13.11.2017 14:15

Թուրքիա. Գյուլենին առևանգելու մտադրության մեղադրանքը ծիծաղելի է

Թուրքիա. Գյուլենին առևանգելու մտադրության մեղադրանքը ծիծաղելի է

Թուրքիայի իշխանությունները հերքել են այն տեղեկությունները, թե Սպիտակ տան նախկին օգնական Մայքլ Ֆլինը մասնակցել է ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին առևանգելու և նրան Թուրքիա տեղափոխելու դավադրական գործողությանը: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ այդ հայտարարությունները «բացարձակապես սուտ են, ծիծաղելի և անհիմն»:

ԿՀՎ նախկին ղեկավար Ջեյմս Վուլսին պատմել է մարտ ամսին Ֆեթհուլլահ Գյուլենին առևանգելու վերաբերյալ ինչ-որ ծրագրի մասին: Այդ գործողությունը, իբր, գնահատվել է 15 մլն դոլար:

Թուրքիան Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրում է 2016 թ. հուլիսին ձախողված հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս կոչ է արել արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող Գյուլենին:

Wall Street Journal-ը նշել է, թե Ֆլինը, իբր, քննարկել է այն հարցը, թե ինչպես Գյուլենին մասնավոր ինքնաթիռով տեղափոխեն Թուրքիայի Իմրալի կղզու բանտ: Թերթը նշել է, որ այդ գործը բացահայտել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության ընթացքում:

Ֆլինի փաստաբանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն: