09.11.2017 13:09

Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել

Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել

Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար Փրիթի Փաթելը հրաժարական է տվել այն սկանդալից հետո, որը ծագել է, երբ հայտնի է դարձել, որ հանգստյան ընթացքում նա գաղտնի հանդիպումներ է ունեցել Իսրայելի իշխանության ներկայացուցիչների հետ:

Նախարարը գործուղման է եղել Աֆրիկայում, երբ նրա հանդիպումների մասին լուրերը հասել են հանրությանը: Արդյունքում՝ նա ստիպված է եղել ընդհատել իր այցը և ներկայանալ վարչապետ Թերեզա Մեյին՝ բացատրություն տալու: Կառավարության նախկին անդամը վարչապետից ներողություն է խնդրել օգոստոսին իսրայելցի քաղաքական գործիչների, այդ թվում՝ նաև Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ ոչ պաշտոնական հանդիպումներ ունենալու համար: Հետագայում պարզվել է, որ սեպտեմբերին Փաթելը ևս երկու հանդիպում է ունեցել, որոնց ներկա չեն եղել Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչներ:

Հրաժարականի դիմումում Փաթելը նշել է, որ իր գործողությունները չեն համապատասխանել թափանցիկության այն սկզբունքներին, որոնք ինքը դավանում է:

Թերեզա Մեյն ընդունել է Փաթելի հրաժարականը: Սա վերջին յոթ օրերի ընթացքում արդեն բրիտանական կառավարությունում երկրորդ հրաժարականն է. նոյեմբերի 1-ին պաշտոնը լքել էր պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը՝ այն բանից հետո, երբ նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների համար:

Փոխանցում է BBC-ն: