09.11.2017 13:15

Առաքել Թավրիզյան. Կոմանդոսի ժամանակը

Առաքել Թավրիզյան. Կոմանդոսի ժամանակը


Արկադի Տեր-Թադեւոսյանը, որ ավելի շատ հայտնի է Կոմանդոս անունով, հարցազրույց է տվել եւ ասել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պանթուրքիստական ծրագիր ունեն՝ ոչնչացնել հայերին եւ բացել ճանապարհը, բայց դա նրանց մոտ չի ստացվում: «Նախօրեին էլ ԱՄՆ-ի եւս մեկ նահանգ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, եւ այսպես աստիճանաբար ժամանակն աշխատելու է մեր օգտին: Արդեն թե Ամերիկան, թե Եվրամիությունը ցանկանում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի ազատության հարցերում ստեղծված իրավիճակի հետ», - ամփոփել է նա http://www.lragir.am/index/arm/0/interview/view/164357: 

Եթե առաջնորդվելու լինենք Կոմանդոսի ժամանակի տրամաբանությամբ, ապա պետք է սպասենք, թե երբ է ԱՄՆ վերջին նահանգը ճանաչելու ցեղասպանությունը, որից հետո, հնարավոր է, մեկ-երկու տասնամյակ էլ հարցը քննարկվի Կոնգրեսում: Հետո պիտի սպասենք, թե աշխարհի որ երկրի խորհրդարանն է ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունում՝ միաժամանակ խորացնելով Թուրքիայի հետ առեւտրատնտեսական կապերը: Հետո պիտի սրտատրոփ հետեւենք, թե ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ինչ պատժամիջոցներ են ընդունում Ադրբեջանի դեմ, ինչ հետեւանքներ են ունենում դրանք...

Տարրական բարեխղճությունը պահանջում է, որ Կոմանդոսը մոռացության չտա, որ Եվրամիությունում ակնդետ սպասում են, թե երբ է գործարկվելու «Հարավային գազային միջանցքը», որն ադրբեջանական գազը Կասպից ծովից կհասցնի հարավային Եվրոպա: Որ Եվրամիությունը ողջունել է Բաքու-Կարս երկաթուղու գործարկումը: Որ ԱՄՆ-ը բացառիկ ջանքեր է գործադրում, որպեսզի կոտրի Ռուսաստանի դիմադրությունը, եւ սկսվի Տրանսկասպյան գազատարի կառուցումը, որով թուրքմենական գազը պետք է միանա «Հարավային գազային միջանցքին»: Որ առաջիկա մի քանի տարիներին արեւմտյան նավթագազային կորպորացիաներն Ադրբեջանում կներդնեն 40 միլիարդ դոլար: Եւ ծիծաղելի է սպասել, թե ԵԽԽՎ ընդունած մեկ-երկու ոչինչ չասող բանաձեւերը թուլացնելու են Ադրբեջանի տնտեսությունը, կոմունիկացիաներն ու ռազմարդյունաբերական համալիրը, եւ մեկ-երկու տասնամյակ հետո Բաքուն ծնկաչոք աղերսելու է, որ հայկական ուժերը բավարարվեն եղածով, չգրավեն Կուր-Արաքսի միջագետքը: Ծիծաղելի է, երբ այդպես խոսում է տաքսու վարորդը կամ շուկայի մանրավաճառը: Ողբերգություն է, երբ նույնը հնչում է Կոմանդոսի շուրթերից: Մարդն, ի վերջո, գեներալ է, պետք է կարողանա սթափ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը՝ եթե ոչ առհասարակ աշխարհում կամ մեծ տարածաշրջանում, ապա գոնե՝ ղարաբաղյան հակամարտության գոտում: Պետք է խղճի հետ զրույց անի եւ չփորձի էյֆորիա ներարկել հասարակությանը: Դա ավելի վտանգավոր է, քան պատերազմ սկսելու ադրբեջանական սպառնալիքը: Ճշմարտությունը մեկն է՝ վատնած ամեն մի օրը մեզնից խլում է արժանապատիվ խաղաղության հեռանկարը: Ժամանակին ապավինել՝ նշանակում է բախտի քմահաճույքին թողնել Ղարաբաղի ապագան, Հայաստանի զարգացման հնարավորությունը: Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Այլընտրանքը Հայաստանի մարգինալացումն է, կատարյալ մեկուսացումը եւ, որպես հետեւանք՝ սոցիալ-տնտեսական կոլապսը: Իսկ աղետի մատնված Հայաստանը չի կարող Ղարաբաղին անվտանգություն եւ ազատ ինքնադրսեւորում երաշխավորել: Կոմանդոսի ժամանակը մնացել է 90-ականների ֆիդայական կռիվներում: Այսօր կործանիչ պատերազմի եւ արժանապատիվ խաղաղության միջեւ ընտրության ժամանակն է: Եւ պետք է ընտրել երկրորդը, որովհետեւ առաջինը ոչ մի լուծում չի տալու: