15.11.2017 13:39

Զինվորականները ձերբակալել են Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին

Զինվորականները ձերբակալել են Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին

Զինվորականները, որոնք Զիմբաբվեում գրավել են պետական հեռուստաընկերությունը, հայտարարել են, որ կալանքի տակ են վերցրել երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին և նրա ընտանիքին: Ընդ որում՝ նրանք չեն համարում, որ դա ռազմական հեղաշրջում է, և հայտարարում են, որ Մուգաբեին և նրա հարազատներին ոչ մի վտանգ չի սպառնում:

«Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» իշխող կուսակցությունում հայտարարել են, որ նման քայլն անհրաժեշտ էր «հանուն ազգի առողջացման»: «Ոչ Զիմբաբվեն, ոչ կուսակցությունը չեն պատկանում ո՛չՄուգաբեին, ո՛չ էլ նրա կնոջը: Այսօր նոր դարաշրջան է սկսվում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Մուգաբեն պատրաստվում է հրաժարական տալ, իսկ նրա փոխանորդը կդառնա ոչ թե իր կինը, ինչպես հաղորդվել էր նախկինում, այլ փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվան, որը «Զիմբաբվեն ավելի լավը կդարձնի»:

Ոչ 93-ամյա Մուգաբեն, ոչ էլ նրա ներկայացուցիչներն առայժմ որևէ հայտարարություն չեն արել:

Անցյալ շաբաթ Մուգաբեն պաշտոնանկ էր արել փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվային, որը համարվում էր նրա ամենահավանական փոխանորդը: Բայց իրավիճակը փոխվել էր, և հիմա ամենահավանական թեկնածուն համարվում էր Մուգաբեի կինը՝ 51-ամյա Գրեյսը, որն, ի դեպ, ավելի վաղ ելույթ ունենալով իշխող կուսակցության հանրահավաքում՝ հայտարարել էր. «Երբ Տիրոջ կամքով Մուգաբեն մահանա, մենք նրա դին կառաջադրենք ընտրություններում, և դուք կտեսնեք, թե մարդիկ ինչպես կքվեարկեն նրա դիակի օգտին: Ես լուրջ եմ ասում՝ ընդամենը ցույց տալու համար, թե մարդիկ որքան են սիրում իրենց նախագահին»:

Մուգաբեն իշխանության ղեկին է արդեն 37 տարի՝ 1980 թ. երկրի՝ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց ի վեր: Նա չէր թաքցնում, որ մտադիր է իշխել, քանի դեռ ողջ է: Անցյալ տարվա սեպտեմբերին նա մասնակցել էր իր իսկ հուշարձանի բացմանը, իսկ դեկտեմբերին հայտարարել էր, որ կառաջադրվի նախագահական նոր ժամկետի համար:

Փոխանցում է BBC-ն: