17.11.2017 11:00

«Gazzetta dello Sport». Անչելոտին համաձայնել է գլխավորել Իտալիայի հավաքականը

«Gazzetta dello Sport». Անչելոտին համաձայնել է գլխավորել Իտալիայի հավաքականը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Միշել Ուվան 2 օր առաջ կապ է հաստատել Կարլո Անչելոտիի հետ և նրան առաջարկել է դառնալ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Այդ մասին գրում է «Gazzetta dello Sport»-ը:

58-ամյա մասնագետը համաձայնել է գլխավորել «Սկուադրա աձուրան», սակայն կողմերը դեռ շարունակում են բանակցությունները պայմանագրի մյուս կետերի շուրջ: Ուվան ու Անչելոտին հին ծանոթներ են, միասին աշխատել են «Պարմայում»: Այդ հանգամանքը հեշտացնում է բանակցային փուլը:

Հնարավոր է, որ «Պապա Կարլոն» հավաքականի ղեկը ստանձնի 2018 թվականի ամռանը: Իտալացին սեպտեմբերին լքել է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն նրա պայմանագիրը շարունակում է գործել և նա աշխատավարձ է ստանում: Համաձայնագիրը նախատեսված է մինչև առաջիկա ամառը:

Հիշեցնենք, որ Իտալիան չկարողացավ հաղթահարել 2018 թվականի Աշխարհի առաջնության անցումային փուլը և վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի մասնակցի Մունդիալին: Այդ անհաջողությունից հետո գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրան պաշտոնանկ է արվել: