09.11.2017 10:45

Ժոզե Մոուրինյոն պետք է հին խաղացողներին վաճառի, որպեսզի նորերին ձեռք բերի

Ժոզե Մոուրինյոն պետք է հին խաղացողներին վաճառի, որպեսզի նորերին ձեռք բերի

Բրիտանական լրատվամիջոցներն այս օրերին շատ են գրում «Մանչեսթեր Յունայթեդի» ցույց տված խաղի որակի մասին: Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է նոր խաղացողներ հրավիրել գալիք հունվարին:

Metro պարբերականը սակայն հայտնում է, որ մանկունիանցիների տնօրենների խորհուրդը մտադիր է կրճատել ակումբի ծախսերը: Ասել է, թե եթե պորտուգալացի մասնագետը ցանկանում է թարմացնել թիմի կազմը, ապա պետք է խաղացողներ բաց թողնել: Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային շուկայում ծախսել է 285 միլիոն ֆունտ:

Հսկայական գումարներ է ակումբը վճարել Պոլ Պոգբային, Հենրիխ Մխիթարյանին, Ռոմելու Լուկակուին, Վիկտոր Լինդելոֆին, Նեմանյա Մատիչին և Էրիկ Բայիին ձեռք բերելու համար: Բացի դրանից, բավականին բարձր աշխատավարձ էր սահմանված Զլատան Իբրահիմովիչի համար: Իրոք, աշխատավարձերի չափն ավելացել է 13.5 տոկոսով՝ հասնելով 263.5 միլիոն ֆունտ, ինչպես ներկայացված է սեպտեմբերին հրապարակված ակումբի ֆինանսական հաշվետվությունում: BBC-ի հաղորդման համաձայն՝ Մոուրինյան կկարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել միայն խաղացողներ վաճառելուց ստացված միջոցներով:

Նշվում է, որ պորտուգալացու «սև ցուցակում» առաջինը պաշտպան Լյուկ Շոուն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեկնարկային կազմում հայտնվել է 4 անգամ: Ֆուտբոլիստին անընդհատ հետապնդում էին վնասվածքները, արդյունքում չէր հասցնում անհրաժեշտ մարզավիճակը հավաքել: Անհայտ է նաև Մարուան Ֆելաինիի ապագան:

Չնայած նրան , որ բելգիացին վայելում է Ժոզե Մոուրինյոյի վստահությունը, այդուամենայնիվ Ֆելաինին դեռևս չի երկարաձգել գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ, որն ավարտվում է գալիք ամռանը: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիկթաշը»: Ըստ բրիտանական մամուլի՝ մանկունիանցիները դեմ չեն լինի գումար աշխատել Ֆելաինիի տրանսֆերից: