10.11.2017 13:23

Հերթական սկանդալը Շիրակի պետական համալսարանում

Հերթական սկանդալը Շիրակի պետական համալսարանում

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում բացահայտում է Շիրակի պետական համալսարանում կատարված հերթական սկանդալը։ Նա գրում է.

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին, սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, որն այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ.-ի ապրիլին:

Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի բարձրաձայնած 9-10 «թերությունները»։ Սակայն ԲՈՒՀ-ում և հենց նույն նախարարն էլ գիտեն, որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է։ Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի, որոնք բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է և արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը։
Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» և աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, որի արդեն նախկին դեկանին էլ, ըստ լավատեղյակ աղբյուրների, նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր՝ միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝ փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին։ Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը՝ համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում։ Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին պարզապես դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից։

Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի հետ հարաբերությունները միշտ լարված են եղել։ Սակայն ԲՈՒՀ-ում ասում են, որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը։ Քանի մարդու գլուխ պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը։ Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը։ 500 միլիոն դրամ փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է»։