13.11.2017 17:40

Այսօր ծնվել է Ջոն Մոնտեգյուն կամ դուքս Բրդուճը, չէ՝ Դուդուշը

Այսօր ծնվել է Ջոն Մոնտեգյուն կամ դուքս Բրդուճը, չէ՝ Դուդուշը

Հիմա կասեք՝ է՞դ ով է։

Ով որ է, այս հանդիսավոր պահին ոչ մի առնչություն չունի տարաբախտ սիրահարներ Ռոմեոյի ու Ջուլիետի ողբերգական պատմության հետ։

Հնագույն ինչ-որ դքսության կարկառուն շառավիղներից է, Լորդերի պալատի անդամ էր, դիվանագետ էր, գնդապետի կոչման եւ զանազան-զարմանազան զինվորական ու քաղաքական պաշտոնների էր հասել էս մեր լորդ Ջոն Մոնտեգյուն (1718-1792)։ Չար լեզուներն ասում են, որ այնքան էլ «անաղարտ» չի եղել նրա գործունեությունը, բայց այս հանդիսավոր պահին դա էլ կարեւոր չէ։

Երկու անգամ է ամուսնացել։ Երկրորդ կնոջ հետ, ըստ կենսագիրների, ապրել է տասնվեց տարի։ Կենսագիրներն ընդգծում են՝ շատ երջանիկ են ապրել։ Սիրասուն կինն իր դուքս ամուսնուն մի քանի (այդպես էլ գրված է՝ մի քանի) զավակ է նվիրել։ Եվ մեկ էլ մի դժնատեսիլ օր ոմն Ջեյմս Հեքման (ոչ ավել-ոչ պակաս՝ Wiveton-ի ռեկտոր) սպանում է լորդ Ջոնի կնոջը։ Ինչու՞։ Որովհետեւ նախանձից պայթում էր, որ այդքան երջանիկ են։ Այս պնդումն էլ է Ջոն Մոնտեգյուի կենսագիրներինը։ Հավատա՞նք, թե քմծիծաղենք։

Այս հանդիսավոր պահին սա էլ կարեւոր չէ։

Կարեւորն ահա թե ինչն է։ Մեր այս Ջոն Մոնտեգյուն հարավային Անգլիայում գտնվող Սենդվիչ կոչվող նշանավոր դքսության 4-րդ դուքսն էր, եւ ըստ որոշ կենսագիրների՝ մեղվի պես ժրաջան էր, օրուգիշեր բանում էր հանուն Անգլիայի բարօրության։ Որոշ կենսագիրներ էլ չարամտորեն գրում են, որ շատ ժրաջան էր, բայց թղթախաղի բնագավառում։ Ավելի պարզ՝ խաղամոլ էր։

Այս հանդիսավոր պահին սա նույնպես կարեւոր չէ։

Կարեւորն այն է, որ մեր այս Սենդվիչի դուքսը ժրաջան էր, այնքա՛ն ժրաջան էր, որ ժամանակ չուներ դքսավայել նստելու երկար սեղանի մի ծայրին ու սպասելու, թե երբ են մատուցելու իրեն համադամ կերակուրները։ Խոհարարին ասել էր՝ մի քանի բրդուճ սարքիր, որ գործից (թղթախաղից) չկտրվեմ. համ կուտեմ, համ էլ կաշխատեմ (կխաղամ)։

Ահա՛ այդ հանդիսավոր պահից սկսած՝ 18-րդ դարի կեսերից Անգլիայում ու այլեւայլ փտած-նեխած երկրներում սկսում են հավեսով բրդուճ խփշտել։

Ճիշտ է, նրանք Սենդվիչի դքսի պատվին այդ պարզագույն ուտեստի անունը դնում են սենդվիչ, եւ մեծ աշխարհն էլ թութակի պես ընդօրինակում է այդ անունը, բայց մենք հո գիտե՞նք, որ եղած-չեղածը շատ սովորական բրդուճ է։

Էլ չասեմ, որ եթե չտես եվրոպացի-ամերիկացիների իմացածը սենդվիչ է, մերը՝ է՛լ բրդուճ, է՛լ պատառ, է՛լ բրդոն, է՛լ փրթոշ, է՛լ ծլանգ, է՛լ լոլաճ, է՛լ դուդուշ... Էլ որն ասեմ, էլ որը։

Բարի ախորժակ։

 Լիզա Ճաղարյան