14.11.2017 12:21

ՏԻՄ ընտրությունների հետքերով. ընդամենը 2 քրեական գործ է հարուցվել

ՏԻՄ ընտրությունների հետքերով. ընդամենը 2 քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ ամփոփվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների եւ ահազանգերի ստուգման արդյունքները:

«Դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 52 դեպքի վերաբերյալ հաղորդումներ եւ ահազանգեր: Նշված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու եւ սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 52 հաղորդումներով եւ ահազանգերով ձեռնարկված միջոցառումների արդյունքներով հարուցվել է 2 քրեական գործ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 50 հաղորդման եւ ահազանգի  հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված՝ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել»,- ասված է հաղորդագրության մեջ: