10.11.2017 17:34

Սերգո Տոնոյան. «Գիտության հրամանը կկատարե՞ք»

Սերգո Տոնոյան. «Գիտության հրամանը կկատարե՞ք»

Մեծագույն սխալը կամ եթե կուզեք՝ մեղքը, որ թույլ է տալիս իշխանությունը Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, բանակի արդիականացման, բանակ-հասարակություն կապի բարելավման, բնականաբար՝ խիստ անհրաժեշտ գործի իրականացման բեռն ու պատասխանատվությունը երիտասարդությունից պահանջելն է:

Պաշտպանության նախարարն անկեղծ եւ բաց տեքստով ասում է, որ բանակի արդիականացման համար մշակվող 7-ամյա ծրագրի հաջողության գրավականը կապում է հենց երիտասարդության հետ: «Եթե դա չանի երիտասարդությունը, եթե դա չանի երիտասարդ գիտնականը, բա ո՞վ պետք է դա անի», - հարցնում է ՊՆախարարի համար ոչ պակաս երիտասարդ Վիգեն Սարգսյանը: Եւ անկախ այն բանից, թե ինչ են պատասխանում այդ պահին նրա դիմաց նստած տղաները, բարձրացված հարցն ունի մեկ աքսիոմատիկ ճշգրտության պատասխան, որ իրեն հարգող ցանկացած տարիքի գիտնական կտար նույնչափ հարգարժան նախարարին. «Եթե բանակի արդիականացման հարցը լուծելու գործում հերթը հասել է գիտնականին, կկատարի՞ այս իշխանությունը գիտնականի առաջադրանքները, կհետեւի՞ վերջինիս խորհուրդներին»:

Այո՞: Ուրեմն պատրաստվե՛ք, որովհետեւ գիտնականն առաջին հերթին չի հանդուրժելու հենց ձեր եւ ձեր իշխանության ներկայությունը թե՛ բանակի ներսում, թե՛ դրանից դուրս: Որովհետեւ իրեն հարգող գիտնականը չի պատրաստվում ձեր փոխարեն Սաքուլիկ դաստիարակել՝ այն էլ բանակում: Ձեր հսկողության տակ կռացած դպրոցների տնօրենների «արտադրանքը» դուք ընտրությունների ժամանակ փայլուն կերպով օգտագործում եք: Հետո կամ հանձնում եք բանակին որպես խրամատ փորող, կամ դա էլ չեք անում, ազատում-դնում եք ինչ-որ պաշտոնի՝ տարեցտարի բանակից մեդալներ ստանալու հեռանկարով: Երիտասարդ գիտնականը գա այս տղաների հետ ի՞նչ անի: Գա բանակ՝ կիսագրագետ հաստափոր գեներալների հետ ինչպե՞ս խոսի, ո՞նց բացատրի, որ սա, թեեւ 80-ականների զենքերով, բայց միեւնույնն է՝ սովետական բանակ չէ, որ ինչ հաջողի՝ գողանաք տանեք, վիլլաներ սարքեք:

Դուք իսկապե՞ս կարծում եք, որ քիչ թե շատ կրթություն ստացած երիտասարդին, էլ չասած՝ գիտնականներին, այս երկրում հարգել եք որպես քաղաքացի, լսել եք նրանց ձայնը, որ հիմա էլ բանակ եք կանչում՝ իբր լավ պայմաններով, բանակի արդիականացման ձեր փափագած երազանքը իրականացնելու: Դուք այդ ի՞նչ եք արել բանակի արդիականացման համար, որ չեք հաջողել, ձախողել եք ձեր գործը, եւ հիմա օգնության եք դիմում ուսումնատենչ երիտասարդներին: Նորից կրկնենք՝ երիտասարդներն էլ, բոլորն էլ կողմ են գեղեցիկ այդ գաղափարներին, վստահ եղեք՝ շատ ավելին ե՛ւ կառաջարկեն, ե՛ւ կանեն: Որովհետեւ կիրթ մարդն ինքնին ազնիվ է պետության առջեւ եւ բնազդաբար է օժտված պարտքի կատարման գիտակցությամբ: Իսկ դու՞ք: Գոնե լսելու՞ եք այդ երիտասարդներին, որոնց օգնությանն եք դիմում, կատարելու՞ եք նրանց հրամանները:

Ահա այստեղ է ավարտվում հեքիաթը: Որովհետեւ այս իշխանությունը կիրթ է ու գրագետ միայն իշխանությունը ատամներով պահելու հարցում: Մյուս բոլոր դեպքերում, ճիշտ հարյուր տարի առաջվա օրինակով՝ ոչնչի առջեւ կանգ չառնող բոլշեւիկների նման բանդիտական իշխանություն է, որոնց, երբե՛ք, երբե՛ք չհավատաք, որ պետք են կիրթ ոստիկաններ կամ գրագետ բանակ: Այդպիսիները կա՛մ չեն հանդուրժում անգրագետ եւ ժլատ ղեկավարություն, կամ եթե հանդուրժում են եւ հպատակվում, ապա վերջը լինում է ճիշտ այսպիսին, ինչպես որ հիմա է: Հպատակվողը, սսկվողն իր գիտելիքն էլ է կորցնում, այդ գիտելիքն էլ՝ իր արժեքը: Անընդունելի վատ իրականության պատճառն այս տեւական հպատակությունն է, ոչ թե գիտելիքահեն հասարակության եւ բանակի կայացման գործում երիտասարդության ոչ բավարար մասնակցության վերաբերյալ իշխանությունների ներկայացրած կեղծ պատճառաբանությունները:  

Երբ մի երիտասարդ գիտնական մոտենա եւ հարց տա այս իշխանություններին՝ Արցախի հարցը լուծելու ենք, հետո՞ արդիականանանք, լուծելու ենք փոխզիջմամբ եւ Դաշնակցության հե՞տ, արդիականանալու ենք, որ պատերազմենք, հետո նորի՞ց արդիականանանք, եւ ստանա մի բանական պատասախան, որ գիտնականի իր ուղեղը չի վիրավորի, այդժամ այս բանավեճը իմաստ կունենա: Մինչ այդ ՀՀԿ նոր նախընտրական ծրագիրը որեւէ կերպ ազգի եւ պետության զարգացման գործի հետ կապել չարժե: