14.11.2017 15:58

Նալբանդյանը հանդիպել է համանախագահներին

Նալբանդյանը հանդիպել է համանախագահներին

Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շեֆերին։ Հանդիպմանը, ինչպես փոխանցում են ԱԳՆ-ից, ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։

«Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Քննարկվեց առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։