09.11.2017 09:45

Մոնտելլան մնում է «Միլանում»

Մոնտելլան մնում է «Միլանում»

Այս շաբաթը կարող էր մտածմունքների շաբաթ լինել «Միլանի» և նրա մարզչի համար, բայց փոխարենը, ինչպես ցանկանում էին ակումբի բոլոր ներկայացուցիչները, ոչ ոք ստիպված չեղավ կանգ առնել և մտածել:

Կարիք չեղավ մտածելու, որովհետև «Սասսուոլոյի» նկատմամբ հաղթանակով Մոնտելլան գործը փակեց. մարզչական նստարանն առավել, քան երբևէ, նրանն է: Հաղթանակը արտագնա խաղում` երկրորդը Ա սերիայում «Կյևոյի» նկատմամբ հաղթանակից հետո, բոլորին երջանկացրեց: Քիչ թե շատ լավ խաղին ավելացան արդյունքները, որոնք բացակայում էին մեծ թիմերի հետ խաղերում: Մարզչական նստարանին ամրապնդվելուց հետո Մոնտելլան էլ կարծես փոխված լինի: Ժպտում է անկեղծորեն և ավելի երիտասարդ է թվում: Մարզիչը «Գաձձետտայի» հետ անգամ կատակել էր իր և Գատտուզոյի լուսանկարի վերաբերյալ, որտեղ Գատտուզոն ավելի նիհար է երևում. «Եթե նրանից կիլոգրամներ եք հանում, ինձնից էլ պիտի հանեք»: Հաղթանակից հետո վերադարձել էր այդ հարցին և ասել. «Երբ մարզիչը հաղթում է, ավելի գեղեցիկ է դառնում»: Այդպես կիրակի երեկոյից Մոնտելլան հատկապես երջանիկ է: «Ինչպե՞ս եմ ինձ զգում,- հարցնում է նա,- Ավելի նիհար, ավելի գեղեցիկ դեմքով և միգուցե անգամ կապուտաչյա շիկահեր եմ»: Երկրպագուները ինտերնետում տարածեցին նրա լուսանկարը, ինչպես մարզիչն ինքն էր նկարագրել, որն ի վերջո հայտնվեց Մոնտելլայի հեռախոսում:

Այսպիսով, Դեյվիդ Հանի այցելությունը «Միլանի» գրասենյակ` հանդիպելու Ֆասսոնեի ու Միրաբելլիի հետ, կապ չուներ մարզչի ապագայի հետ, այլ սահմանափակվեց ակումբային հարցերով: «Միլանին» հինգշաբթի սպասում են Նյոնում, որտեղ գլխավոր տնօրենը ՈՒԵՖԱ-ին է հանձնելու ֆեյր-փլեյի կամավորական համաձայնության ծրագիրը, իսկ երկուշաբթի հրավիրված է բաժնետերերի ժողով, 2017-ի առաջին կիսամյակի բյուջեի հաստատման համար: