13.11.2017 13:08

ԿՀՎ նախկին ղեկավար. «Թրամփը պետք է ամաչի»

ԿՀՎ նախկին ղեկավար. «Թրամփը պետք է ամաչի»

Կիրակի օրը Դոնալդ Թրամփը նահանջել է՝ ըստ էության՝ հրաժարվելով իր այն խոսքերից, թե հավատում է Պուտինին, երբ նա հավաստիացնում է, թե ռուսաստանյան իշխանությունները չեն միջամտել ամերիկյան նախագահական ընտրություններին:

Շաբաթ օրը Թրամփն ու Պուտինը կարճատև զրույց են ունեցել Վիետնամում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում: Ամերիկացի նախագահն ուղղակի հարցրել է իր ռուսաստանցի գործընկերոջը, թե արդյո՞ք Կրեմլը միջամտել է 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին:

«Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, նա ասում է, որ դա չի արել, և ես հավատում եմ, որ նա նկատի ունի այն, ինչ ասում է, - այդ խոսակցությունից հետո ասել է Թրամփը: - Ես կարծում եմ՝ նա շատ վիրավորված է, և դա այնքան էլ լավ չէ մեր երկրի համար»: Հընթացս Թրամփը քննադատել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին ղեկավարներին՝ նրանց անվանելով քաղաքական օպորտունիստներ:

Ի պատասխան՝ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը՝ ամերիկյան գործող նախագահի հետևողական քննադատը, Թրամփին միամիտ է անվանել այն բանի համար, որ նա «ԿԳԲ-ի գնդապետի խոսքը  բարձր է դասում ամերիկյան հատուկ ծառայությունների խոսքից»: Իսկ ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը Twitter-ում գրել է. «Իսկ գիտե՞ք, թե է՛լ ով է վիրավորված, պարոն նախագահ: Ամերիկյան ժողովուրդը: Դուք օտարերկրյա հակառակորդին ավելի եք հավատում, քան ձեր հետախուզական ծառայություններին»: ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրեննանը հայտարարել է, որ Թրամփը պետք է ամաչի իր խոսքերի համար: «Հաշվի առնելով, թե ով է ինձ քննադատում, ես այդ քննադատությունը համարում եմ շքանշան», - հայտարարել է Բրեննանը:

Փոխանցում է BBC-ն: