18.11.2017 23:32

«Ման. Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 4:1. տանտերերը վստահ հաղթանակ տարան (տեսանյութ)

«Ման. Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 4:1. տանտերերը վստահ հաղթանակ տարան (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Նյուքասլ»-ին և վստահ հաղթանակ տարավ:

Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը չէր ընդգրկվել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակում, փոխարենը մեկնարկային կազմում դաշտ էր դուրս եկել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 12 խաղերը:

Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Նյուքասլը», սակայն առաջին խաղակսում դաշտի տերերը ոչ միայն խփեցին պատասխան գոլը, այլեւ առաջ անցան հաշվի մեջ: 37-րդ րոպեին Պոլ Պոգբայի փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը՝ դարձյալ աչքի ընկնելով գլխի հարվածով:

Ընդմիջումից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը խփեց եւս 2 գոլ: Պոգբան գոլային փոխանցմանը գումարեց նաեւ գոլ, իսկ խաղի վերջակետը 70-րդ րոպեին դրեց բելգիացի հարձակվող Ռոմալու Լուկակուն, որը Պրեմյեր լիգայում նախորդ անգամ գոլի հեղինակ դարձել էր սեպտեմբերի 30-ին:

77-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: 36-ամյա Իբրահիմովիչը խաղադաշտից բացակայում էր ապրիլից, երբ ստացել էր ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք: Նախապես նշվում էր, որ նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին:

Մինչեւ այս խաղը «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միակ թիմն էր, որն այս մրցաշրջանում գոլ բաց չէր թողել տնային խաղերում:

Այս հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբը շրջանցեց Լոնդոնի «Չելսիին» եւ 26 միավորով վերադարձավ երկրորդ տեղ: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 34 միավոր:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 4:1

Անտոնի Մարտիալ, 37, Քրիս Սմոլինգ, 45+1, Պոլ Պոգբա, 54, Ռոմելու Լուկակու, 70 – Դուայթ Գեյլ, 14

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Վիկտոր Լինդելյոֆ, Քրիս Սմոլինգ,  Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա (Մարուան Ֆելաինի, 70), Խուան Մատա (Անդեր Հերերա, 83), Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ (Անտոնի Մարտիալ, 77), Ռոմելու Լուկակու: