16.11.2017 15:26

ՀՅԴ-ն կողմ է, «Ծառուկյան»-ը՝ դեմ ՀՀԿ-ի բերած բյուջեին

ՀՅԴ-ն կողմ է, «Ծառուկյան»-ը՝ դեմ ՀՀԿ-ի բերած բյուջեին

ԱԺ-ում շարունակվում են իշխող ՀՀԿ-ի ձեւավորած կառավարության կողմից խորհրդարան բերված՝ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Բնականաբար, ՀՀԿ-ականները պաշտպանում են այդ բյուջեն: Նույն բանն անում են նաեւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները՝ դաշնակցականները: Այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ նախագծին: «Բյուջեն եկող տարի 100 մլրդ դրամով աճելու է: Մնում է աշխատել ու բեկումնային իրավիճակ ստեղծել»- հայտարարել է Վարդանյանը:

Իսկ, ահա, «Ծառուկյան» դաշինքը չի հավանել Կարեն Կարապետյանի հեղինակած բյուջեն եւ հայտարարել, որ իրենք դեմ են քվեարկելու: Խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն է այդ մասին հայտարարել ԱԺ ամբիոնից:

««Ծառուկյան» դաշինքը չի կարող կիսել այս բյուջեի իրականացման պատասխանատվությունը»,- հայտարարել է Մելքումյանը:

«Ելք» խմբակցության տեսակետը եւ այն, թե ինչպես են քվեարկելու, դեռ հայտնի չէ:

Բյուջեի նախագծի քննարկումներն ընդմիջվել են 4 օրով: Այս ընթացքում պատգամավորները կարող են առաջարկություններ ներկայացնել: