17.11.2017 13:25

Եվրախորհրդարանը կոչ է անում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ

Եվրախորհրդարանը կոչ է անում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Խորհրդարանի լիագումար նիստում նախօրեին ընդունված բանաձեւն արձանագրում է՝ երկու տարի առաջ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո էական առաջընթաց է արձանագրվել. - «Հայաստանի հետ բանակցությունները խորը եւ համապարփակ գործընկերության պայմանագրի շուրջ ավարտվել են, ինչը հաջող օրինակ է, թե ինչպես կարող են Եվրասիական միությանն անդամակցությունը եւ մասնակցությունը Եվրամիության հարեւանության ծրագրերին համատեղվել»: «Հաշվի առնելով այդ առաջընթացը՝ եվրոպացի պատգամավորները հորդորում են Հայաստանի հետ եւս առանց վիզաների ռեժիմ սահմանել, ինչն արդեն արվել է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ, սակայն վերջնական որոշումը պետք է անդամ երկրներն ու Եվրահանձնաժողովը կայացնեն»,- պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի՝ Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

«Եվրախորհրդարանը Եվրամիության թերեւս առավել առաջադիմական կառույցներից է, որը փորձում է ինչ-որ գաղափարներ առաջ տանել: Նրանք ակնհայտորեն ուզում են Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր սկսել, ինչը բավական ընդարձակ պլան է․ այնտեղ բազմաթիվ կանոններ ու բարեփոխումներ կան, որոնք իրագործելու համար, օրինակ, Վրաստանից պահանջվեց երկու տարի, Ուկրաինայից՝ երկուսուկես: Եվրամիության խորհուրդը, Եվրահանձնաժողովը, անդամ երկրները քննարկում են հարցը, սակայն չեմ կարծում, որ առաջիկա՝ բրյուսելյան գագաթնաժողովում արդեն նրանք Հայաստանին նման արտոնություն կտրամադրեն», - նշում է Բրյուսելում «Ազատության» թղթակիցը: