17.11.2017 10:30

Պետր Չեխ. Սանչեսն ու Օզիլը լավ առաջարկություններ ունեին, բայց մինչև հիմա «Արսենալում» են

Պետր Չեխ. Սանչեսն ու Օզիլը լավ առաջարկություններ ունեին, բայց մինչև հիմա «Արսենալում» են

Լոնդոնյան «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը խոսել է «Տոտենհեմի» խաղի մասին, ինչպես նաև պաշտպանել է Ալեքսիս Սանչեսին և Մեսութ Օզիլին։

«Չեմ կարծում, թե «Տոտենհեմը» դարձել է հյուսիսային Լոնդոնի գլխավոր թիմը։ Իհարկե ամեն ինչ կարող է փոխվել, բայց «Արսենալի» համար ավելի կարևոր է չեմպիոնական տիտղոսի պայքարը։

Ոչ, մենք մեր ուշադրությունը չենք սևեռում «Տոտենհեմի» վրա։ Երկու տարի առաջ, երբ մրցաշարային աղյուսակում գերազանցում էինք «Տոտենհեմին», հիասթավեցինք, որովհետև չկարողացանք նվաճել տիտղոսը։ Ոչ ոք չէր էլ մտածում այն մասին, որ «Արսենալը» ավելի բարձր տեղում էր։

Մեր նպատակները չեն փոխվում։ Մենք ուզում ենք դառնալ Անգլիայի չեմպիոնները և ողջ մրցաշրջանի ընթացքում արժանի խաղ ցուցադրենք։ Մեզ չեն հետաքրքրում «Տոտենհեմի» ելույթները։ Այո, վերջին տարիներին թիմը մրցաշրջանն ավարտում է մրցաշարային աղյուսակի գագաթին։ Եկել է ապացուցելու ժամանակը, որ նրանք իրավունք ունեն կոչվելու տիտղոսի հավակնորդ։ Նրանք պետք է մրցանակ շահեն։ Միշտ էլ այդպես է եղել։ Միայն մրցանակներն են իրենք իրենց մասին խոսում։

Ինչո՞վ է պայմանավորված այդ թիմի հաջողությունը։ Բնականաբար շատ բանում Մաուրիսիո Պոչետինոյի վաստակն է, ով վաղուց է իրեն դրսևորել որպես հզոր և բազմակողմանի մարզիչ։

Ինչ վերաբերում է մեզ, ապա վերջին տարիներին «Արսենալը» լուրջ ճնշումների տակ է հայտնվել։ Մենք շատ ենք հիասթափված, որ չկարողացանք հաղթել առաջնությունում։ Այո, մենք նվաճեցինք Անգլիայի գավաթը, բայց դա քիչ է»,- ասել է Չեխը։

Կանոնիրների դարպասապահը գտնում է, որ Ալեքսիս Սանչեսի և Մեսութ Օզիլի հնարավոր տեղափոխության լուրն ընդամենը ասեկոսե է։ Չեխը նշել է, որ իր թիմակիցները շռայլ առաջարկություններ են ստացել այլ ակումբներից, բայց մինչև հիմա ելույթ են ունենում «Արսենալում», որով և ապացուցել են իրենց հավատարմությունը։

«Սանչեսը և Օզիլը մեր թիմի կարևոր մասն են։ Մենք շատ ուրախ ենք, որ նրանք հանդես են գալիս «Արսենալում», քանի որ երկուսն էլ իրենց գործի վարպետներ են։ Տեսնում եմ, թե ինչպես են աշխատում մարզումների ժամանակ, գիտեմ, որ այդ տղաները պատրաստ են ողջ ուժերը տալ։

Բացի դրանից ինձ հայտնի է, թե քանի առաջարկություն են նրանք ստացել այլ ակումբներից։ Կարող եմ ասել, որ դրանց թվում շատ շահեկան տարբերակներ կան։ Բայց, ինչպես տեսնում եք, երկուսն էլ մինչև հիմա պաշտպանում են «Արսենալի» գույները, իսկ դա շատ բանի մասին է վկայում։ Հուսով եմ՝ նրանք կվերադառնան 100-տոկոսանոց մարզավիճակին և կօգնեն թիմին հասնել առաջադրված նպատակներին»,- Չեխին է մեջբերում Sky Sports-ը։