12.01.2013 16:58

Արքայի վերջին ճանապարհը

Արքայի վերջին ճանապարհը

Ձայնագնորդների երկարամյա փորձը նրանց բերեց դաժան այն եզրահանգման, որ ընտրաձայնը վաճառողների համար ամենաստորացուցիչ պատիժ կարող է հանդիսանալ նրանց ձայնի արժեզրկումը: Եվ անցյալում բաժանած փողի դիմաց որպես փոխհատուցում այս անգամ նրանք ձայնավաճառին ներկայացնում են ընտրվողների արդեն ընտրված մի  ցուցակ: Տատիկնե’ր և պապիկնե’ր, ջահել հա’րս ու աղջիկ, մերձշենքային տաղավարներ ներս ու դուրս անող ընտրազանգվա’ծ, ընտրվողն ընտրվել է: Ընտրակաշառք չի լինելու: Գնացեք ու վաստակեք ձեր օրահացը աշխատանքով:

Հիշում եմ այս իրավիճակին նման նախորդ մի այլ դեպքում համայնքային նշանակության ընտրության օրը իմ ծանոթ քարթու ձայնավաճառներից մեկը, սպառնաց տեղական նշանակություն ունեցող հանրությանը, որ կպատռի իր բյուլետենը, բայց ձայնը ոչ մեկին չի տա: Նրա կոչ - ճիչը առանձնակի տպավորություն չգործեց այն ժամանակ: Ամենաչնչին գումարով նույնիսկ ընտրաձայնը վաճառելու պատրաստ բազմազավակ այրերին չսփոփեց այդ լուծումը: Մինչև վերջին պահը սպասման մեջ մնացին ամենալավատեսները տաղավարամերձ հատվածում` նարդու ու շախմատի տախտակների շուրջ համախմբված: Բյուլետեն պատռողը արեց իր ասածը, հետ վերադարձավ ընտրատեղամասից բյուլետենի պատառը ձեռքին հաղթանակած, սակայն մյուսները, որքան հիշում եմ` հիասթափված նրանից, անաղմուկ ցրվեցին տներով` անշահ ավարտված երեկոյի աղջամուղջի մեջ: Խարխլվեց նրանց հավատն այդ երեկո լիդերի նկատմամբ: Հետո, իհարկե, նրանք համախմբվեցին, գտնվեց ուրիշ համախմբող ու համախմբող այլ շահ: Բայց ես որքան էլ փորձեցի, որքան էլ փորձել եմ, չեմ կարողացել գտնել այդ կոնտինգենտին ինձ հետ միավորող ոչինչ:

- Ձայնագնորդ, հաստահետույք կնոջ գարշ փեշերի տակ սողոսկող շուն շանորդիք, ես ձեր …, -  քրթմնջում եմ միայն ինձ լսելի հիմա, երեսուն վայրկյանանոց հեղափոխությունից շատ ամիսներ անց, ծննդյան տոների քեֆ- աղմուկի մեջ նորից ծայր առած նախագահացուների մասին վիճաբանությունների ժխորի ու թանձր ծխի մեջ լողացող շախմատի տախտակին նայելով. . . . 

 

Կասպարով – Պորտիշ

Նիկշիչ, 1983

Նոր հնդկակական պաշտպանություն

1.d4 Ձf6 2.c4 e6 3.Ձf3 b6 4.Ձc3 Փb7 5.a3 d5 6.cxd5 Ձxd5 7.e3 Ձxc3 8.bxc3 Փe7 9.Փb5+ c6 10.Փd3 c5 11.0-0 Ձc6 12.Փb2 Նc8 13.Թe2 0-0 14.Նad1 Թc7 15.c4 cxd4 16. exd4 Ձa5 17.d5 exd5 18.cxd5 Փxd5 19.Փxh7+ Աxh7 20. Նxd5 Աg8. 

 

20...Աg8 քայլից հետո

21.Փxg7 Աxg7 22.Ձe5 Նfd8 23.Թg4+ Աf8 24. Թf5 f6 25.Ձd7+ Նxd7 26.Նxd7 Թc5 27.Թh7 Նc7 28.Թh8+ Աf7 29.Նd3 Ձc4 30.Նfd1 Ձe5 31.Թh7+ Աe6 32. Թg8+ Աf5 33.g4+ Աf4 34.Նd4+ Աf3 35.Թb3+ (1:0).

«Առաջ քսանմեկերրորդ.Փxg7!?  քայլի կողքին` երկրորդ փղի զոհաբերության հետ կապված, անփոփոխ դնում էին երկու բացականչական նշան: Սպիտակների կոմբինացիոն հարձակումը համարվում էր օրինակելի ու ես շատ էի հպարտանում դրանով: Բայց, ավելի ուշ, երբ շախմատային վերլուծություններին միացան ժամանակակից համակարգիչները, պարզվեց, որ սպիտակներն ունեն էլի մի քանի հաղթանակի տանող արժանի քայլեր, բայց համաձայնվեք մարդու կողմից կատարած Փxg7! քայլը ավելի էֆեկտիվ է, և ինչպես պարտիայի շարունակությունն է ցույց տալիս`բավականին էֆեկտիվ»:

Տարիներ անց Կասպարովը այս կերպ է որակում խաղացած իր պարտիան. «Մի բան է արժեքները, մի այլ բան` գաղափարախոսությունը, եւ այլ բան` քաղաքական կողմնորոշումը: Վերջինները կարող են երբեք կապ չունենալ առաջին երկուսի հետ: Քաղաքականությունն ունի բավականին այլ տրամաբանություն: Երբ պետք էր` իրար կոկորդ խեղդող, տասնամյակներ հոշոտող ուժերը կարող էին միավորվել երրորդ ավելի ուժեղ ուժի մեջ` ինչպես եղավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այստեղ ոչ մի կապ չունի ոչ գաղափարախոսությունը, ոչ արժեքները, քանի որ քաղաքական դաշինքները եւ համագործակցութունը թելադրված են բացարձակ պրագմատիզմով: Սա պետք է հասկանալ մեկընդմիշտ եւ չխառնել իրար»:

Այս հետևությանն էլ բերեց Լևոն Տեր Պետրոսյանին երկարամյա քաղաքական պրակտիկան:

. . .

Երեսուն վայրկյանանոց հեղափոխությունը, Փxg7! քայլը, ինչպես նաև նախագահի դաժան հետևությունը, կատարվածը գնահատելու ուսանելի օրինակներ են: Ահել տարիքը չէր, որ ազդեց շաժման առաջնորդի վրա, ոչ էլ ջահելությունն է դրդում Փxg7! քայլին: Ընտրության առաջ կանգնածներին ընդհանրացնում է այլ բան, ռիսկի գնալու ձիրքը. մի հատկություն, որն այդպես էլ ձեռք չբերեց իմ ցեղը:

. . .

Ստեղծել է պետք հակաժողովրդական ճակատ; Այո’, այո’: Ճիշտ գրված է, ճիշտ էլ կարդում եք: Ոչ թե համաժողովրդական, այլ հակաժողովրդական: Ճակատ է պետք ստեղծել եսազուրկ զանգվածի դեմ: Ասում են Կոնգրեսին տապալեց իշխանությունների հետ երկխոսությունն ու քաղաքագիտական վերլուծությունը: Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ: Կարծիք, որը գուցե և հայտնել եմ ժամանակին: Ձայնավաճառը թուլացրեց շարժումը: Ձայնավաճառն ստիպեց գնալ երկխոսության: Կոնգրեսը պետք է հենվեր իր անձը հարգող հայ մարդու վրա, այլ ոչ թե անդեմ զանգվածի: Պառլամենատական յոթ տոկոսը շատ լավ, սթափեցնող արդյունք էր: Պետք էր համախմբել յոթ տոկոս կազմող հարյուր հազարին ու հակադրվել մարդու ծախու տեսակին: Ասեմ, ի դեպ, որ հիմա էլ ուշ չէ: Գուցե և լավ էր, որ դեպքերն այս կերպ զարգացան: Համենայնդեպս հանրության պիտանի մասը կազատագրվի ձայնաճուրդից բխող պրագմատիզմից: Պետք է լիներ այն` ինչ եղավ: Օրինաչափորեն, որերորդ անգամ ապացուցվեց այն ճշմարտությունը, որ ցանկացած հակաշարժում կանգ է առնում է նրա էության մեջ, ինչի դեմ հանդես է գալիս: Այնպես որ, պետք է ըմբռնել պարզ օրինաչափությունն ու ձեռնարկել հակաշարժում, մարդու ծախու տեսակին հակա մի շարժում, որը կընթանա ու կհանգրվանի իր մարդ էության մեջ: Դրա համար պետք է մեզանից` շարքային քաղաքացիներիցս մեկը, համարձակորեն կատարի Փxg7! քայլը, որը կստիպի հակառակորդ արքային շարժվել տեղից ու բռնել իր վերջին ճանապարհը:  

Արամ Մաթեւոսյան

Hetq.am