14.11.2017 02:20

Իրանը խորհուրդ է տալիս հայերին «ավելի ուշադիր լինել Կովկասում»

Իրանը խորհուրդ է տալիս հայերին «ավելի ուշադիր լինել Կովկասում»

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության մամուլի խոսնակը ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած այցելության մասին: Բահրամ Քեսամին մասնավորապես ասել է, որ ոչ բոլոր այցերն են խոսում հարաբերությունների մերձեցման մասին:

«Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները լավ մակարդակի վրա են գտնվում, եւ Հայաստանը հարեւան երկրներից մեկն է, որի հետ մենք ամենից քիչ խնդիրներն ունենք: Մենք չենք խառնվում երկրների ներքին գործերին, բայց իմանալով, թե ինչ է իրենից ներկայացնում սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.) ուզում ենք ասել, որ այդ ռեժիմը խախտում է տարածաշրջանում կայունությունը: Խորհուրդ ենք տալիս հայերին ավելի ուշադիր լինել կովկասյան տարածաշրջանում իրենց գործողություններին: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցի վրա», - ասել է Քեսամին:

Իսրայել կատարած այցի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է, որ Իրանը հայ-իսրայելական հարաբերությունների համար խոչընդոտ չէ, ինչպես Իսրայելի հետ հարեւան մյուս երկրների հարաբերությունները վնաս չեն հայ-իսրայելական հարաբերություններին: