11.11.2017 10:15

Բոատենգը`Անչելոտտիի «Բավարիայում» վերջին խաղի մասին

Բոատենգը`Անչելոտտիի «Բավարիայում» վերջին խաղի մասին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը բացահայտել է Կառլո Անչելոտտիի վերջին խաղից առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Աստղերի զարմանքը: Սեպտեմբերի վերջին «Բավարիան» 3-0 հաշվով պարտություն կրեց «Պարի Սեն-Ժերմենից»` Դանի Ալվեսի, Էդինսոն Կավանիի և Նեյմարի գոլերի շնորհիվ: Մինչ այդ Անչելոտտին հինգ աստղերի էր դուրս թողել մեկնարկային կազմից` ներառյալ Բոատենգին: Բոատենգը պատմել է, թե ինչպես Արյեն Ռոբենը, Մատս Հումելսը, Ֆրանկ Ռիբերին և Կինգսլի Կոմանը իմացան, որ չեն մասնակցելու «ՊՍԺ»-ի հետ խաղին:

«Շատ տարօրինակ էր,- ասում է Բոատենգը:- Մենք նստած ենք հանդերձարանում, և մեզ հինգիս խաղից մեկուկես ժամ առաջ ասացին, որ մենք չենք խաղալու` հանկարծակի և առանց բացատրության: Կարելի է ասել, որ դուրս մնացած խաղացողներն ապշած էին»:

  • Անչելոտտին աշխատանքից ազատվեց պարտության հաջորդ օրը:

Մարզումները: Բոատենգը նաև անուղղակիորեն հաստատեց լուրերը, որ Անչելոտտիի օրոք մարզումները բավականաչափ պահանջկոտ չէին: Ըստ որոշ աղբյուրների` Ռոբենը բողոքել էր լրագրողներին, թե իր տղան ավելի լուրջ մարզումներ է անցկացնում երիտասարդական թիմի հետ:

«Մարզումներն անկասկած տարբերվում էին մեր իմացածից,- ասում է Բոատենգը:- Որպես խաղացող` ինքդ կարող ես հասկանալ` 100 տոկոսով պատրա՞ստ ես, թե՞ ոչ»:

«Բավարիայի» վերածնունդը: 2013-ին «Բավարիային» դեպի երեք մրցանակ առաջնորդած Յուպ Հայնկեսի վերադարձից հինգ շաբաթ անց թիմը հաղթահարել է հինգ միավորի տարբերությունը «Բորուսիայից» և այժմ չորս միավորի առավելությամբ գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Բոատենգը դժվար տարի է ունեցել 2016-ի դեկտեմբերին ուսի վիրահատությունից հետո, ինչին հետևեց ազդրի վիրահատությունը մայիսին, որի պատճառով նա դուրս մնաց մինչև սեպտեմբեր:

«Ծանր ժամանակաշրջան էր, հատկապես որ այսքան տարի գրեթե վնասվածք չէի ստացել, իսկ հետո հանկարծ` երկուսն իրար հետևից,- ասում է նա:- Հատկապես դժվար էր ուսի վնասվածքից հետո: Երեք ամիս անց կրկին կարող էի խաղալ, բայց դա նույն Բոատենգը չէր: Այնպիսի տպավորություն էր, որ ուրիշի մարմին էր»:

29-ամյա կենտրոնական պաշտպանը դեռ պայքարում էր մարզավիճակ ձեռք բերելու համար, երբ Անչելոտտին նրան դուրս թողեց մեկնարկային կազմից «ՊՍԺ»-ի հետ խաղում:

«Ես սովորել եմ ընդմիջումներ անել, սովորել եմ, որ այլևս պետք չէ ասել` լավ, ես պաշտոնապես առողջ եմ, գնացինք, այլ պետք է ասել` ես հիմա առողջ եմ և ավելի կամրապնդեմ մարզավիճակս հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, մինչև կրկին դաշտ դուրս կգամ,- ասում է Բոատենգը:- Այլևս երբեք չեմ ցանկանում շատ արագ վերադառնալ»:

Բոատենգը չի մասնակցելու «Ուեմբլիում» Անգլիայի հետ Գերմանիայի ընկերական հանդիպմանը ոտքին ստացած հարվածի պատճառով, բայց հույս ունի խաղալ Ֆրանսիայի հետ հաջորդ երեքշաբթի Քյոլնում կայանալիք ընկերական խաղում: