17.11.2017 12:45

Առաքել Թավրիզյան. Քոչարյանի Շավարշը

Առաքել Թավրիզյան. Քոչարյանի Շավարշը
Լուսանկարը՝ ArmenPress-ի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատարարություն են տարածել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն ձեռք է բերվել: Դա տեղի կունենա դեկտեմբերին Վիեննայում:

Միջնորդներն ասել են, որ իրենք կնախապատրաստեն Նալբանդյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգը: Այն կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ եւ շփման գծում իրավիճակի թուլացմանն ուղղված հարցեր:

Տրամաբանական է թվում, որ ղարաբաղյան կարգավորումը մտնում է ինտենսիվ բանակցությունների փուլ, քանի որ առաջին պլանում դիտարկվում են քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցերը, իսկ դրան զուգահեռ՝ նաեւ քննարկվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: Այս հարցում Ադրբեջանը վաղուց է համաձայնություն տվել, բայց պնդում է, որ դիտորդները պետք է լինեն ոչ թե շփման գծում, այլ՝ Երեւանում եւ Բաքվում: Ըստ երեւույթին՝ դա լուծելի խնդիր է: Կարեւորը՝ որ բանակցություններն ինտենսիվանում են: Ասել է թե՝ կա կարգավորման հնարավորություն, եւ դիվանագիտությունը փորձում է այն չկորցնել:

Հարցին առնչվող թե պաշտոնատար անձինք, թե փորձագետներն ու վերլուծաբանները զգուշավոր լավատեսություն են արտահայտում:

Այս ֆոնին, սակայն, վերստին աչքի է զարնում փոխարտգործնախարարի պաշտոն զբաղեցնող Քոչարյան Շավարշի հնչեցրած դիսոնանսը: «Պետք է կողմերի միջեւ վստահություն լինի, ինչն էլ, իր հերթին, ենթադրում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պամանավորվածությունների իրականացում: Արդեն քանի տարի է, ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, իրավիճակը նաեւ որոշ առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»- ասել է նա:  

Քոչարյանի Շավարշ տեսակն, ինչպես երեւում է, չի կարողանում հաշտվել իրականության հետ՝ որ Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ միջնորդները լուրջ աշխատանքներ են սկսել, իսկ դա, իր հերթին, պոպուլիստական հայտարարությունների հեղինակների ոտքի տակից հող է փախցնում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից հետո շատ դժվար է հասարակությանը կերակրել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների  «նախապայմանով»: Հասարակությունը տեղեկացվում է, որ Նալբանդյանը եւ Մամեդյարովը քննարկելու են քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր: Դա նշանակում է, որ բանակցություններում մոտենում է որոշումների քննարկումը: Ասել է թե՝ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են մադրիդյան սկզբունքների իրականացման հետ կապված հարցերի շուրջ: Եւ որպեսզի քննարկումները լինեն արդյունավետ, զուգահեռաբար ձեռնարկվում է շփման գծում իրավիճակի կայունացման միջոցառումների պլան: Սա է իրականությունը, որի դեմ Քոչարյան Շավարշին մնում է կամ տեղավորվել դիվանագիտական նոր ձեւակերպումների կոնտեքստում, կամ թողնել պաշտոնը եւ վերստին անցնել ոչմիթիզհողականության շարքերը:

Ի՞նչ է սպասվում նրան՝ արդեն բոլորովին էլ հետաքրքիր չէ: Քոչարյանի Շավարշ տեսակը տարիներ շարունակ արել է իրեն հանձնարարված գործը: Մոտենում են նոր ժամանակներ, ուրվագծվում է բոլորովին այլ իրավիճակ: Գլխավորը ժողովրդի շահն է՝ խաղաղության հեռանկարը, որը մոտեցնելու համար ամեն մեկը պարտավոր է իր ներդրումն անել: Իսկ թե Քոչարյանի Շավարշ տեսակն ինչ կանի՝ իր խնդիրն է: