09.11.2017 16:01

Սերգո Տոնոյան. «Ուշ թե շուտ»

Սերգո Տոնոյան. «Ուշ թե շուտ»

ՀՀԿ խոսնակ Շարմազանովը ասել է․ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի: Ուշ թե շուտ հասնելու ենք Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը»։ Գիտնականները դեռ կփորձեն պարզել, թե ինչ է նշանակում՝ «ուշ թե շուտ»։ Քաղաքագիտական ինչպիսի՞ չափանիշով է պետք հաշվել ժամանակի այդ ցիկլը։ Կամ ի՞նչ է նշանակում՝ այլընտրանք չունի։ Սահմանին զոհվող տղաներն այլընտրա՞նք են, թե՞ այս մարդու խոսքը հաստատող օրինաչափություն։ Բանակում չծառայած, բայց այդ բանակի տարատեսակ մեդալները կրծքերին կպցրած  ՀՀԿ վերնախավը՝ ՊՆ նախարարի գլխավորությամբ, պատրա՞ստ են «ուշ թե շուտ» զոհվել Արցախի սահմանին, թե՞ իրենք այլընտրանք ունեն։

Շարմազանովը վստահեցնում է, որ Վիգեն Սարգսյան անուն ազգանունը կրող մարդու նախաձեռնությունը ՀՀԿ-ն պաշտպանում է, որովհետեւ «օրենքն անհրաժեշտություն է եւ բխում է ՀՀ անվտանգության ապահովման շահերից»: Այդ շահերից ելնելով էլ՝  այժմ առանց դրա էլ տխուր ժամանակներ ապրող մեր գիտությանն է պետք հարվածել: Չմոռանանք, սակայն, որ ՀՀԿ վերնախավում ոչ միայն բանակում չծառայած մեդալակիրներ են հավաքված, այլ նաև գիտնականների այնպիսի մի աստղաբույլ է, որ միանգամայն պատրաստ է լրացնել բանակ գնացած գիտնականների բացը՝ հանուն թե՛ գիտության եւ թե՛ ՀՀ անվտանգության ապահովման։

Քանի օր է՝ մամուլը բարձրաձայնում է հարեւան պետությունների կառուցած երկաթգծի մասին։ Երիտհանրապետական գիտնականները հաշվե՞լ են արդեն մեր պետության կրած կորուստները, թե՞ մի քսան տարի էլ պետք է անցնի, որ նոր բարեհաճեն հաշվել։ Բայց չէ՞ որ անգամ գիտնական պետք չի լինել հասկանալու համար, որ կառուցած երկաթգիծը այս պետության անվտանգության շահերը, մեղմ ասած, շրջանցած նախագիծ է:

Ոչ մեկը չի ժխտում, որ Հայաստանը հայտնվել է բավականին ծանր իրադրության մեջ, որտեղից դուրս գալու համար հարկավոր է ժողովել հնարավոր բոլոր ուժերը: Սակայն երբ իշխանությունը չի դադարում վարել իր լկտի պոպուլիստական քաղաքականությունը, որի միակ նպատակն է բթացնել հասարակության լայն զանգվածները՝ դրանց հավերժ իշխելու անթաքույց ցանկությամբ, հասարակությունն էլ է, ցավոք, անպիտան դառնում պետության շահերը պաշտպանելու գործում: Եւ շատուշատերի համար՝ «ուշ թե շուտ» արտագաղթն է դառնում անվտանգության երաշխիքի բացակայության այլընտրանքը։

Իսկ ինչ վերաբերում է Արցախի հարցին, Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը, որին, ըստ Շարամազանովի՝ իրենք ուշ թե շուտ հասնելու են, ապա գոնե այս հարցում մեր չծառայած գիտնականները լավ կանեն լռեն: Թե ով, ինչպես եւ ուր կհասցնի Արցախի հարցի կարգավորումը, վաղ թե ուշ բոլորն են տեսնելու ու գնահատելու: