17.11.2017 14:57

Ինչպես ազատվել «հավերժական» ղեկավարից

Ինչպես ազատվել «հավերժական»  ղեկավարից

Զիմբաբվեի իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպում են ունենալու՝ երկրի ներկայիս նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականի մասին հռչակագրի նախագիծը կազմելու համար: Այս մասին Reuters-ին հայտնել է կուսակցության ներկայացուցիչներից մեկը:

«Հետքայլ չի կարող լինել: Եթե Մուգաբեն ընդդիմանա, ապա մենք կկազմակերպենք նրա հրաժարականը կիրակի օրը: Երբ ամեն բան արդեն պատրաստ լինի, երեքշաբթի օրը կսկսենք նրա իմպիչմենտի գործընթացը»,- կուսակցության ներկայացուցչի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը:

Նոյեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Մուգաբեն հրաժարվում է վայր դնել իր լիազորությունները՝ պնդելով, թե պետք է տեղի ունենան կուսակցության ղեկավար կազմի ընտրություններ: Նրա խոսքով, նա իր պաշտոնը կլքի միայն այն դեպքում, եթե պարտվի այդ ընտրություններում, իսկ մինչ այդ ինքը «երկրի միակ լեգիտիմ ղեկավարն է»:

Նոյեմբերի 14-ի երեկոյան երկրի զինված ուժերը մտել են մայրաքաղաք Հարարա եւ գրավել առանցքային կառույցները, հաջորդ օրը նրանք կալանավորել են նախագահ Մուգաբեին ու նրա կնոջը, ինչպես նաեւ մի քանի առանցքային պաշտոնյաների: Զինվորականները հայտարարել են, որ տեղի ունեցածը ոչ թե ռազմական հեղաշրջում է, այլ՝ «անարյուն շտկում»:

Հիշեցնենք, որ 93-ամյա Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1980 թվականից: Նա բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել երկիրը՝ մինչեւ մահանա: