14.11.2017 14:17

ԱՄՆ կոնգրեսականները կրճատել են նախկին նախագահների տարեկան թոշակի չափը

ԱՄՆ կոնգրեսականները կրճատել են նախկին նախագահների տարեկան թոշակի չափը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները երկուշաբթի ընդունել են մի օրինագիծ, որը սահմանափակում է երկրի նախկին նախագահների թոշակի չափը՝ մինչև տարեկան 200 հազար դոլար: Քվեարկությունը կայացել է պարզեցված կարգով: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ նախկին նախագահները, որոնք միլիոնավոր դոլարներ են վաստակում դասախոսություններ կարդալով և իրենց հուշագրությունները հրատարակելով, պետության կողմից ֆինանսական աջակցության կարիք չունեն:

Ինչպես նշել է օրինագծի նախաձեռնողը՝ հանրապետական Ջոդի Հայսը, «այժմ անհրաժեշտություն չկա հարկատուների գումարներն օգտագործելու նախկին նախագահներին աջակցելու նապատակով՝ ի տարբերություն այն իրավիճակի, որն առկա էր 1958 թ., երբ ընդունվել է համապատասխան օրենքը»:

Հայսի օգնականների խոսքով՝ 2017 ֆիանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ներկայումս ողջ նախկին հինգ նախագահները պետության վրա «նստել» են 2,84 մլն դոլար: Ներկայումս նրանց թոշակը կազմում է տարեկան 205 հազար դոլար: Օրինագիծը նախատեսում է նաև մինչև 500 հազար դոլար կրճատել նախագահներից յուրաքանչյուրին հատկացվող գրասենյակի  և օգնականների վարձակալման գումարները, վեց տարի հետո այդ գումարը կկրճատվի մինչև 350 հազար, իսկ ևս չորս տարի անց՝ մինչև 250 հազար դոլար:

Ծախսերի տվյալ հոդվածով՝ նախկին նախագահների վճարները, ի դեպ, շատ տարբեր են: Այսպես, Ջիմի Քարտերը 2016 թ. ստացել է 230 հազար դոլար, Ջորջ Բուշ-ավագը՝ ավելի քան 600 հազար դոլար, Բիլ Քլինթոնը՝ 700 հազարից ավելի, իսկ Ջորջ Բուշ-կրտսերը՝ 800 հազար դոլար:  Վաշինգտոնում Բարաք Օբամայի գրասենյակի վարձակալման ծախսը 2018 թ., սպասվում է, որ կկազմի 536 հազար դոլար:

Նախատեսվում է նաև ավտոմատ կերպով կրճատել նախկին նախագահների նպաստների չափը՝ այն դեպքում, եթե նրանց լրացուցիչ եկամուտները գերազանցեն տարեկան 400 հազար դոլարը: Այսպես, Բուշ-ավագը դասախոսության համար ստանում է 100 հազար դոլար, Քլինթոնը՝ միջին հաշվով՝ 210 հազար: Չինաստանում վեց ելույթի համար նա ստացել է 1,2 մլն, Ռուսաստանում նրա մեկ դասախոսությունն արժեցել է 125 հազար դոլար:

Փոխանցում է tass.ru-ն: