17.11.2017 15:54

Իրաքի զորքերը ԻՊ-ից ազատագրել են Ռավան

Իրաքի զորքերը ԻՊ-ից ազատագրել են Ռավան

Իրաքի կառավարական զորքերը Իսլամական  պետության ահաբեկիչների վերահսկողությունից ազատագրել են Ռավա քաղաքը: Ռավան փոքր քաղաք է՝ տեղակայված Սիրիայի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա: Գրոհը սկսվել է մի քանի օր առաջ, այն ժամանակ կառավարական զորքերը ակնկալում էին, որ ազատագրումը շատ արագ կլինի, քանի որ ահաբեկիչներից շատերը փախուստի էին դիմել դեպի Սիրիա:

Նշվում է, որ Ռավան վերջին քաղաքն էր Իրաքում, որը մնացել էր ԻՊ վերահսկողության տակ, եւ որը պետք էր ազատագրել: Սակայն մարտերից հետո պարզ դարձավ, որ ԻՊ հետ մարտերն արդեն այլ տեսք են ստանալու. դրանք, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն անապատային գոտիներ, ինչպես նաեւ կվարվեն պարտիզանական մարտեր սարերում:

Նոյեմբերի 3-ին իրաքյան զորքն ազատագրել էր Սիրիայի սահմանին գտնվող Էլ-Քաիմ բնակավայրը, ինչից հետո միայն նրանք ընդհուպ մոտեցան Ռավային:

Հիշեցնենք, որ զուգահեռաբար սիրիական կառավարական զորքերը գրոհել են ԻՊ գրոհայինների վերջին բաստիոնը հանդիսացող Աբու-Քամալ քաղաքը: