախ տարածության երկիր է, այնքան ազատ տարածք կա, որ պատմական կառույցներին մատով չեն կպչում, ինչ է թե մարդիկ ապրելու տեղ չունեն։ Իրենք հենց տարածությունն են փնտրել ու ստացել։ Չնայած տասնյակ հազարավոր մզկիթներին, այստեղ ապրում են հողի մարդիկ։ Բոլոր եկեղեցիների վրայից հանվել են խաչերը, դրանց մեծ մասը մզկիթներ են։ Ապականված է դրանց նշանակությունը, բայց ոչ՝ Աստված։ Հայերի մեծ մասի համար թեմա է Մասիսի հակառակ կողմը։ Այն, զգուշացնեմ, չափազանց կնճռոտ է, ամեն ինչ տեսած մարդու դեմք ունի եւ՝ ոչ մի տրամադրություն բիբլիականության։ Հայերին այստեղ ընկալում են հարազատի պես, հասկանում ես, որ քո ոչ մի հավակնությամբ դու չես խանգարում իրենց։ Մնում է, որ հարեւանություն անեք։