16.11.2017 15:39

Լավրովը Երեւանում կքննարկի ԼՂ հարցը. Զախարովա

Լավրովը Երեւանում կքննարկի ԼՂ հարցը. Զախարովա

Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները քննարկելու են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով Հայաստանում է լինելու նոյեմբերի 20-21-ին: Զախարովան տեղեկացրել է, որ նախատեսված են Լավրովի բանակցությունները ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հետ:

«Լավրովն ու Նալբանդյանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարը»,- հայտարարել է Զախարովան: Նրա խոսքով, երկկողմ բանակցությունների օրակարգը համագործակցության լայն շրջանակ է ընդգրկում. կքննարկվի նաեւ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ՄԱԿ եւ միջազգային այլ կառույցների շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության հարցը:

Զախարովայի խոսքով, Լավրովի այցը տեղի է ունենալու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին Մեծ պայմանագրի ստորագրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: