17.11.2017 23:12

Վահագն Խաչատրյան. Բյուջե-2018-ը հայաստանցու կենսամակարդակի վրա բացասաբար է ազդելու

Վահագն Խաչատրյան. Բյուջե-2018-ը հայաստանցու կենսամակարդակի վրա բացասաբար է ազդելու

iLur.am-ը Աժ-ում քննարկվող բյուջեի նախագծի, Հայաստանում ներդրումային միջավայրի եւ կառավարության տնտեսական գործունեության շուրջ զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

Սովորաբար, բյուջեն ներկայացնելիս, Կառավարությունը դրան ինչ-որ անուն է տալիս՝ սոցիալական բյուջե, կոշտ բյուջե, զարգացման բյուջե եւ այլն: Ինչպիսի՞ն է 2018-ի բյուջեն, ըստ Ձեզ:

Համենայնդեպս, առաջին տպավորությունն այս բյուջեից այն է, որ սոցիալական ծախսերը կրճատվել են, կրթությանը նույնպես, եւ սա հենց առիթ դարձավ քննարկումների ժամանակ հարցնելու, թե ինչպիսի բյուջե է 2018-ինը: Կառավարության պատասխանից հետեւում է, որ սա, իրենց կարծիքով, կայունության բյուջե է, որը հետագայում հիմք կհանդիսանա տնտեսական աճի, որովհետեւ նրանք հիմա ըստ էության ամբողջությամբ փոխում են բյուջեի տրամաբանությունը. եթե նախկինում ընթացիկ ծախսեր հասկացության տակ անընդհատ աճ էր նախատեսվում, ապա այս բյուջեում ընթացիկ ծախսերը կրճատվում են, փոխարենն ավելացվում են կապիտալ ծախսերը: Այլ կերպ ասած, սա զարգացման նախադրյալներ ստեղծող բյուջե է, այն հույսով, որ 18-ին ներդրումներ են կատարվելու, եւ այդ ներդրումների մեջ մեծ մասնակցություն է ունենալու ինքը՝ կառավարությունը: Եվ սա, իբր, հնարավորություն կտա 2019-20 թվականներին ապահովելու տնտեսական աճ: Սա կառավարության բացատրությունն է: Ինչքանո՞վ կարող ենք մենք համաձայնվել դրա հետ կամ ոչ՝ այլ հարց է: Իրականում, մենք մեկ տարուց ավելի ունենք  նոր կառավարություն, եւ իր գործունեության առաջին իսկ օրվանից կառավարությունը հայտարարում էր, որ իր համար ամենակարեւորը ներդրումներն են: Վարչապետն առաջին հերթին ախտորոշում տվեց, որ մենք գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում (չնայած, չգիտես ինչու,  մինչ այդ, մինչեւ 2016-ի սեպտեմբերը այդպիսի գնահատական տալու առիթ չկար, 16 թվի համար խոստանում էին 3,5 տոկոս աճ), եւ որ այս վիճակից դուրս գալու ելքը ներդրումներ ապահովելն է: Մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ ըստ էության ոչինչ չի փոխվել, որովհետեւ ներդրումները միայն «զբաղվելով» չի լինում, ներդրումները լինում են միջավայր ստեղծելով, իսկ միջավայրը ստեղծվում է ոչ միայն օրենքներ ընդունելով, այլեւ երկրում քաղաքական, սոցիալական վիճակը, մարդկանց տրամադրությունները փոխելու միջոցով: Հիմա, այս բյուջեով նրանք ասում են՝ գիտեք ինչ, մենք աշխատավարձ չենք բարձրացնում, թոշակներ չենք բարձրացնում, ընթացիկ ծախսերը քչացնում ենք, կարճ ասած՝ գոտիներդ ձգեք եւ սպասեք. 18 թվականն էլ այսպիսին կլինի, բայց այ 19-ից սկսած միանգամից լավ ենք ապրելու: Դրանից հետո, երբ գնահատական տվեցինք, որ այս բյուջեի համաձայն, ՀՀ քաղաքացիները մյուս տարի ավել վատ են ապրելու, չգիտես ինչու չհամաձայնեցին: Բայց զուտ մասնագիտական առումով տեսանելի է՝ եթե աշխատավարձերը չեն ավելանում, եթե լինի միայն 1,5-2 տոկոսի գնաճ (բյուջեով կանխատեսված է 4+/-1,5%), դա նշանակում է ռեալ եկամուտների անկում: Պետք է ազնիվ լինել եւ ասել, որ այս բյուջեն հայաստանցու կենսամակարդակի վրա բացասաբար է ազդելու, մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել:

Երկրորդը՝ բյուջեն ֆիքսում է, որ երկիրը հայտնվել է լուրջ ֆինանսական վիճակի մեջ: Դա երեւում է պետական պարտքի սպասարկման գումարներից, որովհետեւ պետական պարտքի սպասարկումը հասել է բյուջետային ծախսերի 10%-ին: Սպասվում է, որ 2020-ին լինելու է 30 տոկոսի սահմաններում:

Երրորդը. առողջապահությանը հասանելիք ծախսերի էական կրճատում՝ 7,23 տոկոսով, ինչն անհանգստացնող թիվ է: Անընդունելի է, երբ ընթացիկ ծախսերը կրճատվում են, փոխարենը մեծացվում են կապիտալ ծախսերը, բայց սա արվում է առողջապահության եւ կրթության հաշվին: Առավելեւս, մեր նման երկրում, որտեղ խնդիր ունենք այդ ծառայությունների որակի առումով:  Այս առումով մի կարեւոր հանգամանք էլ կա. եթե սոցիալական եւ պաշտպանական ծախսերը հավելյալ արժեք չեն ստեղծում, ապա կրթությունն ու առողջապահությունը ստեղծում են: Եվ եթե մենք խնայողություն ենք անում այս համակարգում, հետագայում շատ ավելի մեծ ներդրումներ անելով գուցե չկարողանանք վերականգնել այս բացթողումը: Եվ սա շատ անհանգտացնող է, մանավանդ, որ սրա պատշաճ հիմնավորումը չի տրվում: Առանձին նշենք, որ ֆինանսավորման որեւէ ավելացում չի նախատեսվում նաեւ գիտության ոլորտում, որտեղ ներկա պահին ֆինանսավորումը ՀՆԱ 0,25 տոկոսն է կազմում: Այն դեպքում, երբ Ադրբեջանում 0,6, Վրաստանում՝ 0,45, Իսրայելում, որի հետ շատ ենք սիրում համեմատվել, 3 տոկոս: Այսինքն, եթե մենք գիտությանը տալիս ենք 0,25%, չգիտեմ, թե ինչու ենք ակնկալում, որ ավելի լավ արդյունքներ կունենանք, քան նշված երկրները: Ամեն դեպքում, երբ ծանոթանում ես այս տվյալներին, հասկանում ես, որ իշխանությունն իրականում շահագրգռված չէ բնագավառի զարգացմամբ, նրանց կարծես թե ազատ մտածող, ինտելեկտուալ մարդիկ պետք չեն, եւ այս վերջին իրադարձություններն էլ, կարծես, դրա ապացույցն են:

Միեւնույն ժամանակ, պետական ապարատի պահպանման ծախսերն աճել են 24,9 տոկոսով: Դա այն դեպքում, երբ գործող կառավարությունը, պաշտոնավարումից ի վեր հայտարարում է պետական ապարատի օպտիմալացման, կրճատումների մասին: Ինչպե՞ս բացատրել այս հակասությունը:

Եթե դրա մեջ նայեք առանձին հոդվածները, կտեսնեք, որ ավելացել են արտասահմանյան գործուղումների ծախսերը, այդ թվում նաեւ՝ աշխատավարձերի աճ կա: Միեւնույն ժամանակ, ինչպես նշեցիք, եղել է ծառայողների կրճատում՝ շուրջ 8500 մարդ: Թեեւ այստեղ հարց  է առաջանում՝ կրճատվել են հաստիքնե՞րը, թե իրական մարդիկ: Այս հարցը բացատրութան կարիք ունի: Պրակտիկան հետեւյալն է. կա հաստիք, որը բյուջեում նախատեսված է, հաստիքի վրա մարդ չի ընդունվում, եռամսյակային հաշվետվություններում նշվում է, որ տեղի է ունեցել միջոցների խնայողություն, եւ դա հնարավորություն է տալիս բարձրացնել «աշխատող» հաստիքների աշխատավարձերը: Սա ընդունված պրակտիկա է:

Ուշագրավ է նաեւ, որ նկատելիորեն ավելացել է պաշտպանության ոլորտի վրա արվելիք ծախսերի գումարը:  Սա ինչպե՞ս կգնահատեք:

Պաշտպանության ծախսերը ավելացվել են 15 տոկոսով կամ 37 միլիարդ դրամով: Կառավարությունում սրանով շեշտում են, որ անվտանգության հարցը առաջնային է: Սա էլ կարելի է համարել բյուջեի առանձնահատկություններից մեկը, որովհետեւ տարիներ շարունակ պաշտպանության բյուջեն նույն թվի վրա էր մնում: Ընդհանուր առմամբ, իհարկե, վատ է, որ գոյություն ունի կոնֆլիկտ, եւ գրեթե ոչինչ չի արվում դրա լուծման ուղղությամբ: Բայց առկա իրողության պայմաններում գոնե լավ է, որ պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելացվում են: Ամեն դեպքում, ես չէի ուզենա, որ բանակին ավելի շատ ուշադրություն դարձվեր, քան առողջապահությանը կամ կրթությանը: Տարբեր չափանիշներով 30-75 տոկոս աղքատություն ունեցող երկրում, չեմ կարծում, որ սոցիալական քաղաքականությունը չպետք է առաջնահերթություն լինի:

Ընդհանուր առմամբ, բյուջեն չի լուծում աշխատատեղերի հարցը. գործազրկությունը 18 տոկոսից չի իջնում արդեն տասնյակ տարիներ: Սա դեգրադացնում  է հասարակությանը,  եւ աշխատանքային ռեսուրսներն այս պայմաններում որակազրկվում են: Բյուջեն այս հարցը չի լուծում: Բյուջեն չի լուծում աղքատության խնդիրը, ժողովրդագրության խնդիրը: Սրանք երեք հիմնական մարտահրավերներն են, եւ սա ոչ միայն իմ եւ իմ համախոհների տեսակետն է, այլեւ միջազգային բոլոր փաստաթղթերում է նշվում որպես Հայաստանի կարեւորագույն մարտահրավեր: Պետք է հասկանալ, որ միայն բյուջեի սղաճի եւ հավասարակշռվածության հարցը չէ, որ կարեւոր է: Ասում են՝ իբր բյուջեն առաջին հերթին կայունության հարցն է լուծում: Բայց այսպիսի կայունությունը մեզ դեպի կործանում  է տանում: Ինչպես ասում են, ճահճում էլ է կայուն: Բացառվում է, որ տարեկան 4,3-4,4% աճով մենք կարողանանք երկարաժամկետ կայուն զարգացում ապահովել: Դրա համար հարկավոր է շատ ավելի լուրջ տնտեսական աճ: Եվ, ինչպես տեսնում ենք, նման լուրջ աճ պետք չէ ակնկալել առաջիկա 2-3 տարիներին: Ինչո՞ւ եմ վստահ։ Որովհետեւ երբ նույնիսկ խոսում ենք կայունության եւ ներդրումների մասին, պետք է հաշվի առնենք կապիտալ ներդրումների եւ ՀՆԱ հարաբերակցությունը: Հիմա դա 18,1-18,3 տոկոսի շրջանակներում է, բայց եթե նորմալ զարգացում ենք ուզում, պետք է լինի առնվազն 25 տոկոսի վրա: Ի դեպ, 2004-07 թվականներին այս թիվը հասնում էր 40 տոկոսի: Ընդհանուր առմամբ, այս բյուջեն ընդամենը տեխնիկական հարց է լուծում՝ եղած ֆինանսական ռեսուրսները բաշխել հետեւյալ կերպ:

Կրկին վերադառնանք ներդրումներին: Վարչապետ Կարապետյանը տարեմուտին խոսում էր $850 մլն ներդրումների մասին, հետո պարզվեց, որ այդ թվի մեջ մտնելու են ոչ միայն ուղղակի ներդրումները, այլեւ ամեն ինչ՝ կառավարության ծախսերը, վարկային ներդրումները եւ այլն:

Այո, տարօրինակ մոտեցում է: Ոչ ոք չէր մտածում, որ ներդրումները կարելի էր այդպես հաշվարկել:

Մյուս կողմից էլ բառացիորեն մի քանի օր առաջ «Տաշիր գրուպի» ներկայացուցիչն ասաց, որ հաջորդ տարի Հայաստանում էներգետիկայի ոլորտում 1 մլրդ դոլարի ներդրում է անելու: Արդյո՞ք այս թիվը արտացոլվում է տնտեսական աճի հեռանկարներում:

Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտում 1 մլրդի ներդրմանը. թող ինձ ներեն, բայց դա պարզ խաբեություն է, շատ պարզունակ: Նույն ՀԷՑ-ը, որի սեփականատերը դարձավ «Տաշիրը», այս տարվա գարնանը ՀԾԿՀ-ի հետ կնքեց պայմանագիր սակագնի ձեւավորման մասին: Մեզ մոտ սակագնի ձեւավորման հիմքում դրված է ծախսը: Այսինքն, որքան շատ ես ծախս անում, այնքան մեծանում է շահութաբերությունը: Շահութաբերության տոկոսը հաշվվում է ակտիվներից ելնելով: Իսկ ակտիվների մեջ մտնում են ներդրումները: Այսինքն, դուք ինչքան շատ ծախս, ներդրում եք անում, այնքան  շահութաբերությունը մեծանում է: Դրված է 11% շահութաբերության նորմա, եւ ստանում եք ավելի մեծ գումար: Սա սովետական ծախսային տնտեսության սկզբունքն է: Կա երկրորդ մոտեցումը, երբ շահութաբերությունը հաշվարկվում է ըստ հասույթի, այսինքն, ծախսերը հանած: Մենք դա չենք կիրառում: Եթե մենք այդ սկզբունքը կիրառեինք, Հանրային ծառայություն մատուցող ընկերությունը պետք է մտածեր՝ ներդրում անու՞մ է, թե ոչ, արված ներդրումը որքա՞ն է իրեն հասույթ տալու: Քանի որ մեզ մոտ կիրառվում է առաջին սկզբունքը, ապա յուրաքանչյուր կազմակերպություն՝ լինի դա Գազպրոմը, ՀԷՑ-ը, ջրմուղը թե բջջային օպերատորները, իրենց տնտեսակնա գործունեությունն ապահովելու համար անընդհատ ներդրումներ են անում, եւ այդ նույն շարքից է նաեւ ՀԷՑ-ի խոստացած «ներդրումը»: Այստեղ արտառոց բան չկա:

Եթե սա ռեալ ներդրում լիներ, էական փոփոխություններ տեղի կունենային նույն ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցության մեջ: Բայց դա բյուջեում չի երեւում: Նույն 850 միլիոնի մասին խոսակցություններին ի պատասխան ԱՎԾ-ն ցույց է տալիս, որ ոչ միայն ռեալ ներդրումների նման աճ չունենք, այլեւ կապիտալի արտահոսք կա: Ինչ վերաբերում է ներդրումների հաշվարկման նոր մեթոդոլոգիային, ապա դա կարելի է համարել Կարեն Կարապետյանի կառավարության know how-ն: Եթե այս մեթոդը կիրառեինք նախորդ կառավարությունների ներդրումային գնահատականները տալու համար, թվերը շատ ավելի տպավորիչ կլինեին: Սա ուղղակի միջոց է ցույց տալու, թե իբր իրենք խոսքի տերն են եւ բերել են այդքան ներդրումը: Իրականում՝ չեն կարողացել եւ չէին էլ կարողանալու, որովհետեւ Հայաստանում այնպիսի էական փոփոխություն տեղի չի ունեցել, որը ներդրումային նման հոսքի նախադրյալներ կստեղծեր: Որովհետեւ մեզ մոտ հարցի լուծումը տնտեսական դաշտում չէ, այլ քաղաքական դաշտում: Իսկ քաղաքական դաշտում մեզ մոտ որեւէ նոր բան տեղի չի ունեցել: Ընդհակառակը, ներդրումային մթնոլորտի առումով բացասական իրավիճակ է ստեղծվել: Որովհետեւ եթե մինչ այս գալիս էին նոր կառավարություններ, նոր դեմքեր, ու նրանց հետ որոշակի շրջանակներ ինչ-ինչ հույսեր էին կապում, ապա հիմա, առավել քան երբեւէ պարզ է դառնում, որ ի վերջո, բոլոր կառավարությունները ՀՀԿ-ինն են: Ինչքան էլ մի գիշերվա մեջ տասնյակ հազարավոր էներգետիկներ ոգեշնչվեն ՀՀԿ-ի գաղափարախոսությամբ ու ընդունվեն այդ կուսակցության շարքերը, նման հնարքները պահի թելադրանքով արված լուծումներ են, որոնք ընդհանուր առմամբ բացասական անդրադարձան ներդրումային միջավայրի վրա: