16.11.2017 18:06

Լիզա Ճաղարյան. Երեկ. «Դե ես էլ դիրեկտըր մա՜րդ»

Լիզա Ճաղարյան. Երեկ. «Դե ես էլ դիրեկտըր մա՜րդ»

Շա՜տ տարիներ առաջ էր։ Մի գեղեցիկ ձմեռային օր ընկերուհիս հյուր եկավ մեր տուն։ Բայց մենակ չէր։ Հետը մի տղամարդ կար, որը դեռ սուրճի բաժակից կում չէր արել, բայց հասցրել էր ասել, որ ինքը Հայաստանի շրջկենտրոններից մեկի (էն ժամանակ մարզկենտրոն չէր) կուլտուրայի տան (էն ժամանակ այդպիսի «տներ» կային) դիրեկտոր է (էն ժամանակ տնօրեն բառը «քնած էր» դեռ)։

Հետո սկսեց սուրճ խմել ու յուրաքանչյուր կումի արանքում ինչ-որ բան էր պատմում ու ամեն նախադասության սկզբում ու վերջում ասում էր. «Դե ես էլ դիրեկտըր մա՜րդ...»։

Վերջը, էս «դիրեկտըր մարդը» իր սուրճը խմեց գնաց ու մեզ նվիրեց առիթ-անառիթ «դե ես էլ դիրեկտըր մա՜րդ» ասելու ու մի կուշտ ծիծաղելու հաճույքը։

Հիմա Շարմազանովինն է։ Մինչեւ երեկ արդեն հասցրել էր զանազան լրագրողների տասնյակ անգամ պատմել, թե 1995 թվականին ինքը՝ «որպես նախկին հացադուլավոր...», ինչ քաջագործություններ է արել, իսկ երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ռեկորդ խփեց։ «Ես՝ որպես նախկին հացադուլավորը» ծամեց առնվազն յոթ անգամ։ Ուշադիր չեմ հաշվել. եթե պակաս ասացի, հուսով եմ՝ ապագա սերունդները կներեն ինձ։

Ոչ անհայտ Վարդհոգյանի (Երվանդ Օտյան) թասակը գլխին դրած, «որ մենք հերոս»-ը շուտասելուկ դարձրած՝ հետն էլ բացճակատ շեշտում է, որ հացադուլի անողոք գրկում տառապել է ծանր ու երկարատեւ... երկու օր։

Սա, իհարկե, մեր հերոսական օրերում շատ երկար ժամկետ կարող է թվալ, որովհետեւ Հայաստանի հպարտ քաղաքացիներս արդեն հասցրել ենք տեսնել նաեւ կես օրական հացադուլ, կես ժամանոց հացադուլ, նաեւ՝ նախաճաշով, ճաշով ու ընթրիքով հացադուլ։

Վերջն էլի, ամեն ինչ տեսած ժողովուրդ ենք, եւ Շարմազանով Էդիկն էլ բոլորիս պես հասկանում է, որ բազմադարյա հայ ժողովրդին դժվար է հացադուլով զարմացնել, առավել եւս՝ հուզել, բայցեւ ԱԺ փոխնախագահի աթոռին հասած այս ՀՀԿ-ականը միամիտ տղա չի, «կոմսոմոլի հրահանգչի» դասական նմուշ է եւ «որպես նախկին հացադուլավոր» չի մոռանում իր խոսքը եզրափակել այսպես. «Բայց այն ժամանակ իրականությունն այլ էր։ Իշխանությունը մեզ լսելու որեւէ ցանկություն չուներ։ 48 ժամվա ընթացքում որեւէ իշխանության ներկայացուցիչ չեկավ եւ չհարցրեց, թե ինչ ենք ուզում»։

«Որպես նախկին հացադուլավոր»՝ Էդիկ Շարմազանովը միանգամից երկու նապաստակ է խփում այս «կրկներգով»։ Նախ «հիշեցնում է», որ անկախ Հայաստանի առաջին իշխանությունը լավը չէր, ժողովրդավար չէր, իսկ հետո քծնանքի հերթական չափաբաժինն է ուղարկում իր թանկագին ու «ժողովրդավար» կուսակցապետին։

Եվ մինչեւ հիմա մեկը չգտնվեց, որ էս «դիրեկտըր մարդուն» հարցնի.

-Եթե այն ժամանակվա իշխանությունը քեզ լսելու ցանկություն չհայտնեց 48 ժամվա ընթացքում, ինչու՞ չշարունակեցիր հացադուլդ, ա՛յ «որ մենք հերոս»։

Երեւի հենց այդ 48 ժամվա ընթացքում է հասկացել Շարմազանով Էդիկը, որ իր կեցությունն այդուհետ անշեղորեն ենթարկվելու է իր իսկ ստամոքսի «գիտակցությանը»։