11.11.2017 11:18

Արդյո՞ք Մոուրինյոն հիասթափվել է «Յունայթեդից» և պատրաստ է ուղևորվել ՊՍԺ

Արդյո՞ք Մոուրինյոն հիասթափվել է «Յունայթեդից» և պատրաստ է ուղևորվել ՊՍԺ

ESPN-ի կայքում հայտնվել է առաջատար ֆուտբոլային մեկնաբան Մարկ Օգդենի հոդվածը, ով ուշադիր ուսումնասիրում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի շուրջ ստեղծված իրավիճակը և հանգում այն եզրակացության, որ նշանավոր պորտուգալացին կարող է հեռանալ Անգլիայից:

Եթե Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանը սկսի ՊՍԺ-ում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդին հարկ չի լինի երկար ժամանակ պատասխաններ փնտրել, թե ինչու դա տեղի ունեցավ։ Բավական է հիշել ամառային տրանսֆերային պատուհանը, երբ ակումբը չկարողացավ ձեռք բերել Իվան Պերիշիչին Միլանի «Ինտերից», ինչը և հիասթափեցրեց մարզչին։

ESPN-ի աղբյուրները գտնում են, որ ՄՅՈՒ-ն պետք է լուրջ վերաբերվի ՊՍԺ-ի հետ Մոուրինյոյի շփումներին և որ ֆրանսիական ակումբը կսկսի ամեն տեսակ ակնարկներ փնտրել «Չելսիի» նախկին մարզչի և ՄՅՈՒ-ի ղեկավարության միջև տարաձայնությունների մեջ։

Իհարկե ՊՍԺ-ն մարզիչ ունի՝ Ունաի Էմերին, և Ֆրանսիայի առաջնությունում, և Չեմպիոնների լիգայի խմբում թիմն ընթանում է 1-ին տեղում։ Բայց «Սևիլիայի» նախկին մարզիչն առայժմ դժվարությամբ է ղեկավարում կազմը, որտեղ է շատ են աստղային խաղացողները։ Ըստ ESPN-ի՝ Էմերին, ով անցած մրցաշրջանում չեմպիոն չդարձավ, կարող է կորցնել իր տեղը, եթե չշահի ՊՍԺ-ի համար առաջին Չեմպիոնների լիգան։ Մոուրինյոն երկու անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում՝ «Պորտուի» և «Ինտերի» հետ, և նրան շատ են գնահատում ՊՍԺ-ի քաթարցի շեֆերը։ Իսկ պորտուգալացու վերջերս արած հայտարարությունները Փարիզի առանձնահատուկ մթնոլորտի մասին, ինչպես նաև, թե ինքը կարող է չավարտել կարիերան ՄՅՈՒ-ում՝ միայն գրգռում են ֆրանսիացիների հետաքրքրությունը։

Մոուրինյոն աշխատել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում, երազում է ևս մի եվրոպական երկրում մրցանակ շահել։ Բացի այդ Ֆրանսիայում նա չի աշխատել։ Շատ մոտ ապագայում Խոսեփ Գվարդիոլան լիովին կարող է ստվերում թողնել Մոուրինյոյին Մանչեսթերում, իսկ տեղափոխությունը ՊՍԺ կնշանակի, որ պորտուգալացին կկարողանա հին մրցակցի հետ դիմակայությունը դուրս բերել եվրոպական մակարդակ և, գլխավորը, ստանալ նույնքան անսահմանափակ բյուջե, ինչպիսին ունի «Սիթիի» մարզիչը։

Չնայած աղմկալի տրանսֆերներին Մոուրինյոյի ՄՅՈՒ գալուց հետո 50 մլն ֆունտով Իվան Պերիշիչին ձեռք բերելու անկարողության փաստը խիստ մտահոգել է պորտուգալացուն։ Հատկապես «Սիթիի» գնումների ֆոնին, որն ավելի քան 50 մլն ֆունտ է ծախսել յուրաքանչյուր եզրային պաշտպանի՝ Կայլ Ուոլքերի և Բենջամեն Մենդիի համար։

Աղբյուրները պատմում են, որ Մոուրինյոյին բարկացրել է նաև «Չելսիից» Նեմանյա Մատիչի տեղափոխության ուշացումը։ Այն ժամանակ գնի փոքր տարբերությունը հանգեցրեց նրան, որ բանակցությունները ձգձգվեցին, և ֆուտբոլիստը չկարողացավ մասնակցել ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքին։ Արդյունքում Մատիչը ակումբ տեղափոխվեց օգոստոսին։

Պերիշիչը մնաց «Ինտերում» չնայած այն բանին, որ անցած մրցաշրջանի վերջում Մոուրինյոն հստակ ասել էր Վուդվորդին, որ վինգերն այն չորս խաղացողներից մեկն է, որոնց օգնությամբ պետք է ամրապնդել կազմը։

Խորվաթն ուզում էր տեղափոխվել ՄՅՈՒ, բայց քանի որ 28 տարեկան էր, ակումբում անհանգստացել էին նրա չափազանց բարձր տրանսֆերային արժեքից և որին դժվար կլիներ հետագայում վաճառել։ «Ինտերի» հետ այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան չնայած նրան, որ իտալացիները ֆուտբոլիստին ընդամենը 5 մլն ֆունտով էին ավելի գնահատել, քան «Յունայթեդը»։

Օգոստոսին ESPN-ը հաղորդել էր, թե Մոուրինյոն հրաժարվել է վաճառել խաղացողներից մեկին, որպեսզի հովանավորի Պերիշիչի ձեռքբերումը։ Պորտուգալացին այդպես վարվեց, որպեսզի չխախտի թիմի ներդաշնակությունը և գերադասեց սպասել մինչև հունվար։

Բայց ինչ-որ մեկին ձեռք բերելուց առաջ մեկ ուրիշին վաճառելու պահանջը չանհետացավ։ Իսկ Մոուրինյոն առաջվա պես չի ուզում բաժանվել խաղացողներից։ Միաժամանակ Պերիշիչը, ըստ երևույթին, արդեն անհասանելի նպատակ է, չէ՞ որ նա որոշեց երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ։

Առանց հավասարակշռության և կազմի խորության, որը կարող էր ներդնել Պերիշիչը, ՄՅՈՒ-ի համար ծանր եղան ավելի կազմակերպված մրցակիցների հետ խաղերը։ Թիմը նաև խնդիրներ ունի արդյունավետության հարցում։ 75 մլն ֆունտով ձեռքբերված Ռոմելու Լուկակուն արդեն 7 հանդիպում է չի կարողանում գոլ խփել, և այս խնդիրները համընկան «Մանչեսթեր Սիթիի» փայլուն մրցելույթների հետ, որը հետապնդողներից առաջ է անցել 8 միավորով։

Այսպիսի իրավիճակը լավատեսություն չի ներշնչում Մոուրինյոյին։ Նա նաև դժգոհ է նրանից, որ ակումբը մինչև հիմա չի երկարաձգել պայմանագիրը Մարուան Ֆելաինիի հետ, չնայած գործող պայմանագիրն ավարտվում է կես տարուց։ Դեռ ապրիլին ESPN-ի աղբյուրները հաղորդել էին, թե Մոուրինյոն խնդրել է ակումբի ղեկավարությանը լուծել Ֆելաինիի պայմանագրի հարցը, սակայն բելգիացու ապագան մինչև հիմա հարցականի տակ է։

Կարծիք կա, թե Մոուրինյոյի այդպիսի վարքագծի պատճառը հիասթափությունն է թիմի խաղից և արդյունքներից։ Մարզիչն այնքան էլ գոհ չէ իր տրամադրության տակ եղած խաղացողներից՝ դատելով ամառային տրանսֆերային պատուհանի առիթով նրա անթաքույց դժգոհություններից։

Մինչդեռ ՊՍԺ-ն, որը աստղային խաղացողների համար մղվող պայքարում կարծես կարող է առաջ անցնել բոլոր եվրոպական մրցակիցներից, պայմանագիր կնքելով Մոուրինյոյի հետ պատրաստ կլինի հաջորդ մեծ քայլը կատարել։ Նրանք գերազանցել են «Ռեալին» ու գնել են Մբապեին, գնել են Դանի Ալվեշին՝ գերազանցելով «Սիթիին», գնել են Նեյմարին «Բարսելոնայից»։

Հարցը միայն այն է, թե արդյո՞ք ՄՅՈՒ-ի ղեկավարները կցանկանան պայքարել Մոուրինյոյի համար։ Թե՞ նրանք արդեն որոշել են, որ վերջին ժամանակներում նա ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան օգուտ տալիս։